Տասնութ տարեկան աղջիկ, որ նոր է կյանք մտնում. Իրինա Ծատուրյանի ցավն ու երգը
Իրինա Ծատուրյանի մայրը վերապրեց Լենինգրադի շրջափակումը։ Հայրը ոսկե մետաղադրամներ էր հավաքում, տանը աղվես էր պահում ու մահացավ։ Իննսունականների սառը թանգարանի տարիներին, երկու ամուսնությունների ու երկրորդ ամուսնու հետ սկսած հոգեբանական աշխատանքի ընթացքում Իրինան պատասխաններ էր փնտրում։ Գտավ։ Բայց անցյալը դրանից չփոխվեց։
9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, YEREVAN ONLINE Mag.

Սմարթֆոնի լիցքը՝ տասնյոթ տոկոս։
Իրինա Ծատուրյանը խոսում է Երևանից դուրս գտնվող գյուղական տնից։ Երեկո է։ Արդեն ցուրտ է։ Դուրս է գալիս պատշգամբ։ Նայում է էկրանին։
— Կես ժամ կհերիքի՞։
Պիտի հերիքի։
Խոսակցությունը սկսվում է ինքնագիտակցությունից։ Մարդ առաջին անգամ ո՞ր տարիքում է հասկանում, որ ինքն ինքն է։ Առանձին մարդ։ Կարող է ինքնուրույն մտածել, ինքնուրույն որոշել, տարբերվել մյուսներից։
Իրինան չի շտապում պատասխանել։
— Իսկ դուք ինձ կասե՞ք՝ ի՞նչ է ինքնագիտակցությունը։
Նրան պետք է հասկանալ՝ ինչի մասին են հարցնում։ Պետք է նախ պայմանավորվել՝ այդ բառը ինչ է նշանակում։
Այսպես է խոսում ամբողջ երեկո։ Հարցը կանգնեցնում է։ Ուղղում ձևակերպումը։ Վերադառնում ասածին։ Երբեմն հետ է վերցնում սեփական պատասխանը։ Կարող է խոսել մահվան մասին, հետո նկատել լուսինը։ Կարող է բացատրել ուրիշի գնահատականից կախվածությունը ու հենց այդ պահին կասկածել ինքն իրեն։
Ուրիշ լինելու առաջին զգացումը իր հետ չէր կապված։
Սկզբում ուրիշ էր հայրը։
Կանանց «տիկին» էր ասում՝ ոչ «ընկեր»։ Խորհրդային հասարակության մեջ այդպես չէին դիմում։ Բարձր էր խոսում։ Ուրիշ կերպ էր իրեն պահում։ Աղջիկը նեղվում էր։

Հետո տեսավ, թե որքան էր տարբերվում մայրը։
Ծնողական ժողովներին կանայք գալիս էին համեստ հագնված, հաճախ՝ գլխաշորերով։ Իր մոր հայտնվելը ուրիշ էր՝ թավշյա գլխարկով, գլխարկին ամրացված փոքրիկ ծաղկով։
Այսօր դա հեշտ է բնավորության նշան համարել։ Այն ժամանակ Իրինան ամաչում էր։
Հարցնում ենք՝ ինչպիսին կլիներ նրա կյանքը, եթե երիտասարդ տարիքում ավելի համարձակ լիներ։
Իրինան անմիջապես առարկում է․
— Ոչ, ավելի ռիսկային լինելու մասին չէ։ Եթե ինքնագնահատականս ցածր չլիներ։
Նրա համար դրանք տարբեր բաներ են։ Ռիսկը տեսնում ես և ընդունում կամ մերժում։ Ցածր ինքնագնահատականը հնարավորությունը վերացնում է դեռ ընտրությունից առաջ։
Ֆրանսերենի ուսուցչուհին խորհուրդ էր տալիս Մոսկվա գնալ՝ սովորելու։ Իրինան նույնիսկ մորը չասաց։
Ոչ ոք չարգելեց։ Ոչ ոք չասաց, թե փող չի տա։ Ոչ ոք չասաց, որ չի կարողանա։
Այդ միտքը նա նույնիսկ տանը չբարձրացրեց։
— Ես բոլորովին ուրիշ տեղում կլինեի,— ասում է նա։
Թե որտեղ՝ չգիտի։
Հետո շեղվում է։
— Վա՜յ, ինչ լիալուսին է։ Տեսե՛ք՝ ինչ լիալուսին է։
Ծխախոտ է վառում։
— Դուք ռոմանտիկ եք։
— Ոչ։ Պարզապես մի քանի կախվածություն ունեմ։ Մեկը՝ լուսնից։
Դրսում ցուրտ է։ Հեռախոսի լիցքն իջնում է։ Լուսինը, Իրինայի ասելով, խելքահան է անում։
Ինքնագիտակցության մասին խոսակցությունն այստեղ ընդհատվում է։
ԹԱՎՇՅԱ ԳԼԽԱՐԿԸ
Իրինան մեծացել է բաժանված ծնողների ընտանիքում։
