top of page

Ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն ուզում փակել Մեծամորի ատոմակայանը՝ փոխարենն ամերիկյան ատոմակայան կառուցելու համար

7 июл. 2024 г.
2 мин. чтения

7 հուլիսի, 2024



Ի՞նչ ատոմակայան կկառուցվի Հայաստանում փոխարինելու Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկը։ Մինչ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է՝ Միացյալ Նահանգների հետ սկսել են առարկայական քննարկումներ, մասնագիտական հանձնաժողովից տեղեկացնում են, որ սեղանին դրված մի քանի նախագծերի վերջնական գնահատումն ավարտված չէ։


«Ուշ աշնանը մենք կունենանք նախնական հաշվետվությունը, և արդեն գարնանը կառավարության սեղանին կդրվի որոշում կայացնելու համար պիտանի տեխնիկական նյութ, որի հիման վրա արդեն կառավարությունն իր որոշումը կկայացնի: Բայց հասկանալի է, որ կառավարությունը ոչ միայն տեխնիկական նկատառումներով է առաջնորդում, այլև գոյություն ունի ազգային անվտանգության բաղադրիչ, երկարաժամկետ առումով Հայաստանի զարգացման ռազմավարություն և այլն», - ասաց Հայաստանում գործող մասնագիտական հանձնաժողովի անդամ Սուրեն Բզնունին:


Հայաստանում գործող մասնագիտական հանձնաժողովը, օգտվելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մեթոդաբանությունից, այժմ գնահատում է մի քանի երկրների առաջարկներ, այդ թվում, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի։ Հանձնաժողովի անդամ Սուրեն Բզնունու խոսքով՝ գնահատման հիմքում տեխնիկական, անվտանգային տնտեսական ու այլ չափանիշներ են։


«Կլինի վերջնական հաշվետվությունը, որը կներկայացնի հնարավոր բոլոր տեխնոլոգիաների դրական և համեմատաբար բացասական կողմերը Հայաստանի տեսանկյունից, ու ըստ դրա արդեն կառավարությունը կկարողանա որպես քաղաքական մարմին, հիմնվելով ներկայացված տեխնիկական որակյալ նյութի վրա, կայացնել որոշում», - ընդգծեց Բզնունին:


Մինչ հանձնաժողովը շարունակում է աշխատել գնահատման վրա, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս ասել է, որ Երևանը Վաշինգտոնի հետ քննարկում է իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցեր


«Այսինքն, առանց այդ իրավապայմանագրային դաշտի մենք չենք կարող առաջ ընթանալ: Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է: Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի ներհամակարգային պրոցեդուրաներն անցնեն, այնուհետև մենք սկսենք աշխատել», - նշել է Գրիգորյանը։


Արդյո՞ք Երևանն արդեն կատարել է ընտրությունը


Արդյո՞ք Երևանն արդեն կատարել է ընտրությունը, մերժել մյուս առաջարկները ու ցանկանում է առաջ շարժվել ամերիկյան կողմի առաջարկն ընդունելով։ Հարցի պատասխանը կառավարությունից չհաջողվեց ստանալ, սակայն մասնագիտական հանձնաժողովի անդամի խոսքով, վաղ է նման եզրահանգման գալու համար և ամենայն հավանականությամբ Երևանն առայժմ փորձում է նախ իրավական հիմքեր ստեղծել Վաշինգտոնի հետ համագործակցելու համար։


«Ռուսաստանի հետ որևէ խոչընդոտ չունենք իրավապայմանագրային տեսանկյունից, Չինաստանի հետ էլ կարծեմ խոչընդոտ չունենք, բայց Միացյալ Նահանգների ու Կորեայի հետ.... ենթադրում եմ, Կորեայի հետ կունենանք, որովհետև Կորեան օգտագործում է ամերիկյան տեխնոլոգիաներ: Որպեսզի իրանք կարողանան դա Հայաստանին տրամադրել, պետք է մենք ունենանք 1, 2, 3 համաձայնագիրը: Ընդ որում՝ 1, 2, 3 համաձայնագիրը հսկայական դռներ է բացում Հայաստանի առջև՝ բերել այս պահին աշխարհի լավագույն տեխնոլոգիաները Հայաստան և բերել դրա հետ կապված գիտելիքը», - նշեց Սուրեն Բզնունին:


Միացյալ Նահանգների՝ Ատոմային էներգիայի մասին 70 տարի առաջ ընդունված ակտի միջուկային խաղաղ համագործակցությանը վերաբերող բաժնի համաձայն ԱՄՆ-ն չի կարող որևէ երկրի փոխանցել միջուկային էներգետիկային վերաբերող գիտելիք կամ սարքավորումներ առանց հատուկ համաձայնագրի, Վաշինգտոնը մինչ օրս նման համաձայնագրերով միջուկային հարցերում համագործակցում է ավելի քան 4 տասնյակ երկրների հետ։


Ըստ պետդեպարտամենտի կայքի՝ կնքված համաձայնագրերը «գործընկերներին թույլ են տալիս օգտվել Միացյալ Նահանգների միջուկային էներգիայի, գիտության և տեխնոլոգիայի խաղաղ օգտագործման առավելություններից»:


«Դա նշանակում է, որ ամերիկյան որևէ տեխնոլոգիա մենք Հայաստան չենք կարող բերել, հետևաբար մենք պետք է այս խոչընդոտն ապահովենք, Հայաստանում այս գործընթացն ավարտվել է ու ներկայումս Միացյալ Նահանգներում ներպետական համաձայնեցման փուլում է գտնվում: Այդ իմաստով է, որ պարոն Գրիգորյանն ասել է, որ գնդակն ամերիկյան կողմի դաշտում է և շատ մեղմ կերպով կոչ է արել ամերիկյան գործընկերներին ավելի աշխույժ կերպով իրականացնել Ամերիկայում ներպետական համաձայնեցման գործընթացը», - ասաց Բզնունին:


Մինչ այդ, Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման՝ ևս մի անգամ երկարաձգված ժամկետի լրանալուն մնացել է 12 տարի, լրացուցիչ ժամանակահատվածում շահագործումն իրականացնելու գործը Հայաստանը վստահել է ռուսական «Ռուսատոմ»- ին։ Իսկ նոր ատոմակայանի ծրագրման ու կառուցման համար, մասնագետների խոսքով, առնվազն մեկ տասնամյակ է անհրաժեշտ, ու ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page