27.09.2023
Այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ հայտարարեց, թե կապ չունի, այսինքն՝ ինքը չի կազմակերպել Երեւանում ռուսապատկան «ընդդիմության» հանրահավաքները, այլ դրանք հայ հանրության վրդովմունքի դրսեւորում են, Վազգեն Մանուկյանի հռչակած Ազգային կոմիտեն հայտարարեց, թե հետաձգում է հանրահավաքը եւ «իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին»։
Ազգային կոմիտեն հանրահավաքների նպատակ էր հռչակել Արցախի փրկությունն ու ամբողջական իշխանափոխությունը Հայաստանում։ Համաշխարհային միջոցները գրում են, թե Պուտինը Արցախի դեմ ագրեսիան կազմակերպել էր Փաշինյանին պատժելու եւ նրան իշխանությունից հեռացնելու համար, նույնն են կրկնում Նիկոլի քարոզչությունը եւ նրա «արեւմտամետի» դիմակով սազանդարները։
Իսկ ինչ է պատկերն իրականում։
Ռուսապատկան «ընդդիմությունը» 2020-ի նոյեմբերի 9-ից հետո նախ 17+1՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ապա «դիմադրության շարժման» անվան տակ լուծեց հետեւյալ խնդիրները՝ կառավարել եւ փոշիացնել հայ հանրության արդար ցասումը, ապահովել նոյեմբերի 9-ի հակահայ եռակողմ թղթի, այսինքն Արցախի ցեղասպանության ու Հայաստանի պետականության վերացման ռուս-թուրքական ծրագրի անայլընտրանքայնությունը եւ պահել Փաշինյանի իշխանությունը։ Երեւանյան ռուսապատկան մեդիա-քաղաքագիտության՝ Կրեմլի կոյուղատարներից նետված քարոզչական աղբով։
Ներկայում, Ազգային կոմիտեն նույն կամ «միջնորդավորված» դեմքերով լուծում է Մոսկվայում գրված Եվլախի թղթի, այսինքն Արցախի, իրականում Հայաստանի կապիտուլյացիայի անխափան իրագործման եւ հանրության արդար ցասումը փոշիացնելու խնդիրը, բնականաբար Փաշինյանի ռեժիմի պահպանմամբ։
Պատճառաբանությունն էլ խիստ ներդաշնակ է նիկոլական՝ քաղաքական իրավունքների խնդիրները հումանիտարով նենգափոխելու ստոր հնարքին։
Ազգային կոմիտեի անդամները հայտարարում են, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում, եւ եթե հավաքվի 100 հազար մարդ, իշխանափոխության հարցը կլուծվի։ Հավաքվել էր մի քանի տասնյակ հազար մարդ, ո՞ւր առաջնորդեց նրանց Վազգեն Մանուկյանը՝ քաղմաս։ Նրա նախորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը տասնյակ հազարավոր մարդկանց տարավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ աղոթելու։ Րաֆֆիի նախորդը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր սանիկ ներկայիս սրիկայի հետ մարդկանց տարավ դեպի մարտի 1։ Դեպի սպանդ, անէացում։
«Մեզ չհաջողվեց լուծել էթնիկ զտումները կանխելու խնդիրը», շինծու մտահոգությամբ Բայդենի սուրհանդակներին ասում էր Նիկոլ Փաշինյանը։
«Վրաններ էլ խփել» տվեցի, էլի չստացվեց՝ գուցե սա էլ է ասել, բայց պաշտոնական հաղորդագրության մեջ դրա մասին խոսք չկա։
————–
*) Դինամո մետրոյի կայարան՝ կեղծ ժամադրությամբ միամիտ հաճախորդներին գցելու պոռնիկների սիրած վայրը Մոսկվա քաղաքում: