top of page

Ինչո՞ւ Հայաստանում նոր առողջ քաղաքական ուժ չի ձևավորվում

  • YO
  • 23 июл.
  • 2 мин. чтения

23.07.2025

ree

Հրապարակվել են Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) կողմից իրականացված հարցումների արդյունքները։ Դրանց համաձայն՝ հարցվածների 61 տոկոսը որևէ քաղաքական գործչի չի վստահում, իսկ 10 տոկոսը դժվարանում է պատասխանել։ Այսինքն՝ բնակչության ճնշող մեծամասնությունը չունի վստահելի քաղաքական գործիչ։


62 տոկոսն էլ նշել է, որ կամ չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին, կամ փչացնելու է քվեաթերթիկը, կամ պարզապես չգիտի՝ ում ընտրել։


Բացատրությունը պարզ է՝ առկա քաղաքական ուժերը ամբողջությամբ վարկաբեկված են։


Այս ֆոնին շատերը հարց են տալիս՝ եթե բոլորն են վարկաբեկված, ինչո՞ւ չի ի հայտ գալիս նոր քաղաքական ուժ։


Պատասխանը՝ ընտրական համակարգում է։ Եթե մենք ունենք միայն կուսակցական ցուցակներով, հինգ տարին մեկ անցկացվող խորհրդարանական ընտրություններ, ապա՝


1. Մասնակցելու համար պետք է ստեղծել կուսակցություն, ինչը ենթադրում է լուրջ կազմակերպչական և ֆինանսական ռեսուրսներ։


2. Անհրաժեշտ է ճանաչելիություն ողջ հանրապետությունում, իսկ հեռուստատեսության և մեծ լրատվամիջոցների ներկայիս վիճակում նոր ուժի համար դա գրեթե անհնար է։


3. Նոր քաղաքական ուժի համար ֆինանսական աջակցություն գտնելը չափազանց դժվար է. քաղաքական համակարգի նկատմամբ անվստահությունն ու բիզնես միջավայրի իշխանական կախվածությունը հանգեցնում են նրան, որ հնարավոր հովանավորները չեն ցանկանում ռիսկի դիմել։


4. Բարձր ընտրական շեմը՝ 4 տոկոս, ստիպում է շատերին քվեարկել ոչ թե նախընտրած, այլ «անցողիկ» ուժերի օգտին՝ պարզապես ձայնը չկորցնելու համար։


Այս ամենը քաղաքական մոնոպոլիայի պահպանման մեխանիզմ է։ Համակարգը կառուցված է այնպես, որ նոր ուժերի ի հայտ գալը գրեթե անհնար լինի՝ եթե չլինի ընտրական համակարգի արմատական վերափոխում։ Զարմանալի չէ, որ տիտղոսային կուսակցություններից ոչ մեկը չի բարձրացնում այս հարցը։

Հենց այդ պատճառով կարևոր է ոչ միայն դժգոհել, այլ նաև գիտակցել՝ առանց ընտրական համակարգի լիբերալացման որևէ իրական այլընտրանք չի ձևավորվելու։ Իսկ եթե չունենք այլընտրանք, մնում ենք հնի մերժման ու նորի բացակայության փակ օղակում։


Ես ինքս հստակ որոշում եմ կայացրել՝ լուրջ չեմ ընդունելու որևէ քաղաքական ուժ, որը չի բարձրացնում ընտրական համակարգի վերափոխման՝ Սահմանադրությամբ սահմանված կարգի փոփոխության հարցը։


ԱՐՍԵՆ ԹԱՎԱԴՅԱՆ


 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page