top of page

Ինչպես է «Համասը» 63 օր պայքարում աշխարհի հզոր բանակներից մեկի դեմ, իսկ մենք ինքնամոռաց հանձնվեցինք

20.12.2023



Գազայի օպերացիայի 63-րդ օրն է:


Աշխարհի հզորագույն, ամենակամային և ամենալավ զինված բանակներից մեկն իր ողջ ռեսուրսներով կռվում է ոչ պետական կազմակերպության` ահաբեկչական կազմակերպության դեմ, որ ոչ առաջադիմական զենքեր ունի, ոչ ռազմական առաջադեմ մարզվածություն և ոչ էլ տեխնոլոգիական որևէ ուժեղ կողմ:


Բայց պաղեստինի զինյալները կամք ունեն ու գերնպատակ` պաշտպանելու այն տարածքը, որն իրենք գրավել են մի քանի դար առաջ ու որը հիմա անարդարացիորեն իրենց պատմական հայրենիք են համարում:


Ու 63 օր` Իսրայելի հզորագույն բանակը դեռևս չի կարողացել ամբողջությամբ մաքրել ընդամենը 365 քառակուսի կմ տարածքը: Ընդամենը 365 ...


Հայկական միջավայրում ընդունված է դուրս տալ թե 44 օր հերոսաբար դիմադրեցինք Ադրբեջանի հզոր բանակին: Ու զառանցվում է թե հայերը կռվում էին Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի դեմ:


Իրականում չկար նման բան: Կար Ադրբեջանի լավ զինված, կամային ու կարգապահ բանակ, որ նաև ոգի ուներ և աննկարագրելի ատելություն թշնամու հանդեպ: Բանակ, որ լուրջ և մեծ աջակցություն էր ստանում Ռուսաստանից, Թուրքիայից ու Պակիստանից: Եվ ոչ միայն:


Ու հայերը չդիմադրեցին, այլ երկիրը հանձնեցին ընդամենը 44 օրում: 10.000 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք հանձնեցին ընդամենը 44 օրում:


Դիմադրության փոքրիկ օջախներ և դիմադրական հերոսական մարտեր ու բազում դրվագներ անշուշտ եղան: Բայց կազմակերպված կամ կամային համընդհանուր դիմադրություն չեղավ: Ընդհանրապես չեղավ: Եղավ անկազմակերպ ու կամազուրկ փախուստ, հանձնում, կաշեփրկություն, զանգվածային օդային կոտորած ու ողորմելի բանակներին հատուկ քայքայում հենց մարտադաշտում:

Հետո հայրենիքի մի ահռելի ու ամենակարևոր հատվածը` Քարվաճառը հանձնվեց առանց մի կրակոցի:


Հայ զինվորը, հայ սպան, հայ գեներալը, հայ ռամիկն ու հերոսական հայը առանց դիմադրելու հպատակվեցին դավաճանական հրամանին, հավաքեցին զենքն ու իրերը ու իջան Օմարի աննվաճելի լեռներից, Քարվաճառի անկոտրում սարերից ու բանալիները տվեցին թշնամուն:


Դրանով տվեցին նաև Երևանի բանալիները: Հիմա Երևանի կողպեքն այլևս յուղված է ու հանձնված բանալին` շուտով բացելու է և այդ վերջին դուռը:

Ու հիմա, դեռ այդ պատերազմի թնդանոթների ծուխը չցնդած` նոր միֆ է ստեղծվել ու ամրապնդվել` թե իբր հերոսաբար մի ամբողջ 44 օր դիմադրեցինք:

Ընդամենը 44 օր` 10.000 կիլոմետրի վրա:


Այս աղետից հետո, որ դեռ նոր է սկսվել ու որ ողբերգականորեն ավարտվելու է այս ցեղի լիակատար ուծացմամբ ու ոչնչացմամբ` չկա այլ ճանապարհ` քան ինքներս մեր մասին ճշմարտության գիտակցումն ու վերջապես փաստերի իրական արձանագրումը:


Ինքնախաբեական, ինքնամեծարման, սեփական պատմության հօգուտ փառապանծության` կեղծման քաղաքականությունն է եղել և կա այն քաղցկեղը, որ թույլ չի տալիս սեփական աղետալի արատները տեսնել, գիտակցել և չկրկնել:

Ու քանի դեռ չենք վերագնահատել սեփական որակները` կոտորվելու ենք, գլխատվելու ենք, ոչնչացվելու ենք:


Մինչև վերջ: Մինչև լիակատար վերջ ...


ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page