Խորհրդային Հայաստանում այդպիսի ընտանիքներն ավելի նկատելի էին, քան այսօր։ Կանայք քայքայված ամուսնությունների մեջ ավելի երկար էին մնում։ Ամուսնալուծությունը քննարկում էին։ Ամուսնալուծված կնոջը դատում էին։ Երեխան նույնպես զգում էր այդ հայացքը։
Իրինան անգլերեն բառ է ընտրում․
— Ինձ stranger-ի պես էին նայում։
Օտարի պես։
Մայրը երկու աղջկան միայնակ էր մեծացնում։ Երկու, երբեմն երեք տեղ էր աշխատում։ Փողը չէր հերիքում։ Հոր կողմի ազգականները չէին օգնում։ Մայրը հայ չէր, իր մեծ ընտանիքն էլ կողքին չէր։
Հարուստ տատ կար։
Նա սիրում էր թոռնուհիներին։ Նոր տարուն նրանց մի պարկիկ ընկույզ էր տալիս։
Օգնությունը գրեթե դրանով էլ ավարտվում էր։
Իրինան հագուստն է հիշում։ Երեխան կարող է չիմանալ մոր աշխատավարձը, բայց տեսնում է ուրիշների կոշիկները, վերարկուները, դպրոցական իրերը։ Տեսնում է՝ ով ինչպես է հագնված։ Տեսնում է՝ մեծերն ինչին են նայում։
Քրոջը գեղեցիկ էին համարում։ Իրինան համոզված էր, որ ինքը գեղեցիկ չէ։ Քույրը երբեմն ձեռք էր առնում նրան։ Մանկական հիերարխիայի համար դա բավական է։

Բաժանված ծնողներ։ Փողի մշտական պակաս։ Գեղեցիկ քույր։ Անսովոր հայր։ Գլխաշորերի մեջ՝ թավշյա գլխարկով մայրը։
Այսպես Իրինան սովորում էր իրեն ուրիշների աչքերով նայել։
Հետագայում հաճախորդներին կբացատրի․ ցածր ինքնագնահատականը սկսվում է այնտեղ, որտեղ սեփական գնահատական գրեթե չկա։ Կա ուրիշինը։
Ասեն՝ «դու կարող ես», մարդը կփորձի։ Չասեն՝ երբեմն նույնիսկ չի նկատի, որ կարող էր։
Երբ կողքիդ մեկը շարունակ արժեզրկում է քեզ, ուրիշի կարծիքից կախվածությունն ավելի է ուժեղանում։ Մարդը սպասում է հաջորդ գնահատականին։ Լավ, թե վատ՝ արդեն այնքան էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ գնահատականը դրսից է գալիս։
Իրինայի ձևակերպմամբ՝ այդ մարդն ապրում է իր ներուժից ցածր։ Ընդունակությունները կան։ Թույլտվությունը՝ ոչ։
Մոսկվան մնաց ամենահստակ օրինակը։
Ուսուցչուհին տեսավ հնարավորությունը։ Իրինան այն տուն չտարավ։
Դրանից նա երկրորդ՝ չապրած կենսագրություն չի հորինում։ Չի ասում, թե Մոսկվայում իրեն մեծ կարիերա էր սպասում։ Միայն կրկնում է՝ ուրիշ տեղում կլիներ։
Այս պատմության մյուս կողմն էլ կա։ Անվստահությունն ստիպում էր շատ կարդալ։ Պատճառներ էր փնտրում, հասնում բունին, հարցեր տալիս, որոնց ավելի հանգիստ մարդը գուցե չդիպչեր։
— Գուցե, եթե ինքնավստահ լինեի, այսքան բան չիմանայի, որքան հիմա գիտեմ։
Նա ասում է՝ «գուցե»։
Իր անվստահությանը շնորհակալ լինել չի պատրաստվում։
ՏԱՍԸ ՄԱՏԱՆԻ
Իրինայի մայրը Լենինգրադում էր սովորում, երբ պատերազմը սկսվեց։
Ընտանիքում ասում էին՝ ավիացիոն ինստիտուտում էր սովորում։ Շրջափակման առաջին տարին քաղաքում անցկացրեց։ Հետո նրան Կյանքի ճանապարհով դուրս բերեցին։ Իրինայի մոտ պահպանվել է մոր վկայականը։
Ճանապարհն անցնում էր Լադոգա լճով։ Ջրի ու սառույցի վրայով Լենինգրադ էին տանում սնունդ ու վառելիք։ Քաղաքից դուրս էին բերում մարդկանց և սարքավորումներ։
Մայրը գրեթե ոչինչ չէր պատմում այդ մասին։
Մի անգամ Իրինան խոսք բացեց քրոջ երեխաների մասին։ Ինքը երեխաներ չուներ։ Կարծում էր՝ նրանց պետք է թեկուզ փոքր պաշար թողնել՝ զարդեր, ոսկի, մի բան, որը ծանր օրը կարելի է վաճառել։
Մայրը նրան քաղքենի անվանեց։
— Շրջափակման ժամանակ մեկ բոքոն հացը մեկ մատանի արժեր,— ասաց նա։
