Մերկ սահման
3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2026

Զինված ադրբեջանցի զինվորի՝ Շաքի գյուղ ներխուժելու պատմությունն այնքան անհեթեթ է, որ եթե այս սյուժեով ֆիլմ նկարահանեին, ոչ ոք չէր հավատա, թե այն իրական դեպքերի վրա է հիմնված։ Այսինքն՝ Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինծառայողն ինքնակամ լքում է զորամասը, ինքնաձիգը ձեռքին հատում Հայաստանի պետական սահմանը, մի քանի օր ինչ-որ տեղ թրև գալիս։ Նրան փնտրում են ու չեն գտնում։ Իսկ նա հայտնվում է հայկական գյուղում, ուժով ներս մտնում ուրիշի տուն, պառկում ու քնում։ Մի տեսակ «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ»՝ ադրբեջանական տարբերակով։
Միայն թե դրան հաջորդածն արդեն ամենևին կատակերգություն չի հիշեցնում։ Տանտիրուհին երեք երեխաների հետ տուն է վերադառնում։ Ադրբեջանցին կրակում է նրա ոտքին, իսկ կինն էլ հասցնում է դանակով վիրավորել նրան։ Եվ ստացվում է՝ զինված զինծառայողին, որի մասին ադրբեջանական կողմը երկու օր առաջ զգուշացրել էր, հայտնաբերել են ոչ թե Հայաստանի հատուկ ծառայությունները, այլ, փաստորեն, գյուղի բնակիչները։
«Պառկել էր հանգստանալու» մանրուքը սահմռկեցուցիչ է հենց իր կենցաղային սովորականությամբ։ Ոչ թե հայկական գյուղ ներթափանցած թշնամու դիվերսանտ, որին հայտնաբերել է Հայաստանի ԱԱԾ-ն, այլ հոգնած մի տղամարդ, որը որոշել է ուրիշի տանը քնել։ Շաքիում մնացած ամեն ինչ հանգիստ է. պարզապես զինված ադրբեջանցի զինվոր է հայտնվել մի տանը։ Խնդրում ենք չարթնացնել ու չանհանգստացնել՝ մինչև հանգամանքների պարզումը։ Զառանցանք է թվում, բայց իրականում, ըստ էության, հենց սա է տեղի ունեցել։
Շաքիի դեպքը բոլորի աչքի առաջ բացահայտեց, թե որքան անպաշտպան են Հայաստանի սահմանամերձ բնակիչները։ Եթե զինված մարդը կարող է մի քանի օր մնալ երկրի տարածքում, հասնել գյուղ ու բառացիորեն բնակություն հաստատել ուրիշի տանը, ապա սարսափելի է անգամ մտածել՝ իսկ եթե տանտիրուհին կես ժամ ուշ վերադառնա՞ր։ Եվ այս պատմության ամենազզվելի կողմն այն է, որ կինը, ըստ էության, ինքն է փրկել իրեն ու երեխաներին, որովհետև պետական համակարգն անկոչ «հյուրին» հայտնաբերել է միայն այն բանից հետո, երբ նա կրակ է բացել։
Սարսափելի է հատկապես այն միտքը, որ նույն հաջողությամբ սահմանը կարող էր անցնել, ասենք, ահաբեկչական մի ամբողջ խմբավորում ու գնդակահարել գյուղի բոլոր բնակիչներին։ Չէ՞ որ խոսքը լեռներում մոլորված ու պատահաբար սահմանն անցած հովվի մասին չէ, այլ ինքնաձիգով զինված մարդու։
Բավական է մտովի այդ մեկ զինվորի փոխարեն մի քանի զինված մարդու պատկերացնել՝ հասկանալու համար, թե որքան անպաշտպան է բնակչությունը։ Որովհետև, կրկնենք, խոսքը սահմանը պատահաբար անցած քաղաքացիական անձի մասին չէ։ Խոսքն ադրբեջանցի զինծառայողի մասին է, որը զինված էր, և որի մասին Հայաստանի ԱԱԾ-ին պաշտոնապես զգուշացրել էին միջադեպից երկու օր առաջ։ Եվ նա, գրողը տանի, հայտնվում է Շաքիի բնակելի տներից մեկում։
