Ռուսաստանում ժանտախտի հնարավոր բռնկման մասին խոսում են ամբողջ աշխարհում, իսկ Թրամփն անգամ պատրաստվում է այդ հարցով զանգահարել Պուտինին. մի՞թե ամեն ինչ այդքան լուրջ է
7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2026, MEDUZA, թարգմանությունը՝ YEREVAN ONLINE Mag.-ի

Միջազգային լրատվամիջոցներն ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում Ռուսաստանում ժանտախտի հնարավոր բռնկմանը։ Իրավիճակը հայտնվել է նաև աշխարհի խոշորագույն երկրների իշխանությունների ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրանից տեղեկություններ ստանալու համար։ Բրյուսելում իրավիճակը քննարկելու են Եվրամիության առողջապահական անվտանգության կոմիտեի նիստում։ Մոնղոլիայի և Չինաստանի իշխանությունները Ռոսպոտրեբնադզորից լրացուցիչ տեղեկություններ են խնդրել տեղի ունեցածի մասին։
Այսինքն՝ նման ուշադրությունը նշանակո՞ւմ է, որ ժանտախտի վտանգը պետք է անհանգստացնի բոլորիս։
Ոչ։ Ռուսաստանում մարդ է մահացել՝ ենթադրաբար ժանտախտից։ Այն, որ այս դեպքը գրավել է Դոնալդ Թրամփի ուշադրությունը, առնվազն տարօրինակ է թվում․ հենց ԱՄՆ-ում տարեկան միջինում յոթ մարդու մոտ ախտորոշում են այս վարակը, այդ թվում՝ դրա թոքային ձևը։ Իսկ Ռուսաստանում սա, հաստատվելու դեպքում, կլինի առաջին դեպքը 2016 թվականից ի վեր։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ռուսաստանի համապատասխան գերատեսչություններից տեղեկություններ է խնդրել Իրկուտսկի մարզում ստեղծված իրավիճակի մասին։ Կազմակերպության գնահատմամբ՝ Ռուսաստանի բնակիչների համար վտանգը ցածր է, իսկ Եվրոպայի բնակիչների համար՝ շատ ցածր։ Այս գնահատականը հիմնավոր է․ ժանտախտը մարդուց մարդուն այնքան էլ հեշտ չի փոխանցվում։
Բացի այդ, Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի մահացած գիտաշխատողի հետ շփված մարդկանց կարանտինի են ենթարկել և հսկում են նրանց վիճակը։ Չպետք է մոռանալ նաև, որ ժանտախտի առաջին իսկ ախտանշանների դեպքում հակաբիոտիկներով սկսված բուժումը լավ արդյունք է տալիս։ Ռուսաստանում հասանելի է նաև այս վարակի դեմ պատվաստումը։
Այդ դեպքում ինչո՞ւ է այս ամենն այդքան քննարկվում։
Ըստ ամենայնի՝ աշխարհում անհանգստության գլխավոր պատճառը ոչ թե հնարավոր բռնկումն ու դրա հետևանքներն են, այլ այն, որ Ռուսաստանի իշխանությունները հստակ պաշտոնական պարզաբանումներ չեն տալիս։
Այդ մասին ակնարկել է նաև ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։ Իր հայտարարության մեջ նա հատուկ ընդգծել է, որ «թարմ տեղեկությունների ամբողջական և թափանցիկ փոխանակումը» կարևոր է ռիսկերը ճշգրիտ գնահատելու և «հակասական հաղորդումները հստակեցնելու» համար։
Ամերիկացի պաշտոնյաները, որոնց անունները չեն հրապարակվում, The Wall Street Journal-ին դժգոհել են, որ Ռուսաստանի իշխանությունները տեղի ունեցածի մասին «չափազանց քիչ» տեղեկություններ են տրամադրել։ Ըստ The Washington Post-ի տեղեկությունների՝ ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնական դիվանագիտական գրություն է պատրաստում՝ խնդրելով լրացուցիչ տեղեկություններ տրամադրել Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցի մահվան և դրան հաջորդած կարանտինային միջոցառումների վերաբերյալ։









































