top of page

«Վարչապետ ջան, թավիշը վերջացրու...»

Նախքան այս հոդվածը կարդալը՝ խնդրում եմ դիտել տեսագրությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 17-ին Շիրակի եւ Արագածոտնի մարզերի ճանապարհներին 4 կանգառների մասին: Երկրի ղեկավարը շփվել է Մաստարա, Աշնակ, Ներքին Բազմաբերդ եւ Ուջան գյուղերի բնակիչների՝ հիմնականում միջին տարիքի եւ տարեց տղամարդկանց հետ: Ընդամենը 15 րոպե տեւող տեսագրություն է, բայց, կարծում եմ, հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմելու մեր երկրի եւ մեր հասարակության մասին:


Գուցե ոմանք ասեն, որ այդ կանգառները պատահական չէին, եւ հավաքված էին հատուկ ընտրված մարդիկ: Չգիտեմ՝ այդպես է, թե ոչ: Ինձ փոքր-ինչ տարօրինակ թվաց, որ նախկին Թալինի շրջանի Աշնակ գյուղում, որտեղ, որքան գիտեմ, Դաշնակցության ազդեցությունը մեծ է, «ժողովրդի ներկայացուցիչը» կոչ էր անում «վերացնել էս ազգից» նաեւ այդ կուսակցությունը: Բայց եկեք վերանանք այդ կասկածներից եւ ընդունենք, որ մարդիկ ասում էին իրենց սրտից բխած խոսքերը:


Եվ այսպես, Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ «հասարակ ժողովրդի» ներկայացուցիչներից ոչ մեկը չհարցրեց, թե «պարոն վարչապետ, այդ ինչպե՞ս եղավ, որ մենք պարտվեցինք պատերազմում, որ ունենք հազարավոր զոհեր եւ վիրավորներ, որ կորցրել ենք Արցախի 70 տոկոսը, իսկ Սյունիքի սահմանամերձ գյուղերում մարդիկ ապրում են ադրբեջանցիների նշանառության տակ»: Նոյեմբերի 10-ից հետո վարչապետին առաջին անգամ տեսած քաղաքացին, կարծում եմ, բնական է, պիտի հետաքրքրվեր այդ հարցերով: Բայց պարզվում է, այդ համայնքների բնակիչներին նման հարցերը բացարձակապես չեն հուզում: Նրանց ուշադրության կենտրոնում են ներքաղաքական կրքերը, իսկ ավելի կոնկրետ՝ նրանք պահանջում են հաշվեհարդար տեսնել «սերժառոբականների» հետ: Ստացվում է, որ հենց դա՛ է, ըստ նրանց, մեր երկրի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրը:


Եթե Հայաստանում գերիշխում է նման մտածելակերպը, ուրեմն ներկայիս վարչապետը «քարթ-բլանշ» ունի ոչ միայն իշխելու մոտակա տասնամյակների ընթացքում (դա ամենամեծ ողբերգությունը չէ), այլեւ կատարելու ցանկացած ապօրինություն, ինչպես նաեւ թշնամուն հանձնելու Հայաստանի ցանկացած գյուղ կամ շրջան: Ամեն մի գյուղ հանձնելուց հետո կարելի է գնդակահարել որեւէ «ժողովրդի թշնամու»՝ տեսագրության մեջ ներկայացված «էլեկտորատի» հրճվալից բացականչությունների ներքո:


Եվ այստեղ ես հակված եմ մեղադրելու ոչ այնքան Փաշինյանին, որքան առաջին հերթին նույն «սերժառոբականներին»՝ երկու տասնամյակների ընթացքում հասարակությունը լյումպենացնելու համար, որի արդյունքում անջատվում է մարդկանց ուղեղը, արթնանում են պարզունակ «շարիկովյան» բնազդները, բթանում է պետության եւ հայրենիքի զգացողությունը:


Քաղաքացիները կոչ են անում վարչապետին «թավիշը վերջացնել»: Տեսնես, նրանք գիտե՞ն, թե «թավիշն» ինչ է: Թե՞ նրանց հուշել են:


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ» թերթի խմբագիր

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page