Եվս մի խոսուն մանրուք։ Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 112 համարին զանգահարել է ընտանիքի անդամներից մեկը և հաղորդել, որ մի մարդ ներխուժել է իրենց տուն ու կրակել իր մոր ոտքին։ Այսինքն՝ զինված սահմանախախտի գտնվելու վայրի մասին պետությունը դարձյալ տեղեկացել է քաղաքացիական անձանցից։
Հարց՝ իսկ եթե զորամասն ինքնակամ լքած մեկ զինծառայողի փոխարեն սահմանը հատի զինված խումբ, ո՞վ և ե՞րբ է այն հայտնաբերելու։ Եվ պետք չէ ասել, թե սա ենթադրական սցենար է։ Հասկանալու համար, թե ինչպես է աշխատում կամ չի աշխատում անվտանգության համակարգը, միանգամայն բնական է դիտարկել հնարավոր վատագույն սցենարը։ Իսկ այստեղ ստացվում է՝ «Սեպտեմբերի 29-ին ադրբեջանցի զինվորը, զենքը ձեռքին, հնարավոր է՝ ապօրինի հատել է Հայաստանի սահմանը» տեղեկության և հոկտեմբերի 1-ի՝ «Շաքիում կրակել են մարդու վրա, և կրակողը հենց այդ նույն ադրբեջանցի զինվորն էր» տեղեկության միջև ահռելի բաց է՝ երկրի ազգային անվտանգության ու Հայաստանի քաղաքացիների պաշտպանության համակարգում։
Այսինքն՝ օտար բանակի զինվորին կանգնեցրել է ոչ թե սահմանը՝ «Կա՛նգ առ, ո՞ւր ես գնում», այլ սեփական տանը նրան հայտնաբերած ընտանիքը։ Մոտավորապես այսպիսի պատկեր՝ «Մա՛մ, մեր տանն ավտոմատով ինչ-որ քեռի կա»։ Իրականում միայն հրաշքով է, որ այս պատմության մեջ տուժածների թիվը շատ ավելի մեծ չեղավ։
Փաշինյանը շարունակ մարդկանց աչքերին թոզ է փչում՝ խոսելով պետության, բանակի ու անվտանգության համակարգի ամրապնդման մասին։ Հունվարին նա հայտարարում էր, որ ատեստավորման շնորհիվ զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են 30, 50, 100 և ավելի տոկոսով։ Մայիսին խոսում էր 700 հազար դրամ աշխատավարձ ստացող զինծառայողների ու վճարումները հետագայում ավելացնելու մասին։
Բայց ուժային կառույցի ծառայողի աշխատավարձն ու պետության՝ սահմանը պաշտպանելու կարողությունը տարբեր բաներ են։ Կարելի է մարդուն թեկուզ մեկ միլիոն դրամ վճարել, թեկուզ հինգ միլիոն։ Բայց եթե հարևան պետության զինված զինծառայողն իր հնարավոր ներթափանցման մասին նախազգուշացումից հետո էլ երկու օր թրև է գալիս երկրի տարածքում, ապա մտնում բնակելի տուն, դա ի՞նչ է նշանակում։ Որ համակարգը չի աշխատում այնպես, ինչպես պետք է։ Կամ ընդհանրապես չի աշխատում։ Որովհետև իշխանությունների հռչակած «անվտանգության համակարգի ամրապնդումը» ոչ մի կերպ չի համատեղվում Շաքիում տեղի ունեցածի հետ։ Սա ձախողում է։ Եվ վերջ։
ԶԱՌԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ, «ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ»
հայերեն թարգմանությունը՝ YEREVAN ONLINE Mag.-ի









































