Ջիվանի Սևանն ու Ֆրեզնոն
- 5 часов назад
- 8 мин. чтения
29 ՕԳՈՍՏՈՍԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ՖՐԵԶՆՈ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ

Առավոտյան երեքն էր։
Ջիվանի մայրը թերթերն արդեն դասավորել էր, ծալել ու ռետինե օղակներով կապել։ Ջիվանը մոտ հարյուր օրինակ էր դնում հեծանվի առջևի ու հետևի պայուսակների մեջ և դուրս գալիս փողոց։ Անձրևը երթուղին չէր փոխում։ Հինգ րոպե ուշանար՝ բողոք կգար։ Թերթը պետք է ժամանակին հասներ դռան առաջ։
Տարիներ անց նրա ազգանունը հայտնվեց փայլուն մետաղի վրա։
Bznuni։
Ավտոմեքենայի անվահեծերի սեփական ապրանքանիշ։
Ջիվանը ծնվել ու մեծացել է Սևանում։ Մայրը՝ Վարդուհի Վարդանյանը, ֆիզիկայի ուսուցչուհի էր։ Հայրը՝ Էդիկը, Սևանի ավտոսերվիսի պահեստապետը։ Էդիկը տարբեր գործեր էր անում։
Շատ ձեռաբաց մարդ էր: Ինչ ձեռք էր բերում, կիսում էր ընկերների, բարեկամների, ընտանիքի հետ։
Երեկոյան ութին որդիներից մեկը կարող էր ասել, որ ծամոն է ուզում։ Իր ուզած տեսակը միայն Երևանում կար։ Էդիկը նստում էր մեքենան, Սևանից գնում Երևան, առնում ծամոնը և վերադառնում։
Սևանի իշխանը նա այնպես էր պատրաստում, որ ընկերները զանգում էին ու հարցնում՝ կարելի՞ է գալ։ Ձուկը Սևանի ջրով էր եփում։ Բաղադրատոմսը Ջիվանը չի հիշում։
— Սրտանց էր անում։ Լավ գաղտնիքը դա է։
Սևանից Ջիվանը հիշում է լիճը, ջրային հեծանիվը, խորովածը և սառը ջրի մեջ պահած ձմերուկը։ Հայրը լավ էր լողում։ Մայրը Ջիվանին ու եղբայրներին պատմում էր լճում խեղդված մարդկանց մասին, որ տղաները մենակ ջուրը չմտնեն։
Լճի կողքին էին ապրում։ Տանը ջուրը հաճախ կտրվում էր։ Երբ ծորակը վերջապես բացվում էր, Ջիվանն ու եղբայրները դույլերը լցնում էին, բարձրացնում երրորդ հարկ և դատարկում լոգարանի մեջ։ Պաշարը պիտի հերիքեր մինչև ջրի հաջորդ գալը։ Հացն էլ երբեմն չէր բավականացնում։ Վաղ էին գնում, հերթ կանգնում։

Մորական ընտանիքը Լենինականից էր։ Հինգ քույր, երեք եղբայր, մեծ տուն, լիքը ձայներ։ 1988-ի երկրաշարժից հետո մորաքույրերից մեկին փլատակների տակից էին հանել։ Վերքերը մնացել էին դեմքին։ Հեռու ու մոտ բարեկամների մեջ զոհեր կային։
Պապի տան մոտ լավաշի փուռ կար։ Տաք հացը բերում էին, մեջը պանիր ու կանաչի դնում, փաթաթում ու ուտում։
Սևանի բակում տղաները շինանյութ էին գտնում ու փոքրիկ ակումբ-տնակ սարքում։ Երբ Էդիկը ճանապարհից արտասահմանյան ծխախոտ կամ խմիչք էր բերում, Ջիվանը դրանք շարում էր իր փոքրիկ «բարում»։ Հետո վիճակախաղ էին կազմակերպում։ Բակի մարդիկ տոմս էին գնում։ Մեկը շահում էր շիշը կամ տուփը։ Տղաները հավաքած փողով խորոված էին անում։
Ջիվանի մանկությունը Սևանում