Իրինան լռեց։
Որոշ ժամանակ անց վերադարձավ այդ խոսակցությանը։
— Մա՛մ, բայց ով տասը մատանի ուներ, նա էր ողջ մնում։
Մայրը հիշում էր, թե մատանին ինչպես էր հաց դառնում։
Դուստրը գիտեր՝ ինչ արժե առանց պաշարի մնալը։
Նրանք այդպես էլ չհամաձայնեցին։
Տարհանումից հետո մայրը ուսումը ավարտեց Օդեսայում։ Իրինայի խոսքով՝ աշխատեց պահածոների արդյունաբերությունում, երևանյան տրեստում հասավ ղեկավար պաշտոնի, ապա նախարարությունում դարձավ գլխավոր տեխնոլոգ։
Ամուսնալուծությունից հետո էլ ստիպված էր մի քանի տեղ աշխատել և երկու դուստր մեծացնել։
Իրինան մորը անթերի հերոսուհու չի վերածում։ Մայրը երբեմն կտրուկ էր։ Միշտ չէ, որ հասկանում էր դստերը։ «Քաղքենի» բառը նույնպես մնացել է հիշողության մեջ։
Կողքին մնացել է մեկ ուրիշ բան էլ՝ մատանին, որը մի ժամանակ մեկ բոքոն հաց արժեր։
Շրջափակումը վերապրածները հաճախ լռում էին։ Իրինայի մայրը մանրամասն պատմություն չի թողել։ Մնացել են առանձին նախադասություններ, վկայականը և վեճը՝ ընտանիքին քանի մատանի է պետք։
ԱՂՎԵՍԸ ՎԱՌԱՐԱՆԻ ՄՈՏ
Հայրը մեծացել էր հարուստ տանը։
Սովորել էր բժշկական ինստիտուտում, բայց, ըստ էության, բժիշկ չդարձավ։ Նրա մայրը ունևոր կին էր։ Որդիները, ասում է Իրինան, աշխատել չէին սիրում։
Հայրն ուներ ոսկե մետաղադրամներ և հին գրադարան։ Պարոնական սովորություններ ուներ։ Քանի դեռ փող կար, այդ կենցաղը պահպանվում էր։
Հետո փողը վերջացավ։
Գրքերի մի մասը, դստեր հիշելով, հայրը տվել էր Էջմիածնին։ Մյուս մասը խմիչքի գնաց։ Մի քանի հրատարակություն պահպանվել է։ Դրանց թվում՝ Մամին-Սիբիրյակի մի հատոր՝ հին ռուսական ուղղագրությամբ, դեռ «յաթ» տառերով։
Իրինան սա հանգիստ է պատմում։
Մետաղադրամներ կային։ Գրքեր կային։ Հետո երկուսն էլ պակասեցին։
Հայրը խմում էր։
Հետագայում, արդեն հոգեբանություն ուսումնասիրելիս, նա նորից ու նորից վերադառնում էր մի հարցի․ կարո՞ղ էր կանգնեցնել հորը։
Ի՞նչ կարող էր անել ու չարեց։
Այսօր կախվածության մասին ավելի շատ գիտի։ Գիտի՝ որտեղ է անցնում մեծահասակի պատասխանատվության սահմանը, որտեղ են ավարտվում երեխայի հնարավորությունները։ Մանկական հարցը դրանից չի անհետացել։
Հիշողության մեջ հայրը ուրիշ կերպ էլ է մնացել։
Աղվեսին վզափոկով ման էր տալիս Երևանում։
Աղվեսը որտեղից էր հայտնվել՝ Իրինան չգիտի։ Տանն էր ապրում, տաքանում վառարանի մոտ։ Ընտանիքում կենդանիներ էին սիրում։ Հայրը նրան դուրս էր տանում։
Ըստ Իրինայի՝ նա շփվում էր դերասան Հրաչյա Ներսիսյանի ու բանաստեղծ Հովհաննես Շիրազի հետ։ Մետաղադրամներ էր հավաքում։ Հին գրքեր էր պահում։ Անծանոթ կանանց «տիկին» էր ասում։ Աղվեսին քաղաքով ման էր տալիս։
Նրա կողքին դժվար էր չտարբերվել։
Ընտանիքն ապրում էր Սվերդլովի փողոցի թիվ 41 տանը՝ այժմյան Բուզանդի փողոցում։ Դիմացի մայթին Մարգարյանի ծննդատունն էր, որտեղ Իրինան ծնվել էր։ Մոր և մանկան պահպանության ինստիտուտը Երևանում բացվել էր 1931 թվականին․ անունները փոխվել էին, ժողովրդական անունը մնացել։
Մոտակայքում Երկրորդ հիվանդանոցն էր։ Այնտեղ մահացավ հայրը։
Ծննդատուն։ Տուն։ Հիվանդանոց։
Իրինան այդ երեք կետը միացնում է քաղաքային մի եռանկյան մեջ։ Այդ փոքր հատվածում տեղավորվել են նրա ծնունդը, մանկությունն ու հոր մահը։
