top of page

Մենք ապրելու իրավունք ունենք...

15.01.2020

Ադրբեջանական կողմի սադրանքները՝ Արցախում կրակոցների տեսքով, նպատակ են հետապնդում վախ տարածել հայկական բնակավայրերում։ Lragir.am-ի հետ զրույցում Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ չի բացառվում՝ նպատակ կա հայաթափել Արցախի համայնքները։


«Երևի իրենք չեն հայտարարում, բայց աշխատում են այդ ուղղությամբ։ Կարող է ասեն՝ հա մենք ձեզ հետ ենք ամեն ինչով, բայց աշխատեն ներքին կարգով, որ մեզ դուրս հանեն։ Մեզ մոտ հիմնականում հանգիստ է, մեկ-մեկ լինում են խախտումներ, երևի հաղթական կողմ է համարում ինքն իրեն ազերին։ Դա նորություն չէ, մեր բնակավայրերն արդեն լքված են։ Մենք էլ ապրելու իրավունք ունենք և չենք ուզում լքել մեր տները։ Կարող են ավելի շատ խախտումներ լինել, նաև վախ ու սարսափ կարող է տարածվել, բայց մենք չենք էլ մտածում վախի մասին։ Մենք տեսել ենք իրենց վայրենությունները։ Մեզ մոտ դա հակառակ էֆեկտ է տվել՝ պայքարի ու գոյատևման սկզբունք։ Մենք խաղաղասեր ենք, ապրելու իրավունք ունենք մեր հողում»,- ասաց Անդրանիկ Չավուշյանը։ Նշենք, որ օրերս Շուշիից կրակոցների հետևանքով Արցախում հայ զինծառայող էր վիրավորվել։ Արցախի տարբեր բնակավայրերի բնակիչները վերջին շրջանում նաև տեղեկացնում են, որ ադրբեջանցիները կրակոցներ են արձակում, հիմնակում օդ են կրակում։ Անդրանիկ Չավուշյանը նշեց, որ չի կարող 100 տոկոսանց խաղաղություն լինել այս իրավիճակում։ «Եթե մեր աչքի առաջ իմացյալ մահ է, մենք կմեռնենք։ Մենք ապրելու իրավունք ունենք, ոչ մի ուժ չի կարա մեզ կապի այդ պայմանագրի հետ։ Մենք ասում ենք՝ թող մեզ հետ քննարկեին այդ հարցը, կամ մեր կարծիքը հաշվի առնեին, առանց մեզ որոշումներ չկայացնեին։ Ավելի լավ է բոլորով շարունակենք պայքարել ու զոհվել, քան ենթակա ապրել։ Մենք լավատես ենք, ունենք աշխատանք ու դա անում ենք»,- ասաց նա։

Չավուշյանը նշեց, որ Աղավնոյում համեմատաբար անվտանգ է, մարդիկ վերադառնում են գյուղ։ «Դպրոցն ենք վերակառուցել, վնասված էր, արդեն 4 օր է՝ երեխեքը հաճախում են։ Եղել են մարդիկ, որ վերադարձել են գյուղ, մի քիչ դանդաղ ընթացքով, բայց վերադառնում են։ Կան մարդիկ, որ միայնակ են եկել, կան, որ ընտանիքներով են եկել։ Բայց գալու են մարդիկ, մի 25 ընտանիք եղանք արդեն, որոնց թվում նաև անհատներ են։ Շատանում ենք»,- ասաց նա։

Համայնքի բնակիչները, նրա խոսքով, նույնպես մտածում են, որ չպետք է լքեն գյուղը։ «Մարդը իր տունը պահում է, չի ուզում լքել։ Մի քիչ եթե հստականա այս քաղաքական վիճակը, ավելի լավ կլինի։ Չգիտենք, թե հետագայում ինչ է սպասվում, բայց առօրյայի մասին ենք մտածում։ Եթե փորձեն մտնել համայնք, չգիտեմ, բայց դա արդեն մեր խնդիրը չէ, ռուսը պետք է պատասխան տա։ Մենք բոլոր պայմանները ուզենք-չուզենք պահում ենք, ինքն էլ իր հասանելիքը պետք է անի՝ որպես խաղաղապահ։ Բոլոր կողմերը պետք է պահեն իրենց հասանելիքը, եռակողմ է, մենք պահում ենք։ Մնում է ադրբեջանական կողմն էլ պահի, ռուսն էլ հակակշիռ լինի այդ ամենին»,- հավելեց նա։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page