top of page

Արցախը պիտի մե՛րը լինի, մե՛րը

23.07.2022

Մեր իրավաբան հարեւանը բանալին մի քանի անգամ կողպեքի մեջ արագ-արագ պտտեց ու ներս մտավ: Երկու րոպե անց դուրս եկավ տնից: Բակում նրան սպասում էին մեր շենքի մյուս տղամարդիկ:


Ցույցի էին գնում՝ Թատերական հրապարակ: Իսկ մենք՝ երեխաներս, բակով մեկ ձայններս գցած, շենքի շուրջը պտույտ անելով, գոռում էինք՝


Ղարաբաղը մերն է,

Բայց թուրքերի ձեռն է,

Հելնեմ Մասիսի գագաթին,

Թքեմ թուրքի ճակատին:


Ինքներս էլ չէինք հասկանում՝ ինչ ենք ասում, որտեղի՞ց էինք լսել հանգավորված տողերը: Բայց կոկորդ պատռելով՝ գոռում էինք, իսկ կանայք մեզ քաջալերում էին ու ավելի բարձր գոռացողին կոնֆետներ տալիս:


Երեկոյան ամբողջ շենքը հեռուստացույցով նույն ալիքի նույն հաղորդումն էր նայում՝ «Լուրեր»: Էկրանին «սովետի քարտեզը» ճակատին Գորբաչովն էր, ամբիոնից ելույթ էին ունենում մտավորականները՝ Հենրիկ Իգիթյանը, Սիլվա Կապուտիկյանը, Ռաֆայել Իշխանյանը: Մեր հարեւաններն առանձնհատուկ վերաբերմունք ունեին Խաչիկ Ստամբոլցյանի նկատմամբ: Նրան պաշտամունքի առարկա էին դարձրել: Միայն Էլմիրա տատին էր էկրանին չանչ անում ու փսփսում՝ փռչոտ, քո խաղերը հետո ենք իմանալու:


Կարճ ժամանակ անց ամբողջ շենքին, թաղին հեռուստաէկրանների առաջ էր հավաքում Վազգեն Սարգսյանը: Նրա մարտակոչից հետո մեր շենքի տղամարդիկ ավելի էին ոգեւորվել, քաղաքական վերլուծություններից անցել էին Արցախն ազատագրելու մարտավարական խորհրդավության ու վիճաբանության: Լեռնային ու Դաշտային Արցախների քարտեզները փռում էին մեր բակի՝ թիթեղյա կանաչ կտուրով տաղավարի սեղանին, մատիտը ձեռքներն առնում ու….


Ղարաբաղն ու Ղարաբաղի հարցը մխրճվել էր մեր առօրյա: Դպրոցի դասերի առաջին 20 րոպեն Ղարաբաղի ազտագրմանն էր նվիրվում: Ուսուցիչներն ու աշակերտներս մեր իմացած տեղեկություններով կիսվում էինք, ռուսերեն ու հայերեն հրատարակվող թերթերի հոդվածները բարձրաձայն կարդում, որ բոլորն իմանան՝ ինչ է կատարվում Արցախում, ու ինչ է որոշել քանդվող Կրեմլը:

Մի քիչ էլ անցավ…


13 հարկ ոտքով բարձրացա. լույս չունեինք: Պատուհանից նորից նայեցի մեր փողոցի հեռագրասյուներին կապված սեւ ժապավենին՝ «Արո 25»:


Հայ ժողովուրդն Արցախն էր ազատագրում՝ ամեն օր փողոցներում սեւ ժապավաններ կապելով, մեկը մյուսին գույժ հայտնելով, թե այսինչի տղային էլ փակ դագաղով բերեցին: Մեր տներում մութ էր, մեր ծնողներն ուտելիքի պահարանի դռները վախվխելով էին բաց անում:


Հայրս, չգիտեմ որտեղից, մի պարկ ալյուր բերեց, մայրս անուշաբույր հաց թխեց, երկու օր մեր ամբողջ շենքը որդնած, մկնագույն ու մկնահամ հացի փոխարեն սպիտակ, փրփուր հաց կերավ:


Շենքի տղամարդիկ հավաքվեցին, գնացին Առինջ գյուղ, որտեղ հոսանքը չէր անջատվում՝ սպարապետ Վազգան Սարգսյանի ելույթը լսելու:


Ամբողջ շենքն արթնանում ու քնում էր Արցախն ազատագրելու փափագով: Հարեւաններով մեր տան եղածից կապոց պատրաստեցինք՝ մեջը քիչ թե շատ նոր շորուկոշիկ, պահածոներ, բինտ ու բամբակ, ձվի ու կաթի փոշի, հայրենասիրական երգերի ձայներիզներ, խաղալիքներ, մի քիչ օգտագործած օծանելիք, սիրառատ, հուզառատ նամակներ, եւ ուղարկեցինք Արցախ:


Հայաստանի սահմաններում էլ էր պատերազմ, Արցախում էլ: Շուշին դեռ ազատագրված չէր:


Մեր տանը, բացի 6 հոգանոց մեր ընտանիքից, ապրում էր եւս 3 ընտանիք՝ ռումբերի, «Գրադի» հարվածներից փրկված կանայք ու երեխաներ: Մինչեւ հիմա չեմ կարողացել պարզել, թե մայրս 26 հոգու համար ինչպե՞ս էր ամեն օր կերակուր պատրաստում՝ ժպիտն ու սերը դեմքին: Որտեղի՞ց էր ճարում յուղն ու ձեթը, կարտոֆիլն ու…. միսը:


Նա էլ իր խրամատում էր կռվում, որ Արցախն ազատագրվի:


Մեր շենքի տղամարդկանց սկսեցինք հազվադեպ տեսնել, Արցախ էին գնում, ամիսներով անհետանում, հետո հայտնվում, իրար տուն գնում, մեծ-մեծ պայուսակներ փոխանակում, իրար ականջի փսփսում, շենքի կանանց խիստ հայացքով սաստում, թե՝ ձեր տեղը մնացեք, ոչինչ մի հարցրեք:


Հորեղբորս տարան եռամսյա հավաքների, բայց նա Արցախում մնաց շատ ավելի երկար: Կինն ու երեք երեխաները սկզբի օրերին շվարել էին: Ամիսներ շարունակ՝ ոչ մի լուր նրանից: Չէինք հուսահատվում, հավատում էինք, որ կկռվի, կգա, անպայման կգա, որովհետեւ ողջ մնալով էլ են Արցախն ազատագրում ու հաղթում:

Այդպես էլ եղավ:


Ամեն ընտանիք՝ իր հարեւաններով, հարազատներով, ազգուտակով, աշխատում էր, դեսուդեն ընկնում, որ մի երկու կոպեկ փող տուն տանի, բուհ ընդունվում, սպորտում առաջին տեղը գրավում, «Վարդանանքն» ու «Հայոց բերդը» կարդում, այբուբենը սովորում, մոմի լույսի տակ շոր կարում, նավթավառի վրա տորթ թխում, աղջիկ ու տղա ամուսնացնում, մի հացը 7 տող բաժանում, մի բաժակ շաքարավազով երկու ամիս թեյ խմում, կաթի փոշով մածուն մերում, որ Արցախը մե՛րը լինի:


Ու լսում էինք Վազգեն Սարգսյանի մարտակոչը, հուժկու խոսքը, տեսնում նրա աչքերի կայծը, հաստատակամ հայացքը, որն ասում էր՝ Արցախը պիտի մե՛րը լինի, մե՛րը:


ՆԱԻՐ ՅԱՆ

ԱԶԳ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page