Երբեմն ծննդյան օրը գալիս է այնտեղ ու նստում փոքրիկ պուրակի նստարանին։
— Ես չգիտեմ՝ ինչ է կատարվում ինձ հետ։
Խնդրում ենք անուն տալ զգացումներին։
Չի կարողանում։
Ասում է՝ շատ են։ Խոսում է հոր հեռանալու մասին։ Հետո հարց է տալիս, որին ինքն էլ չի պատասխանում․ ո՞րն է ավելի ծանր՝ կորցնել հորը, որի հետ կարճ, երջանիկ կյանք ես ապրել, թե կորցնել հորը, որի հետ գրեթե չես ապրել։
Նա տասնութ տարեկան էր։
Ծննդյան օրը երբեմն նորից գալիս է այդ տեղը։ Նստում է։ Նայում։
Ինչու՝ չգիտի։
ԹԱՏՐՈՆԸ
Դպրոցից հետո Իրինան անմիջապես համալսարան չընդունվեց։
Մտերիմ ընկերուհին առաջարկեց դրամատիկական թատրոն գնալ՝ մասսայական տեսարաններում խաղալու։ Իրինան համաձայնեց։ Մոտ երկու տարի աշխատեց այնտեղ։ Հետո ընդունվեց ռուս բանասիրության ֆակուլտետ և հեռացավ բեմից։
Հարցին, թե թատրոնն իրեն ինչ տվեց, սկզբում զգուշորեն է պատասխանում։ Փորձում է օգուտ գտնել։ Գուցե երիտասարդությունը։ Գուցե փորձը։
Հետո ինքն իրեն կտրում է․
— Ոչ։ Ինձ ոչինչ չտվեց։ Բացարձակապես։

Դերեր ստանալու համար, ասում է, առաջ գնալու ձևեր էին պետք, որոնք իրեն չէին համապատասխանում։ Պետք էր դառնալ «ավելի ազատ՝ այդ բառի բոլոր իմաստներով»։
Անուններ չի տալիս։ Կոնկրետ դեպքեր չի պատմում։ Խոսում է մի սահմանի մասին, որը չէր ուզում անցնել։
— Որոշեցի ինքնությունս չփոխել, դրա համար էլ հեռացա։
Նա տասնինը տարեկան էր։
Հեռանալուց առաջ պատրաստվում էր ապագա ցավին։ Պատկերացնում էր՝ ինչպես է անցնելու թատրոնի կողքով։ Ինչպես է հանդիպելու նախկին գործընկերներին։ Ինչպես է ափսոսալու չստացած դերերի համար։
Այսօր դա վիզուալիզացիա կանվաներ։
Դրաման նախապես ապրեց։ Հետո հեռացավ։ Եվ պարզվեց՝ դիմանալու գրեթե ոչինչ չկար։
Շենքը մնաց իր տեղում։ Ծանոթները հանդիպում էին։ Կյանքը շարունակվում էր։
Իրեն չվստահող աղջիկն արդեն կարողանում էր «ոչ» ասել, երբ գինը չափազանց բարձր էր թվում։
Ինքնավստահության հետ ավելի վատ էր։
ԼԱՅՆ ՊՐՈՖԻԼԻ ՀՈԳԵԲԱՆ
Բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսում Իրինան զուգահեռ սկսեց հոգեբանություն ուսումնասիրել։
Ցերեկը ռուս բանասիրության դասերն էին։ Երեկոյան՝ հոգեբանությունը։ Հիմնական կրթությանը զուգահեռ նման ծրագրեր կային՝ լրագրություն, կենսաբանություն, այլ ուղղություններ։
Իրինան հիշում է ղեկավարին՝ Թութունջյան ազգանունով։ Ժամանակն ու կենսագրական տվյալները հուշում են, որ խոսքը Հովսեփ Մովսեսի Թութունջյանի՝ հայկական հոգեբանական դպրոցի կազմակերպիչներից մեկի մասին է։ 1976 թվականին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում բացվեց հոգեբանության ամբիոնը։ Հետագայում այն տեղափոխվեց համալսարանի մեկ այլ ստորաբաժանում։
Ուսանողներին տանում էին հոգեբուժական հիվանդանոցներ ու հատուկ դպրոցներ։ Ցույց էին տալիս սևեռուն վիճակներ ունեցող հիվանդների։ Դասավանդում էին դատական հոգեբանություն։ Իրինան հիշում է այդ ոլորտի մասնագետ Էլդային․ ամենայն հավանականությամբ Էլդա Գրինն էր, որը երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ-ում։
Ուսումը տեսություն էր տալիս և կոնկրետ դեպքեր։ Գործնական աշխատանք գրեթե չէին սովորեցնում։