Բզնունի անունը հայկական հին պատմության մեջ կա։ Ջիվանն այդ անունով իրեն փառք չի վերագրում։ Իրենց Բզնունիները Մարտունու կողմից են։ Հայրը վերցրել է մորական ազգանունը։ Ավելի հեռուն ինքը չի ուսումնասիրել։
1990-ականների սկզբին Բզնունիների ընտանիքը եկավ Ամերիկա։ Մոր հարազատներն արդեն Ֆրեզնոյում էին։ Ավագ եղբորը սկզբում բերել չկարողացան։ Էդիկը վերադարձավ Հայաստան, ամիսներ շարունակ փաստաթղթերով զբաղվեց, հետո որդու հետ եկավ Ֆրեզնո։
Այստեղ արդեն ապրում էր մոր մեծ ընտանիքը։ Հինգ քույրերի ու երեք եղբայրների զավակները գրեթե ամեն օր միասին էին։
Դպրոցում Ջիվանը անգլերեն չգիտեր։ Իրեն մի բան էին ասում՝ չէր հասկանում։ Խոսելու ձևը դուր չէր գալիս՝ կռվում էր։ Տանում էին տնօրենի մոտ։ Այնտեղ պարզվում էր, որ նորեկ տղան դեռ չի հասկացել՝ ինչ են իրեն ասել։ Հաճախ նորից դասարան էին ուղարկում։
Հետո լեզուն սովորեց։ Սկզբում ազգականից էր արտագրում։ Մեկ տարի անց ազգականն էր իրենից արտագրում։
Ֆրեզնոյում Ջիվանը կարոտում էր Սևանի իր բակը, իր շենքը, բակի տղաներին։ Հայաստան վերադարձավ միայն 2014 թվականին՝ մոտ քսաներեք տարի անց։
Իրենց թաղ մտնելու պահը պատմելիս մինչև հիմա կանգ է առնում։ Հետո հեռախոսի նկարներն է ցույց տալիս։
Ահա բակը։ Մեջտեղում ֆուտբոլ էին խաղում։ Կողքերին բանջարանոցներն էին։ Գնդակը մեկի հողամասն ընկներ՝ կռիվ էր սկսվում։ Եթե չէին վերադարձնում, տղաները գիշերը մտնում էին բանջարանոց ու վրեժ լուծում։ Ահա ավտոտնակները։ Ահա այն պատուհանը, որտեղից մայրը կանչում էր.
— Ջիվա՛ն, ո՞ւր ես։
Հայրը տղաների հետ միրգ էր քաղում։ 1995 թվականի Nissan pickup-ի թափքը խաղողով էին լցնում, տանում շուկա ու վաճառում։ Պահեստներից միրգ ու չիր էին գնում, հասցնում Սակրամենտոյի եկեղեցիներ ու պատարագից հետո կանգնում այնտեղ։ Մտնում էին բնակելի համալիրներ, որտեղ ռուսներ ու հայեր էին ապրում։ Էդիկը մեքենան դանդաղ էր վարում։ Ջիվանը դռներն էր թակում։
— Միրգ առնո՞ւմ եք։

Հետո եկավ Fresno Bee-ի թերթուղին։
Մայրը գիշերվա կեսին թերթերը ծալում ու կապում էր։ Հայրը, ավագ եղբայրը և Ջիվանը օրական վեց հարյուրից ութ հարյուր օրինակ էին հասցնում տներ։ Երբ հայրը չէր կարողանում դուրս գալ, երկու եղբայրներն էին գնում։ Անձրևին թերթերը ծանրանում էին։ Ուշանալ չէին կարող։
Բաժանորդավճարն էլ իրենք էին հավաքում։ Գիշերը դուռ էին թակում։ Մարդն ասում էր՝ առավոտյան կվճարի։ Առավոտյան տանը չէր լինում։ Նույն փոքր գումարի հետևից երբեմն ամիսներով էին գնում։
Գիշերվա երեքին անկողնուց ելնելը դժվար էր։ Ելնում էր։ Ուրիշի հագած շորն էր հագնում։ Նույն մարզակոշիկը տարիներով էր պահում։ Երբեմն մազերը կտրելու փող էլ չկար։
Մի օր հոր Nissan pickup-ի փոխանցման տուփը փչացավ։ Նորոգելու գումար չունեին։ Ջիվանն ընկերոջը կանչեց։ Երկուսով պառկեցին ավտոտնակի հատակին, ծանր տուփն իջեցրին իրենց վրա, բացեցին, անհրաժեշտ մասերը գտան, նորից հավաքեցին ու տեղադրեցին։ Հոր համար անակնկալ էին պատրաստում։
