top of page

Կքաղե՞նք մենք դասեր «Սուրմալուի» ողբերգությունից

16.08.2022

Մեզ ուզում են ներշնչել, որ չենք կարող լինել ինքնուրույն, չեք կարող ունենալ պետություն և կառավարել այն, մեզ պետք է ինչ որ վերադաս: Երևանում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո տարաբնույթ տեղեկատվա-քարոզչական նենգափոխումների փորձերի առիթով հաճախ է հնչել այդ գնահատականը, թե ինչու՞ են արվում այդպիսի փորձերը, ո՞րն է դրանց նպատակը: Եվ իսկապես, թերևս բավականին նկատելի է այդ միտումը: Ընդ որում, այստեղ իհարկե հնարավոր է դիտարկել երկու շերտ՝ արտաքին, և ներքին, որոնք հաճախ իհարկե Հայաստանի դեմ խաղում են նաև միանգամայն գործակցված: Հասարակական ապատիայի, անվստահության, բարդույթների խորացումն այդ խաղի առանցքային նպատակներից մեկն է, որը կստեղծի արդեն այլ քաղաքական նպատակների իրագործման պարարտ դաշտ: Սակայն, այստեղ իհարկե գլխավոր հարցը, որ առաջանում է, հետևյալն է. ո՞րն է Հայաստանի պատասխանն այդ խաղին, կամ հանրության պատասխանն այդ խաղին: Իհարկե կարելի է բացահայտել խաղը, մերկացնել այն, դրա մասնակիցներին, սակայն պետք է նաև գիտակցել, որ հասարակական-քաղաքական, պետական կյանքն ու հանրային վարքագիծն ունի իր օրինաչափությունները, որոնք ենթարկվել են տարբեր գիտական ուսումնասիրությունների: Այդ առումով, առանցքային խնդիրն այն է, որ, եթե քեզ ուզում են ներշնչել սեփական ուժերի հանդեպ անվստահության զգացում, դու պետք է ներշնչես ինքդ քեզ ոչ թե հակառակը, այլ շատ հստակ և առարկայական աշխատանքով ու գործով ցույց տաս, որ կարող ես ունենալ պետություն, կառավարել այն արդյունավետ, պաշտպանել այն, զարգացնել, ապահովել հասարակական համերաշխության մթնոլորոտ, իրականացնել ռեֆորմներ, արդիականացում և այլն: «Սուրմալու»-ի ողբերգությունը ևս մեկ մարտահրավեր է հայ հանրությանն այդ հարցում: Ի վիճակի՞ է լինելու Հայաստանն ու նաև Հայաստանի պետականության արժեքի գիտակցումն ունեցող հանրությունը գործնական հետևություններ անել ողբերգությունից, բոլոր առումներով, և կատարել աշխատանք, որի արդյունքը հանրային աչքի և մաշկի համար կլինի լավ իմաստով շոշափելի, երբ Հայաստանում ապրող քաղաքացու, ինչպես նաև երկրի հյուրերի համար տեսանելի կլինի Հայաստանում անվտանգության բոլոր մակարդակների ապահովման որակական աճը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page