Հոգեբույժներն ունեին հիվանդանոցներ, պաշտոններ, պարտականությունների հասկանալի շրջանակ։ Հոգեբանները քիչ էին։ Մասնավոր կաբինետներ գրեթե չկային։ Մարդը ծանոթներին չէր ասում, որ հոգեբանի մոտ է գնում։ Շատ հեշտ կարող էր լսել․ «Դու գի՞ժ ես»։
1990 թվականին Հայաստանում 38 ծրագրերում աշխատում էր 167 հոգեբան։ Մասնագիտությունը կար, բայց հիմնականում բուհերում, դպրոցներում, լաբորատորիաներում ու առանձին հաստատություններում։ Սովորական հոգեբանական խորհրդատվության մասին խորհրդային մարդիկ լսած էլ չկային։
Իրինան այն ժամանակվա հոգեբանությունը «տնայնագործ» ու «սանրած» է անվանում։
Հիվանդին կարող էին ցույց տալ ուսանողների խմբին։ Նրա հետ դեմ առ դեմ մնալ չէին սովորեցնում։
Ամուսնալուծությունները, կախվածությունները, ընտանեկան բռնությունը, սեռական հակասությունները, նույնասեռ սերը, ծնողների ու երեխաների ծանր հարաբերությունները ոչ մի տեղ չէին անհետացել։ Դրանք հազվադեպ էին հասնում հոգեբանի կաբինետ։ Հաճախ հենց կաբինետն էլ չկար։ Ընտանիքում այդ ամենն ուրիշ անուններով էին կոչում կամ ընդհանրապես անուն չէին տալիս։
Խմող հայրը՝ ամոթ էր։
Վատ ամուսնությունը՝ ճակատագիր։
Տագնապոտ երեխան՝ դժվար բնավորություն։
Բռնությունը՝ ընտանիքի գործ։
Իրինան հոգեբանություն եկավ իր հարցով։
Ինչո՞ւ էր հայրը խմում։
Հնարավո՞ր էր նրան փրկել։
Ի՞նչ կարող էր անել դուստրը։
Մասնագիտական պատասխանը պարզ էր․ երեխան չի բուժում մեծահասակի կախվածությունը։ Պատասխանատու չէ նրա ընտրության համար։ Պարտավոր չէ գտնել այն բառերը, որոնցից հետո հայրը կդադարի խմել։
— Պատասխանները գտա,— ասում է Իրինան։— Բայց դրանից թեթև չեղավ։
Բացատրությունը հայտնվեց։ Անցյալը մնաց նույնը։
ՍԽԱԼԸ, ՈՐԸ ՆԱ ԿԿՐԿՆԵՐ
Իրինան առաջին անգամ ամուսնացավ մոտ երեսուն տարեկանում։
Ամուսինը մեծ էր իրենից։ Ծանր շաքարախտ ուներ։ Հետո սկսվեց Պարկինսոնի հիվանդությունը։ Կուրացավ, մի քանի կաթված տարավ։ Միասին ապրեցին տասը տարուց մի քիչ ավելի։
Երեխաներ չունեին։
Իրինան երիտասարդ էր ու առողջ։ Կարող էր մայրանալու ուրիշ ճանապարհ փնտրել։ Իրեն դա թույլ չտվեց։
1988 թվականի երկրաշարժից հետո միանգամից մի քանի տեղ հերթագրվեց՝ երեխա իր խնամքին վերցնելու համար։ Դեկտեմբերի 7-ի երկրաշարժը սպանեց ավելի քան քսանհինգ հազար մարդու և հարյուր հազարավորներին անօթևան թողեց։ Զոհվածների զգալի մասը երեխաներ ու դեռահասներ էին։
Ամուսինը պատասխանում էր․
— Այո՛, իհարկե։
Բայց խոսքերից այն կողմ գործը չէր գնում։

Երեխա չվերցրին։
Քույրը երկու երեխա ուներ, Իրինան շատ էր զբաղվում նրանցով։ Իր սեփական ժամանակն անցնում էր։
Կարող էր ուրիշ տղամարդուց երեխա ունենալ։ Հիմա դա ուղիղ է ասում։ Այն ժամանակ կարծում էր՝ այդ քայլը կսպանի ամուսնուն։
Պարտադիր չէ՝ բառացի ու անմիջապես։ Նա կարող էր չդիմանալ հենց այդ որոշմանը։ Իսկ եթե դրանից հետո մահանար, Իրինան ամբողջ կյանքում նրա մահը իր հետ կկապեր։
Նա միևնույն է մահացավ հիվանդությունից։
Հիսունհինգ տարեկան էր։ Իրինան՝ մոտ քառասուն։
Հիմա նա վերադառնում է այդ ընտրությանը և առաջվա պես չգիտի՝ ինչպես գնահատել այն։
— Երևի ճիշտ եմ արել։ Անազնիվ կլիներ։
Մի քանի վայրկյան անց հարցնում է․
— Բայց ես մայր չդարձա։ Իսկ դա արդա՞ր է։ Դա էլ անարդար է։
Ասում ենք՝ սա իսկական դրամա է։
— Հիմա արդեն՝ ոչ,— պատասխանում է Իրինան։