Եթե որևէ մեկը մեքենա էր նորոգում, Ջիվանը կանգնում էր կողքին ու նայում։ Կեղտոտ մեքենա տեսնելիս խնդրում էր իրեն տալ, լվանում էր, մի քիչ վարում և վերադարձնում։ Լույս էր փոխում, զսպանակ էր փոխում, թափքն իջեցնում, որևէ մաս բացում ու նորից հավաքում։ Սխալվում էր։ Հասկանում էր ու ուղղում։
Տասնվեց տարեկանում Ջիվանը սկսեց աշխատել Taco Bell-ում։ Պատվեր էր վերցնում, ուտելիք պատրաստում, սպասք լվանում, ըմպելիք լցնում, զուգարան մաքրում։ Հետո բանկում դրամարկղավար դարձավ։ Աշխատում էր մաքուր հագուստով, գրասենյակում։
Բանկ եկող մի հայ երիտասարդի հաշվով հաճախ մեծ գումարներ էին անցնում։ Ջիվանը հարցրեց՝ որտեղի՞ց է փողը։ Երիտասարդը նրան տարավ իր ղեկավարի մոտ։ Կյանքի ապահովագրություն էին վաճառում։ Ջիվանը սովորեց, արտոնագիրը ստացավ և սկսեց միջնորդավճարով աշխատել։ Տասնութ տարեկան էր։ Մի օրում կարող էր Ֆրեզնոյից հասնել Սթոքթոն, հետո Թրեյսի, այնտեղից էլ Բեյքերսֆիլդ՝ հանդիպումից հանդիպում։
2003 թվականին Էդիկ Բզնունու սիրտը կանգ առավ։ Նա քառասունվեց տարեկան էր։
Սևանում ու Երևանում մարդիկ մինչև հիմա հիշում են Էդիկին։
Ապահովագրության վաճառքից Ջիվանն արդեն վատ չէր վաստակում։ Սակայն ուրիշի կառուցած համակարգի մեջ աշխատելը նրա վերջնական նպատակը չէր։
Առաջին գործարար փորձերից մեկը հայկական ռեստորանն էր։ Ընտանիքով գնեցին, կողքի տարածքն էլ վերցրին, մեծացրին, սրահ սարքեցին, Լոս Անջելեսից խոհարար բերեցին։ Չաշխատեց։ Ռեստորանը վաճառեցին։
Ռեստորանի մասին ասում է՝ ձախողվեց։
Ընկերներից մեկը մեծ չափի ավտոմեքենայի անվահեծեր էր վաճառում։ Շուկայում տարածվում էին 17, 18, 20 և 22 դյույմանոց փայլուն անվահեծերը։ Կալիֆոռնիայից դուրս ընտրությունը փոքր էր, զանգերը տարբեր նահանգներից էին գալիս։
Ջիվանը ընկերոջ պահեստից ապրանք վերցրեց և սկսեց վաճառել։ Հետո առանձին տարածք գտավ։ Մանրածախ գնորդներին միացան ավտոսրահները։ Անվահեծերի կողքին հայտնվեցին անվադողերը, արգելակների նորոգումը, մեքենաների բարձրացումն ու իջեցումը, լուսարձակների ու ճաղավանդակների փոփոխությունը, անիվների հավասարեցումն ու մյուս ծառայությունները։
All Access անունը հեռախոսագրքի համար էր ընտրված։ Երկու «A»-ով սկսվող անունը ցուցակի վերևում էր հայտնվելու։ Մի քանի տարի անց հեռախոսագրին փոխարինեց համացանցը։ Այդ առավելությունը վերացավ։ Գործը մնաց։
All Access-ի պաշտոնական պատմությունը սկսվում է 2007 թվականից։ Հետագա տարիներին Ջիվանը տարբեր վայրերում նոր կետեր բացեց, դրանցից մեկը վաճառեց, հետո մեծ շենք գնեց և հիմնական աշխատանքը տեղափոխեց այնտեղ։ Իր պատմելով՝ ուղիղ կապ հաստատեց Չինաստանի արտադրողների հետ, բեռը բերեց կոնտեյներով և մի օր պատվիրեց անվահեծեր սեփական ազգանունով։
