top of page

Պարույր Սևակի 100 ամյակի օրը հիշում ենք՝ ինչպես էր խորհրդային դաժան մեքենան այրում նրա գրքերն ու կոծկում ավտովթարի հանգամանքները

  • 24 янв. 2024 г.
  • 2 мин. чтения

24.01.2024


Բանասիրական գիտությունների դոկտոր, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Պարույր Սևակը սիրված և հարգված էր ժողովրդի կողմից։ Սակայն Մոսկվայի, երկրի իշխող վարչակարգի ու գրական շրջանակի հասցեին հնչեցրած իր սուր արտահայտությունների համար նա մի շարք թշնամիներ էր ձեռք բերել։


«Նրա կյանքի վերջին օրերն ամենադժվարն էին։ Պատկերացրեք հիասթափված մարդ` չափազանց տխուր աչքերով։ Հենց այսպիսին էր Սևակը նաև այն չարաբաստիկ օրը, երբ ավտովթարի ենթարկվեց», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։


Պատճառները, որոնք մեծ պոետին այդքան հիասթափեցրել էին, շատ էին` նախանձը, Մոսկվայի ճնշումը, գործընկերների կողմից հասկացված չլինելը։


Ինչպես այրեցին Սևակի գրքերը


Ականատեսները հիշում են, որ Գրողների միությունում ընթանում էր հերթական համագումարը` պոետի մահվանից մի քանի օր առաջ։


Ընդմիջման ժամանակ անծանոթ մարդիկ մոտեցան Սևակին և հայտնեցին, որ «Եղիցի լույս» ժողովածուի ողջ տպաքանակը հրատարակչությունից դուրս է բերվել բակ և այրվել։ Խորհրդային գրաքննությունը համարել էր, որ այս գրքում հեղափոխության կոչ է թաքնված։


«Սևակը սկսեց հայհոյանքներ հնչեցնել բարձր ատյանների ներկայացուցիչների հասցեին։ Բոլորը հասկանում էին, որ դա վերջին կաթիլն էր պոետի համար», — ասաց Գրիգորյանը։


Նրա խոսքով` գրեթե ոչ ոք չմոտեցավ պոետին նրան աջակցելու համար, այնպիսի տպավորություն էր, կարծես բոլորը վախենում էին նույնիսկ մի բառ ասել` Սևակի գործերին մասնակից չդառնալու համար։ Սակայն նա միշտ արդարության կողմնակիցն էր. միայնակ դեմ էր դուրս եկել խորհրդային և ադրբեջանցի պրոֆեսոր Զիա Բունիաթովի հոդվածին։


Բունիաթովը հրապարակել էր ազգայնական բնույթի մի գործ, որտեղ Հայաստանի արևելյան մասում գտնվող բոլոր հայկական հին հուշարձանները ալբանական էր անվանել։ Դրա համար նրան նկատողություն էր արել Սևակը` գիտականորեն ապացուցելով նրա պնդումների սուտ լինելը։


«Նա դիմել էր խոսքով, իսկ նրանք` դանակով», — նշեց Գրիգորյանն ու ավելացրեց, որ հենց արդարությունը և ճշմարտությունն ասելու համար Սևակը մի շարք թշնամիներ էր ձեռք բերել։


Ավտովթար


1971 թվականի հունիսի 17-ին հարազատ գյուղից տուն վերադառնալիս Պարույր Սևակը և նրա կինը` Նելլի Մենաղարիշվիլին, ավտովթարի ենթարկվեցին և մահացան։ Ականատեսները հիշում են, որ երբ Սևակին Երևան բերեցին, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը վշտից գլուխը կորցրել էր ու ասում էր` սա ինքնասպանություն է։ Ավելի ուշ շատերը, այս վարկածը հիմք ընդունելով, գրում էին, որ Սևակի համար միայն ինքնասպանությունը կարող էր ելք լինել ստեղծված իրավիճակից։


«Սևակը նոր էր ավտոմեքենա վարել սովորում և առաջին անգամ հայտնվեց նման իրավիճակում։ Ես կարծում եմ, որ ավտովթարը տեղի ունեցավ ինչպես նրա ծանր հոգեվիճակի, այնպես էլ վարել չիմանալու հետևանքով», — ասաց Գրիգորյանը։


45 տարի անց մեծ պոետի մահվան պատճառ դարձած ավտովթարի իրական հանգամանքներն այդպես էլ չպարզվեցին։ Ոմանք պնդում են, որ դա ինքնասպանություն էր, մյուսները, ինչպես և Գրիգորյանը, վստահեցնում են, որ դա դժբախտ պատահար էր, իսկ ուրիշներն ընդհանրապես կարծում են, որ մեծ բանաստեղծին սպանել են։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page