Դրանով ամեն օր չի ապրում։ Հարցը վերադառնում է, երբ տալիս են։
Հետո, բլիցի ժամանակ, խնդրում ենք ասել մի սխալ, որը կկրկներ՝ նույնիսկ վերջը իմանալով։
— Երեխա խնամքի չվերցնելս սխալ եմ համարում։ Բայց ճիշտ նույն կերպ կվարվեի։ Ես ոչ մեկին սպանել չէի ուզում։
Այս խոսքից հարմար եզրակացություն չի ստացվում։
Որոշումը սխալ է համարում։ Եվ նորից նույնը կընտրեր։
Չի բացառում, որ այս պատմությունն իրեն ավելի ուշադիր է դարձրել ուրիշի ցավի հանդեպ։
Անմիջապես հետ է քաշվում․
— Եթե ինձ լավ հոգեբան են համարում։ Քիչ թե շատ։
Առանց վերապահման իրեն գովելը դժվար է։
— Երբ մարդը բոլոր հարցերի պատասխաններն ունի, նրա հետ ավելի լավ է չշփվել,— ասում է նա։
ԹԱՆԳԱՐԱՆ՝ ԱՌԱՆՑ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ
Համալսարանից հետո Իրինան չուզեց դպրոց գնալ՝ դասավանդելու։
Հոգեբանների համար աշխատանք գրեթե չկար։
Աշխատանքի անցավ Հենրիկ Իգիթյանի Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում և այնտեղ մնաց մոտ քսան տարի։ Զբաղվում էր մանկական ստեղծագործության հոգեբանությամբ։ Աշխատատեղը, ինչպես ինքն է ասում, «մանկական թանգարանի տարածքում» էր։
Կենտրոնը Երևանում 1978 թվականին ստեղծեցին արվեստաբան Հենրիկ Իգիթյանն ու մանկավարժ Ժաննա Աղամիրյանը։ Այն աճեց 1970-ին բացված Մանկական պատկերասրահից։ Ժամանակի ընթացքում հավաքածուում կուտակվեց մոտ հարյուր հիսուն հազար աշխատանք՝ Հայաստանից և շուրջ հարյուր քսան երկրից։
Իրինան չինական մի նկար է հիշում։
Նկարում աղջիկը խաղող էր հավաքում։ Կողքին հիերոգլիֆներ էին։
Երբ կարևոր հյուրեր էին գալիս, Իրինան շրջայց էր վարում։
— Չինարեն գիտե՞ք։
Հյուրը չգիտեր։
— Իսկ գիտե՞ք՝ այստեղ ինչ է գրված։
Դա էլ չգիտեր։
— «Ես խաղող եմ հավաքում»։
Մարդիկ զարմանում էին։ Հետո Իրինան ցույց էր տալիս աղջկան ու ողկույզները։ Թարգմանելու համար չինարեն պետք չէր։
Կենտրոնում արվեստանոցներ կային, լուսանկարչական լաբորատորիա։ Երաժշտություն կար, կավ, բատիկ, գծանկար։ Երեխաները գալիս էին ձեռքով աշխատելու և տեսնելու՝ ուրիշ երկրներում երեխաներն ինչ են նկարել։
Հետո Խորհրդային Միությունը փլվեց։
Թանգարանը մնաց։
Սկսվեցին ցուրտ տարիները։
1992–1993 թվականների ձմռանը Երևանի որոշ տներում էլեկտրականությունը օրական մոտ մեկ ժամ էր լինում։ Պոմպերը չէին աշխատում։ Ջուրը դույլերով էին կրում։ Դպրոցները փակվում էին։ Բնակարանները մնում էին առանց նորմալ ջեռուցման։
1991-ից 1993 թվականներին Հայաստանի տնտեսությունը կրճատվեց մոտ կեսով։ 1994-ի վերջին գնաճը հասավ 1761 տոկոսի։
Իրինան ավելի պարզ է ասում․
— Բանկերում եղած փողը կորավ։
Խնայողություններ ուներ։ Դրանք էլ չկային։
Թանգարանը չէր փակվում։ Աշխատակիցները գալիս էին աշխատանքի։ Նստում էին սառը սենյակներում։ Հետո տուն էին գնում։
Այցելուներ գրեթե չկային։
Իրինայի հիշելով՝ դա մի քանի տարի շարունակվեց։ Գուցե տարբեր ձմեռներ միացել են մեկի մեջ։ Պատկերը դրանից չի փոխվում․ դռները բաց են, նկարները՝ տեղում, աշխատակիցները՝ ներսում, իսկ մարդիկ չեն գալիս։
Պետք էր հաց ճարել։ Ջուր բերել։ Վառելիք գտնել։ Սենյակը տաքացնել։ Ճակատից լուր իմանալ։ Որոշել՝ ինչպես ապրել մինչև հաջորդ օրը։
Հետագայում Իրինան ասում էր, որ երկրաշարժն ու պատերազմները փոխեցին հայկական ընտանիքը։ Տղամարդիկ գնում էին կռվելու կամ արտագնա աշխատանքի։ Կանայք տունն իրենց վրա էին վերցնում։