Bznuni։

Կան տարբեր չափեր ու մոդելներ, այդ թվում՝ Bznuni 559-ը։ Որոշ ձևանմուշներ գործարաններն արդեն ունեին։ Որոշների գիծը Ջիվանն ինքն է տվել։ Նույն մոդելը քրոմապատ, արծաթագույն կամ մոխրագույն ծածկույթով լրիվ ուրիշ տեսք է ստանում։ Հարցազրույցի ժամանակ նա ցույց է տալիս իր նախագծած օրինակներից մեկը։

— Միշտ ուզել եմ իմ անվահեծերն ունենալ, — ասում է նա։ — Ուզեցի և հասա դրան։
Մեծ թվեր չի ասում։ Խոսում է այն օրվա մասին, երբ սեփական ազգանունը տեսավ մետաղի վրա։
Ավտոմեքենայի գործը կայանալուց հետո Ջիվանը վաստակածի մի մասը դրեց անշարժ գույքի մեջ։ Մեկ բիզնեսից կախված մնալը վտանգավոր էր համարում։
2012 թվականից եղբայրների հետ Ֆրեզնոյում տներ էին գնում։ Այդ տարիներին դեռ կարելի էր տուն գտնել քառասուն կամ հիսուն հազար դոլարով։ Սկզբում պահում էին ու վարձակալության տալիս։ Հետո Ջիվանը սկսեց փնտրել վնասված և նորոգման կարիք ունեցող գույք։ Գնում էին, նորոգում, վաճառում կամ պահում վարձակալության համար։
Մի գիշեր հայտարարություններ նայելիս հրդեհից վնասված բազմաբնակարան գույք տեսավ՝ իրար կից երկու շենք։ Զանգեց անշարժ գույքի գործակալ ընկերոջը։ Ասացին՝ արդեն ուրիշ գնորդ կա։ Ջիվանը սպասեց։ Մեկ շաբաթ անց զանգեցին։ Գնորդը չէր կարողացել անհրաժեշտ գումարը հայթայթել։
Երկու շենքը միասին արժեին շուրջ 220 հազար դոլար։ Ջիվանն այդ պահին մոտ 100 հազար ուներ՝ կոպեկ առ կոպեկ հավաքած։ Ծանոթ ներդրողից գումար վերցրեց, գնեց շենքերը և սկսեց վերականգնել։ Իր հիշողությամբ՝ նորոգման վրա ևս մոտ 150 հազար դոլար ծախսեց։ Դեռ չէր ավարտել, երբ հարևան գույքի սեփականատերը հետաքրքրվեց։ Գործարքը փակվեց մոտ 550 հազար դոլարով։
Հետո Ջիվանն ուրիշ գույքեր էլ գնեց։ Մի մասը նորոգում ու վաճառում էր, մյուսները պահում վարձակալության համար։ Շինարարությունը դարձավ առանձին աշխատանք։
Ավտոմեքենայի խնդիրների մեծ մասը Ջիվանն արդեն ձայնից է ճանաչում։

— Ավտոմոբիլային գործն այնքան լավ գիտեմ, որ արդեն չափազանց հեշտ է ինձ համար, — ասում է նա։ — Քիչ բան եմ սովորում։ Երբ գործն այլևս ինձ չի ոգևորում, սկսում եմ ձանձրանալ։
Շինհրապարակում դեռ հարցեր ունի։
— Այնտեղ նոր բաներ եմ սովորում, — ասում է նա։
Ջիվանը որոշել էր միայն հայուհու հետ ամուսնանալ։ Հետո հանդիպեց Չելսիին։
Նրանք ծանոթացել էին այն վայրում, որտեղ Չելսին աշխատում էր, իսկ Ջիվանը հաճախ էր գնում ընկերների հետ։
Մի օր Չելսիի մեքենան փչացավ։ Գործընկերները նրան ուղարկեցին Ջիվանի արհեստանոց։ Այնտեղ Ջիվանը լուռ ու կենտրոնացած աշխատում էր։ Արագ էր գործում, պատասխանատու էր աշխատողների և հաճախորդների հանդեպ, հասկանում էր իր գործը։
