top of page

Հայը. Սերգեյ Փարաջանով

  • 23 февр. 2020 г.
  • 2 мин. чтения


ՀԽՍՀ և Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը XX դարի կինոյի խոշորագույն նորարար ռեժիսորներից է:


Սերգեյ Փարաջանովը (իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Փարաջանյան) մանկուց նկարել է, ջութակ և դաշնամուր նվագել: Դպրոցական տարիներին հաճախել է բալետի ստուդիա և դրամատիկական խմբակ: 1942–45թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (Իգոր Սավչենկոյի արվեստանոց). դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է: 1949թ-ից Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952թ-ից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948թ.) և «Տարաս Շևչենկո» (1952թ.) ֆիլմերի նկարահանումներին:


1955 թ-ին Փարաջանովն ստեղծել է իր առաջին լիամետրաժ` «Անդրիեշ» (Յակով Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1959թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962թ.) ֆիլմերը: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել «Մոռացված նախնիների ստվերները» (1964թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը և արժանացել 28 տարբեր պարգևների [Կիևի համամիութենական (1964թ.), Մար դել Պլատայի (1965թ.) կինոփառատոների, բրիտանական կինոակադեմիայի, ՈւկրԽՍՀ Պետական (1990թ.) մրցանակներ, Սալոնիկի (Հունաստան) կինոփառատոնի ոսկե մեդալ և այլն]: Ֆիլմը գուցուլների (ուկրաինացիների էթնիկական խումբ) մասին է. ներկայացված է ոչ միայն ժողովրդական ծեսերի, հավատալիքների, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր մի աշխարհ, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը` իր հույզերով և զգացումներով:


1966թ-ին սկսել է «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի աշխատանքները, սակայն այն արգելվել է (պահպանվել են մի քանի կադրեր): Փարաջանովը և մշակույթի ու գիտության մի շարք այլ գործիչներ նամակ են հղել կուսակցական և պետական բարձրագույն ատյաններ. բողոքել են 1960-ական թվականներին Ուկրաինայում մտավորականների համատարած բանտարկությունների համար:


1966թ-ին Փարաջանովին հրավիրել են աշխատելու Հայֆիլմ ստուդիայում: 1967թ-ին նկարահանել է «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական կինոնկարը: 1969թ-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» («Սայաթ-Նովա», ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988թ.) ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի: Ֆիլմի գունագեղ կտավներ հիշեցնող կադրերը վերակերտում են աշուղ և բանաստեղծ Սայաթ-Նովայի կենսագրությունը, բացահայտում նաև այնպիսի արժեքներ, ինչպիսիք են երգը, սերն ու հավերժությունը:


1973թ-ին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977թ-ին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982թ-ին Փարաջանովը դարձյալ կեղծ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում:


Հալածանքների շրջանը տևել է 15 տարի: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:


1983–88թթ-ին Փարաջանովն աշխատել է Վրացֆիլմում. 1984թ-ին նկարահանել է «Լեգենդ Սուրամի բերդի մասին» (կինոռեժիսոր Դավիդ Աբաշիձեի հետ), 1986 թ-ին՝ «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» (կարճամետրաժ), 1988թ-ին՝ «Աշուղ Ղարիբ» (ՌԴ «Նիկե» մրցանակ՝ 1999թ., հետմահու) կինոնկարները:


Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմն անավարտ է մնացել հիվանդության պատճառով (նյութերն ամբողջությամբ օգտագործել է Միքայել Վարդանովն իր «Փարաջանով: Վերջին գարուն» վավերագրական ֆիլմում, 1992թ.):


Փարաջանովը նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ («Նատալյա Ուժվի», «Ոսկե ձեռքեր», երկուսն էլ՝ Կիևի կինոստուդիա, 1957թ.): Փարաջանովն իր մի քանի և այլ ռեժիսորների կինոնկարների սցենարիստն է («էտյուդ Վռուբելի մասին», 1989թ., «Կարապի լիճ: Զոնա», 1990թ.):


Փարաջանովի ստեղծագործությանը բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալի և ներկան սնող մշակույթների ակունքների նկատմամբ, նաև վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի փիլիսոփայական խորությունը:

Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991թ-ից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից բերված կահ-կարասին:


Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում:


Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2005թ-ին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան Թալեր»:


ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page