Թանգարանում փոփոխությունը բոլորովին պարզ տեսք ուներ։
Առաջ մեծերը երեխային բերում էին՝ խաղող հավաքող չինական նկարի աղջկան նայելու։
Հիմա թանգարան ոչ ոք չէր մտնում։
ՊԱՍՏԱՌԻ ՍՈՍԻՆՁԸ
Առաջին ամուսինը մահացավ 1994 թվականին։
Նրա մահից հետո Իրինան սկսեց սոցիալական ու մարդասիրական աշխատանքով զբաղվել։ Օգնում էր մանկատներին ու հաստատություններին, մասնակցում օգնության բաշխմանը, աշխատում հասարակական կազմակերպությունների հետ։
Օգնություն շատ էր գալիս։ Պետք եղած մարդուն միշտ չէր հասնում։
Ցուցակներից մեկում հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների կազմակերպություն կար։ Ղեկավարն ասում էր՝ իրենց գրեթե չեն օգնում։
Իրինան պատասխանեց․
— Չգիտեմ՝ կազմակերպությունն ինչ կարող է անել։ Ես կարող եմ գալ ու օգնել պաստառ կպցնել։
Նա համաձայնեց։
1996-ի օգոստոսի 4-ն էր։
Այդ օրը Իրինայի գլուխը սաստիկ ցավում էր։ Դեմքն ուռել էր։ Ուզում էր զանգել ու հրաժարվել։
Չկարողացավ։
Մարդու երեխան հիվանդ էր։ Նա արդեն իր հետ վերցրել էր հինգ տարեկան աղջկան։ Կինը ալյուրից սոսինձ էր եփել։ Մեքենայի մեջ դույլ էր դրված։
Իրինան գնաց։
Սկսեցին պաստառ կպցնել։ Նա նայում էր տանտիրոջ աշխատանքին ու նյարդայնանում։ Իր խոսքով՝ ռուսական մշակույթի մարդը պիտի իմանար՝ դա ինչպես են անում։
Գլուխն ավելի ու ավելի ուժեղ էր ցավում։
— Հիմա եղբայրս կգա ու ցավը կվերացնի,— ասաց տանտերը։
Իրինան մտքում հայերեն մի թերահավատ բան ասաց։
Եկավ նիհար երիտասարդ մի տղամարդ։ Անունը Արմեն էր։
Նա մի քանի կետի վրա սեղմեց։ Սկզբում ցավն ուժեղացավ։ Հետո Իրինան մի քանի անգամ զուգարան գնաց, ուռածությունն սկսեց իջնել։ Առավոտյան գլխացավն անցել էր։
Թե ինչու էր անցել՝ չգիտի։
Արմենը դարձավ նրա երկրորդ ամուսինը։

Այսպես ծանոթացան․ ալյուրից եփած սոսինձով դույլ, ուրիշի տան վերանորոգում, հինգ տարեկան աղջիկ և գլխացավ, որի պատճառով Իրինան քիչ էր մնում տանը մնար։
Երբ հարցնում ենք՝ երբևէ սիրել է, պատասխանում է․
— Ես միշտ սիրում եմ։ Հենց հիմա էլ ձեզ սիրեցի։
Փորձում ենք հարցը նեղացնել՝ տղամարդու և կնոջ միջև սիրուն։
— Իսկ ինչպե՞ս կարելի է ավելի նեղ իմաստով սիրել։
Սիրահարվածությունը կապում է երիտասարդության ու հորմոնների հետ։ Այն սերը, որը ձեռքով ցույց տալ չես կարող, կապում է գիտակցության հետ։
— Ես այդպես եմ մտածում։
Արմենը հիշեցրեց, որ հոգեբանական կրթություն ունի։
Իրինայի խոսքով՝ նա բժշկական և հոգեթերապևտիկ պատրաստություն էր անցել, աշխատել հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում։
1997 թվականին նրանք տեղափոխվեցին Իրինայի մոր տուն։ Իրինան առաջարկում էր Արմենի բնակարանը վարձով տալ ու եկամուտ ստանալ։ Նա ուրիշ բան որոշեց․
— Ես մասնավոր ընդունելություն կսկսեմ։
Ու առաջարկեց միասին աշխատել։
Իրինան վախեցավ։
Դիպլոմը նրան իրավունք էր տալիս աշխատելու որպես «լայն պրոֆիլի հոգեբան»։ Տեսությունը գիտեր։ Գործնականում գրեթե չէր աշխատել։
Պետք եղավ հենց կաբինետում սովորել՝ կարդալ, լսել, սխալվել, դասախոսությունների գնալ, թրեյնինգներ վարել։ 2003–2004 թվականներին շատ էր աշխատում խմբերի հետ։
Այդ փորձից մնացել է առաջին տասնհինգ րոպեի կանոնը։
