top of page

Ռուսական դրոնների և հրթիռների խոշորագույն հարվածը Ուկրաինային՝ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր, Թրամփ. «Պուտինը խելագարվել է»

  • YO
  • 26 мая
  • 2 мин. чтения

26.05.2025



Մայիսի 25-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը գրեթե 300 անօդաչու թռչող սարքեր և 70 հրթիռ են արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։ Reuters գործակալության գնահատմամբ՝ սա ամենամեծ հարվածն է Ուկրաինայի տարածքին ռուսական դրոնների և հրթիռների կողմից լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր։


Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հարվածների տակ են հայտնվել 13 մարզեր՝ Կիևը, Կիևի մարզը, Ժիտոմիրի, Խմելնիցկու, Տերնոպոլի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Օդեսայի, Խարկովի, Չեռնիգովի, Չերկասիի, Սումիի և Պոլտավայի մարզերը։


Մայիսի 25-ին ժամը 17:00-ի դրությամբ հայտնի է եղել 12 զոհի և տասնյակ վիրավորների մասին։ Ժիտոմիրի մարզում զոհվել են մեկ ընտանիքի երեք երեխա՝ 8-ամյա Ստանիսլավը, 12-ամյա Թամարան և 17-ամյա Ռոման Մարտինյուկները, որոնք ապրում էին Կորոստիշև քաղաքում։ Նրանց ծնողները, ինչպես իր Telegram-ալիքում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն, վիրավոր են և գտնվում են հիվանդանոցում. մոր վիճակը գնահատվում է ծանր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շեշտել է, որ Ռուսաստանի զինված ուժերը «գիտակցաբար հարվածներ են հասցրել սովորական քաղաքների ուղղությամբ»։ «Ամերիկայի և աշխարհի այլ երկրների լռությունն ուղղակի խրախուսում է Պուտինին։ Առանց ռուսական ղեկավարության վրա իրական ու հզոր ճնշման՝ հնարավոր չէ կանգնեցնել այս դաժանությունը։ Պատժամիջոցները միանշանակ կօգնեն», – հայտարարել է նա։


ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ուկրաինային հասցված զանգվածային հարվածների նպատակը ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններն էին։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ հարվածները «բարձր ճշգրտության զենքով» հասցվել են այն ձեռնարկություններին, որոնք արտադրում են «հրթիռային զենքի բաղադրիչներ, ռադիոէլեկտրոնիկա, պայթուցիկ նյութեր, հրթիռային վառելիք և անօդաչու հարվածային թռչող սարքեր», ինչպես նաև ռադիոտեխնիկական հետախուզության և արբանյակային կապի կենտրոններին։


Թրամփի արձագանքը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին՝ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն:


Թրամփի խոսքով՝ նա միշտ ունեցել է «շատ լավ հարաբերություններ» Պուտինի հետ, սակայն «ինչ-որ բան նրա հետ տեղի է ունեցել»:


«Նա լիովին խելագարվել է։ Նա առանց որևէ անհրաժեշտության սպանում է շատ մարդկանց, և ես խոսում եմ ոչ միայն զինվորների մասին։ Ուկրաինայի քաղաքների ուղղությամբ առանց որևէ պատճառի հրթիռներ ու դրոններ են արձակում», – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում:


Թրամփը կարծում է, որ եթե Պուտինը ցանկանա գրավել ամբողջ Ուկրաինան, ապա դա կհանգեցնի «Ռուսաստանի կործանմանը»:


Նույն գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ դժգոհ է նաև Զելենսկու հայտարարություններից, ով, ըստ նրա, «ոչ մի լավ բան չի անում իր երկրի համար»:

«Ամեն ինչ, ինչ նա ասում է, խնդիրներ է առաջացնում։ Ինձ դա դուր չի գալիս, և ավելի լավ կլինի, որ նա դադարեցնի դա», – հավելել է Թրամփը։


Թե հատկապես որ հայտարարություններն է նկատի ունեցել ԱՄՆ նախագահը, հստակեցված չէ։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page