29.07.2020
Կան ուժեղ անհատականությամբ եւ վառ տաղանդով օժտված ստեղծագործողներ, որոնց փոթորկալից ներաշխարհն ու հախուռն մուսան միշտ սլանում են առջեւից: Դրանց համընթաց չեն հասցնում ճանապարհ հարթել իրապես արժանի գնահատականն ու համաժողովրդական ճանաչումը:
Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի (1929-1982) արձանները վաղուց ժողովրդական են դարձել, սակայն հեղինակի անունը նոր է բռնել հանրահռչակման ուղին:
Առասպելական հզոր կերպարներ, անաղարտ, ոգեղեն էություն, իրականության բերված հեքիաթային պատկերավորում, գեղագիտական ձեւեր, մասշտաբի, ռիթմի ու ներդաշնակության կատարյալ զգացողություն. այս ամենը շռայլորեն առկա է Նուրիջանյանի ինքնատիպ արվեստում: Եթե դրանց գումարենք նաեւ ազգային ցայտուն դիմագիծըՙ քանդակագործի ստեղծագործական բնութագիրն առավել ամբողջական կդառնա:
Նրա աշխատանքներում կուտակված դինամիզմն ու պոռթկուն տարերքն այնքան տպավորիչ են, որ հայ էպիկական արձանագործության գլուխգործոցըՙ Սասունցի Դավիթը, մի պահ կարելի է պատկերացնել որպես նուրիջանյանական աշխատանք: Իսկապես, Քոչարի ստեղծագործություններում Դավիթն առանձնացող է իրապաշտական էքսպրեսիայի, էսթետիզմի, ուժի եւ շարժման գտնված հարաբերության, ինչպես նաեւ քաղաքային միջավայրում ներդաշնակորեն վայրի արտահայտչականություն մտցնելու առումով: Հերոսական թեմաներով արված Նուրիջանյանի բոլոր աշխատանքներն այդպիսին են: Իր տաղանդի առավելագույն կարողությունները բացահայտվում էին հենց այդ մոտեցումներով աշխատելու դեպքում: Որպես սրտաբուխ արված գաղափարական գործեր դրանցում ձեւավորվել է հեղինակի անհատականությանը բնորոշ սկզբունքային աշխատաոճը:
Քանդակագործի կերտած հերոսները չէին կարող հարմարվել ճարտարապետների կողմից հղկած արհեստական պատվանդաններին: Նրանց հուժկու ոտքերին կարող էր դիմանալ միայն բնական ժայռերի ամրությունն ու տարերային հորինվածքը, որտեղ անմշակ քարերն ընկալվում են իբրեւ քանդակի ամբողջական ու անբաժան կտորներ: Դրանց խորդուբորդ մակերեսներին անկանոն լույս ու ստվերներ գոյացնող եւ սրընթաց շարժումներ գծող, բազմաթիվ «նյարդեր» են անցնում, որոնք լրիվ այլ հոգեվիճակ են արտահայտում, քան երկրաչափական տեսքի բերած եւ նրբագեղ դասական գրերով զարդարված սովորական հարթակները: Կենաց-մահու կռիվ տվող ալեկոծվող հոգիներին առավել հարազատ են այդ ժայռեղեն «նյարդերը», որոնք ամեն անգամ արտահայտվում են յուրովիՙ կրելով որոշակի գործառույթային ու գեղագիտական բեռնվածություն: Մի դեպքում դրանք շեշտում են աղեղնավոր Հայկի բացված ոտքերի դիրքն ու հենման ամրությունը, մեկ այլ դեպքում ձուլվում են մահացու կռվում իրար գրկած վիշապին ու նրան խեղդող Վահագնին, դառնում են ահեղ քարակույտերՙ հերթական ահռելի բեկորը նետող Տորք Անգեղի ոտքերի տակ կամ ցիրուցան են լինում ցլին տապալող Տրդատի շուրջ: Վայրի բնությունն այնքան լավ է հարմարեցված պղնձաձույլ քանդակների ռիթմին, որ նույնիսկ Անդրանիկի կիսանդրու պարագայում հողից հառնող շարժում է զգացվում:
Համաշխարհային քանդակագործության մեջ առաջին անգամ բարդ շարժում արտահայտող լավագույն նմուշները տանում են անտիկ Հունաստան: Միրոնի նշանավոր «Սկավառակ նետողը» երեւի թե ամենաբնորոշն է տվյալ ժամանակների համար, որպես ատլետի քանդակ, որտեղ հատուկ կարեւորվում է թե՛ մարմնի կազմախոսությունը, թե՛ նրա շարժումն արտահայտող ճշգրիտ կառուցվածքը: Դասական այդ մոտեցմամբ շարժում ստանալը շատ ավելի դժվար է, քան մերօրյա վերացական էքսպրեսիայի հնարքներից օգտվելու դեպքում, երբ օժանդակ ռիթմերն ու պատկերավորումներն իրենց անսպառ ձեւերով հարստացնում են արտահայտչականությունը, միեւնույն ժամանակ հաճախ կորցնելով ամենաթանկ բանըՙ ստեղծագործության իրապաշտական ուժը:
Նուրիջանյանի աշխատանքներում այս երկու մոտեցումներն իրենց լավագույն կողմերով համատեղվում են: Նրա ստեղծագործական ներկապնակն ընդգրկում է անտիկ շրջանից մինչեւ նոր ժամանակներն ընկած մեծ դիապազոնը: Դարերի նվաճումները կուտակվում են մի նոր, հայկական ձեռագրի մեջ, որտեղ զարդանախշային մոտիվներն առանձին կտորներով մեջբերումներ չեն, ինչպես իր սերնդակից շատ այլ քանդակագործերի աշխատանքներում: Դրանց բնորոշ երկրաչափականությունը տվյալ դեպքում որոշակի վերացականություն եւ ճկունություն է ստանում եւ իր թաքնված ձեւերով օրգանապես ձուլվում է քանդակի ծավալատարածական ամբողջությանը: Իրապաշտական արձանները ձեռք են բերում հայկական արվեստին բնորոշ դեկորատիվություն: Այդպիսի լուծումներն առավել շռայլ են արտահայտված Հայկի ու Վահագնի քանդակներում, առավել սուղ են Տորք Անգեղի մոտ, մի փոքր ավելի հղումային են Տրդատ արքայի դեպքում, բայց դրանք բոլորն էլ անքակտելիորեն մերված են ընդհանուր հորինվածքին:
Մանրամասություններին տրվելովՙ կարող ենք նկատել, որ Հայկի գլխաշորը տեղ-տեղ նմանվում է ծածանվող կենաց ծառի, իսկ Վահագնի ալիքվող մազերը խաղողի որթի գալարուն ավարտներ են հիշեցնում: Հայկի աղեղնակալն ու Վահագնի ձեռքերում խեղդվող վիշապի թեւերն արդեն ավելի հստակ են պատկերում այդ պատմական զարդամոտիվները, որոնք ոչ միայն դեկորատիվ, կոլորիտաստեղծ բնույթ ունեն, այլեւ աշխատում են որպես էքսպրեսիոնիստական օժանդակ միջոցներՙ շարժումն ավելի արտահայտիչ դարձնելու համար: Շարժմանն են նպաստում նաեւ երբեմն տեղ-տեղ անվախորեն կիրառված համաչափական շեղումները, որոնց ենթարկվում են հատկապես հերոսների ափերն ու բռունցքները: Դրանց մեջ է խտանում ամբողջ մարմնի լարվածությունը, ճիգերից գոյացող սահմանային ուժը:
Նուրիջանյանի հերոսական արձաններն այնքան փոխկապակցված են միանման օրինաչափություններով ու հեղինակային կնիքով, որ չի ստացվում դրանց անդրադառնալ առանձին-առանձին: Այնուամենայնիվ, լուծված են լրիվ տարբեր հորինվածքային խնդիրներ:
Օրինակ, Տրդատ արքայի քանդակում հորինվածքային մեխը ցլամարտիկին բնորոշ կարճ պտուտակաձեւ, դեպի ներքեւ ուղղված շարժումն է: Այնքան թափով ու հմտությամբ է արքան կառավարում մենամարտը, որ ցլի հետեւի ոտքերը հայտնվել են օդում, եւ կարծես լսվում է գետնին զարկվող դիմացի սմբակների տրոփյունը: Ինչպես եւ Վահագնի արձանի պարագայում ուժն այստեղ խտանում է ուղղահայաց իջնող մկանոտ ձեռքի բռունցքում: Միայն թե ռազմի աստվածության ձեռքերն ավելի մեծ են արվածՙ հաստավիզ հրեշին խեղդելու արտահայտչականությունն առավել համոզիչ դարձնելու համար:
Վահագնի արձանին նայելիս ակամայից աղերսները կարող են տանել դեպի Լաոկոոն, թեպետ հակադիր լուծումներ կան այս երկու քանդակներում: Անտիկ վարպետի կերտած քուրմը գերլարված պայքար է մղում, բայց օձի ծանրությունից տանջվելովՙ թե՛ հայացքի, թե՛ շարժման մեջ արդեն մատնում է իր պարտությունը: Նուրիջանյանի ստեղծագործության մեջ Վահագնն իր վերջին հաղթական Ճիգն է գործում, եւ վիշապն արդեն պատրաստ է հառաչանք արձակել:
Ամենածանր պայքարը, ամենուժեղ լարվածությունն ու ամենամեծ ձեռքերը Տորք Անգեղի մոտ են: Ափերն ու մատները միասին վերցրածՙ գլխից ավելի մեծ են այստեղ, բայց կրկին շատ տեղին են, քանի որ արված են դիմակայելու համար աներեւակայելի մեծ ծանրությանը: Հսկան կարծես պայքարում է ոչ միայն թշնամու նավերի, այլեւ ֆիզիկայի օրենքների դեմ եւ հաղթում է դրանց: Իրական օրենքներով մարդկային ոսկորն ուղակի փշուր-փշուր կլիներ նման բեռան տակ: Անգամ նույն խտության նյութով, ասենքՙ քարով, մարդու եւ ժայռաբեկորի ծավալներն իրականացնելու դեպքում ֆիզիկապես դժվար թե հնարավոր լիներ կանգնեցնել նման արձան: Միայն քանդակագործի կախարդիչ տաղանդն է կարողացել սնամեջ պղնձաձույլ ծավալին հաղորդել իրական քարի ծանրություն եւ տակը մաքառող հերոսին օժտել ահռելի տառապանք արտահայտող, միաժամանակ այնպիսի հաղթական շարժմամբ, որը ստիպում է դիտողին ընդունել, որ հսկա քարաբեկորը պատրաստ է նետվելու: Տորքը հետեւի կողմից լրիվ վայրի բնություն է, ամբողջովին աբստրակտ արտահայտչականություն, ամբողջը գերլարվածություն, ոչ մի դիտանկյունից չի թուլանում: Առասպելը հաղթում է իրականությանըՙ դառնալով իրական լեգենդ. այնքան ստացված է պատկերավորումը: Հազիվ թե համաշխարհային քանդակագործության հայտնի նմուշներում նմանատիպ թեմաներով արված մեկ այլ ստեղծագործություն գտնվի, որը կարողանա մրցել նուրիջանյանական տվյալ էքսպրեսիայի հետ:
Այնուամենայնիվ, Հայկի արձանի պարագայում այդ հռչակավոր դասականը կա: Բուրդելի հայտնի Հերակլեսն է, որն ավելի թեթեւ ու ճարպիկ կերպար է: Հայոց Նահապետն ավելի աներեր, հզոր ու հաստատակամ է: Նրա արձակած նետի սլացքին են օժանդակում հորիզոնական ռիթմերըՙ գլխի վերնամասում մի փոքր առաջ եկող սրածայր գլխաշորը, թեքված աղեղնակալը, ձեռքերի եւ իրանի մկաններին արտահայտված ուղղաձիգ ջլատումները: Երկու արձաններից էլ հորդում է անվրեպ կրակոցի տպավորությունը: Հերակլեսը պատկերված է աղեղը ձգելու պահին, Հայկը հենց նոր արձակել է նետը:
Երեւանը զարդարող մեկը մեկից գեղեցիկ, հզոր ու հաղթական նուրիջանյանական արձանների շարքում անհնար է առաջնություն տալ մեկին կամ մյուսին: Այնուամենայնիվ, կարծես թե Վահագնինը գեղագիտական առումով ամենակատարյալն է, Տորքինըՙ ամենահզորը, Հայկինըՙ ամենախրոխտն ու հաղթականը:
Կառլեն Նուրիջանյանի աշխատանքներից կան նաեւ Հայաստանի մարզերում: Հիմնականում մոնումենտալ-դեկորատիվ կոթողներ են, որոնցում գերիշխում են կանանց կերպարները: Հայուհիներն ավելի շատ քարի տեկտոնիկա են արտահայտում, ստատիկ վիճակում են եւ հորինվածքով կարիատիդներ են հիշեցնում: Ամեն մեկը կարծես մի կենաց ծառ լինիՙ կյանքի հավերժությունը խորհրդանշող: Ուշագրավ էՙ որքան քանդակագործի կերտած տղամարդիկ առնական, փոթորկալից ու խռովահույզ են, նույնքան, օջախի պահապան կանայք խաղաղ ու հանդարտ են: Նրանք նույնպես ամրակուռ են, բայց թե՛ արտաքնապես, թե՛ տրամադրությամբ իրենց կնոջական աշխարհում են: Եթե մարմնավորում են հերոսական-ողբերգական որեւե իրադարձության, ինչպես, օրինակ, Գայ գյուղում կանգնեցվածը, արտահայտում են լուռ տխրություն, եթե պատկերված են ոչ ստատիկ վիճակում, ապա միայն նրբագեղ ու հեզաճկուն շարժում են ցուցադրում, ինչպես, օրինակ, Ծաղկաձորում գտնվող «Արեւ պարգեւողը»: Իր նրբագեղ պլաստիկայով հատկապես աչքի է ընկնում Սաթենիկի կերպարը, որը, ցավոք, մեզ է հասել միայն լուսանկարի տեսքով որպես «Արտաշես եւ Սաթենիկ» հորինվածքային քանդակի մի դրվագ: Հաշվի առնելով, որ Նուրիջանյանի կառուցված արձաններն իրականում ավելի հաջողված են, քան դրանց էսքիզները (այնինչ վերջին տասնամյակների քանդակագործության պրակտիկայում սովորաբար հակառակն ենք տեսնում), կարելի է միայն ափսոսալ, որ հերթական գեղեցիկ արձանը չիրականացվեց:
Կառլեն Նուրիջանյանի արվեստանոցի ժառանգությունը չի պահպանվել: Կան միայն մի քանի լուսանկարներ, որոնք վկայում են քանդակագործի բազմաժանր տաղանդի եւ պրոֆեսիոնալիզմի մասին: Այդ լուսանկարներում տեսնում ենք վարպետի դիպլոմային աշխատանքը, մի շարք պատմական-առասպելական թեմաներ, քնարական ու հոգեբանական կերպարներ, հիմնականումՙ հարազատների դիմաքանդակները: Իրենց բարձր կատարողական մակարդակով դրանք վկայում են այն լուրջ դպրոցի մասին, որն անցել են տվյալ ժամանակաշրջանի լավագույն արվեստագետները:
Այնուամենայնիվ, Կառլեն Նուրիջանյանը մնաց որպես հերոսականի անգերազանցելի վարպետ: Հզոր ռիթմի ու ճկուն պլաստիկայի հայկական առոգանությունն անկրկնելի է դարձնում նրա ձեռագիրը: Իր գործերում ազգային թեմատիզմը ձեռք է բերում մի նոր որակՙ շարժում, որը դարեր ի վեր բացակայում էր հայ կերպարվեստում:
Խորհրդային տարիներին ոչ դյուրին ջանքերով հայրենի հերոսապատումները գովերգող քանդակագործը երբեւէ չանդրադարձավ իշխանության կողմից խրախուսվող քարոզչությանը: Նա կարծես լսում էր միայն իր ժողովրդի առասպելական նախնիների ցեղականչը:
Իր կյանքի առեղծվածային ավարտն էլ հրեղեն եղավ, ինչպես եւ իր հերոսների կրակոտ ներաշխարհը: Քանդակագործն ընկել էր թրծման վառարանի վրա, եւ հրդեհ էր բռնկվելՙ արվեստանոցում ոչինչ չխնայելով: Նրան գտել են այրվածՙ իր աշխատանքների հետ միասին...
ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ
«ԱԶԳ»