Եթե խմբի հետ կապը սկզբում ստեղծվում է, թրեյնինգը կընթանա։ Եթե չի ստեղծվում, հետո գրեթե անհնար է վերականգնել։
Իրեն աշխարհի հետ կապ հաստատելու համար շատ ավելի երկար ժամանակ պահանջվեց։
ՈՉ ԹԵ ՓԱԽԼԱՎԱՅԻՑ
— Դուք երջանի՞կ մարդ եք։
Երգում է․
— Ես երջանիկ եմ, ինչպես ոչ ոք։
Դադար։
— Ես լուրջ եմ հարցնում։
— Ոչ։ Ես ինձ երջանիկ մարդ չեմ կարող անվանել։ Բայց կարողանում եմ ինձ բերել «ինձ լավ է» վիճակի։
— Սովորեցրեք։
— Պրագմատիզմ։
Եթե անընդհատ քեզ դժբախտ համարես, ասում է Իրինան, ավելի վատ կլինի։ Այդ պատճառով կարողանում է մի որոշ ժամանակ փոխել սեփական վիճակը։ Դա էյֆորի՞ա է՝ չգիտի։
Բլիցի ժամանակ հարցնում ենք՝ ո՞ր հատկանիշը չի տեղավորվում հոգեբանի կերպարի մեջ։
— Հումորի զգացումը։ Երբեմն չափն անցնում է։
Կատակն իր մոտ հաճախ թաքնված է լուրջ նախադասության մեջ։ Զրուցակիցը կարող է ավելի ուշ հասկանալ։ Կարող է ընդհանրապես չհասկանալ։
Հարցին, թե հաճախորդների շնորհիվ իր մասին ինչ է իմացել, Իրինան երկար ժամանակ ուղիղ չի պատասխանում։ Խոսում է ծագման, մտավորական լինելու, ազնվական պապի, հայկական, լեհական, ռուսական ու ուկրաինական արյան խառնուրդի մասին։
Հետո իրեն, արդեն հայերեն, «ազգի պարծանք» է անվանում։
Իրեն լուրջ գովելը անհարմար է։ Կատակով՝ կարելի է։
Մինչև հիմա դժվար է ընդունում ուրիշի գովեստը։ Երբեմն մտածում է, որ իր բարեհոգությունն էլ կարող է կախված լինել հավանությունից։ Գուցե մարդը լավություն է անում, որովհետև ուզում է իր մասին լավ խոսք լսել։
Գովեստի մասին խոսելիս լեզուն սայթաքում է․
— Ոչ թե փախլավայից։ Փառաբանությունից։ Փախլավան մի բան է, փառաբանությունը՝ ուրիշ։
Լուրջ պատասխանը նորից շեղվում է։
— Ձեր ո՞ր թերությունն եք ժամանակի ընթացքում դադարել թերություն համարել։
— Ես թերություններ չունեմ։
Դադար։
— Միայն ծխելը։
Նախկինից ավելի է վստահում ինտուիցիային։ Սկզբում վիճում է ինտուիցիայի հետ, դիմադրում, հետո անում նրա հուշածը։ Եվ հաճախ դա միակ ճիշտ որոշումն է համարում։
Թե ինչպես է ինտուիցիան տարբերում վախից կամ ցանկությունից՝ չի բացատրում։
Իրինայի խոսքում շատ են այն բառերը, որոնցով նա իրեն ապահովագրում է․
«Ես այդպես եմ մտածում»։
«Գուցե»։
«Չգիտեմ»։
«Երևի»։
Հաստատ պնդումը հազվադեպ է թողնում առանց փոքրիկ ճեղքի։
Եվ մի անգամ բոլորովին հաստատ ասում է․
— Երբ մարդը բոլոր հարցերի պատասխաններն ունի, նրա հետ ավելի լավ է չշփվել։
ՏԱՍՆՈՒԹ
Խոսակցության վերջում հեռախոսի լիցքը տասը տոկոս է։
Տանը դեռ ցուրտ է։ Պատուհանից այն կողմ լիալուսին է։
Վերջին հարցն այսպես է հնչում․
— Եթե հանենք մասնագիտությունը, կրթությունը, սոցիալական դերերն ու շրջապատի կարծիքը, ո՞վ եք դուք։
Այս անգամ Իրինան չի խնդրում բացատրել հասկացությունը։ Չի կատակում։ Չի շեղվում դեպի հիշողություն։
— Տասնութ տարեկան աղջիկ, որ նոր է կյանք մտնում։
Տասնութ տարեկանում մահացավ նրա հայրը։
Ծննդյան օրը երբեմն գալիս է Բուզանդի՝ նախկին Սվերդլովի փողոցի փոքր պուրակը՝ իրենց տան, Մարգարյանի ծննդատան ու Երկրորդ հիվանդանոցի մոտ։ Նստում է նստարանին։ Չգիտի՝ այնտեղ իր հետ հատկապես ինչ է կատարվում։
Էկրանին՝ տասը տոկոս։
Տասնութ տարեկան աղջիկ, որ նոր է կյանք մտնում։









