— Կարծես նույն տղան չլիներ, — հիշում է Չելսին։

Հարաբերությունը լրջացավ։
Մի օր նստեց ու իրեն հարցրեց՝ իրականում ի՞նչ է փնտրում կնոջ մեջ։ Փնտրածը Չելսիի մեջ արդեն տեսել էր։ Հավատացյալ էր։ Մաքուր սիրտ ուներ։ Ջիվանի համար խելքը, կրթությունն ու մնացածը հետո էին գալիս։
Նրանք ամուսնացան 2017 թվականին։
Առաջնեկին Ջիվանը հոր՝ Էդիկի անունով Էդուին կոչեց։ Էդուինը դհոլ է սովորում։ Ուսուցիչն ասում է՝ հազվադեպ է տեսել մի սանի, որը լսածն այդքան արագ կրկնի։ Ալեքսը տեսքով մորն է նման, բնավորությամբ՝ հորը։ Շարժուն է, համառ և շուտ բռնկվող։ Երկու տղաներն էլ իրենց հայ են զգում։
Էդուինի ու Ալեքսի մասին խոսելիս Ջիվանը նրանց իր կյանքի լույսն է անվանում։ Տղաներին իր անցած աղքատության միջով անցկացնել չի ուզում։
Փոքրիկ Ջիվանը մի զույգ կոշիկը հինգ տարի էր հագնում։ Հիմա որդին կարող է խաղալիքը կոտրել, իսկ Ջիվանը՝ անմիջապես նորը գնել։
— Պիտի հասկանան իրենց հոր աշխատանքի արժեքը, իրենց մոր աշխատանքի արժեքը։ Չթերագնահատեն։
Ուզում է՝ տղաներն ապահով մեծանան, բայց իրենց մեջ պահեն առավոտյան երեքին վեր կենալու կարողությունը։ Ասում է՝ նրանք պիտի շարունակեն ծնողների արածը և մի օր ավելացնեն այն իրենց զավակների համար։ Թե ինչպես անել դա՝ Ջիվանը դեռ չգիտի։
Հայկականը, ասում է, տանն է սկսվում, հետո՝ հայկական դպրոցում ու եկեղեցում։ Դրա հետ են կապված անունը, երգը, դհոլը, հուշարձանն ու գերեզմանը։
Հայաստանում նրան անհանգստացրել է, որ ռեստորաններում գրեթե հայկական երաժշտություն չէր լսում։ Ամերիկայում հայերը ջանում են պահել հայկական երգը։ Երևանում, իր տպավորությամբ, մարդիկ երբեմն չափազանց շտապում են նմանվել աշխարհին։
Ասում է՝ եթե լեզուն, երաժշտությունն ու հիշողությունը միշտ հետաձգվեն, հաջորդ սերունդը չի հասկանա՝ ինչ պիտի պահի։
2018-ից հետո Հայաստանի դրական փոփոխությունը Ջիվանը նախ տեսնում է գործարարների պատմությունների մեջ։ Իր զրուցակիցները, ասում է, այլևս չեն վախենում, որ ուժ ունեցող մեկը կմտնի ու կպահանջի իրենց գործի բաժնետերը դառնալ։ Այդպես է դատում իր լսած խոսակցությունների և Հայաստան կատարած այցելությունների հիման վրա։
Արցախի կորուստը նա կապում է երկար տարիների անպատրաստության հետ։ Մեղքը միայն հակառակորդի վրա դնելը, ասում է, մի պահ հեշտացնում է ներկան։ Ապագան չի պաշտպանում։ Հայաստանը պիտի զարգացնի իր բանակը, տեխնոլոգիան և արտադրությունը, նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից, Ամերիկայից ու մյուս ուժերից։
Նրա օրինակը ավտոմեքենայի պահեստամասն է։ Եթե պատրաստի մասը միշտ դրսից է գալիս, սեփականը չես սարքում։ Երբ մասը չկա, նստում ես, հասկանում, գծում ու արտադրում։
2020-ի Արցախյան պատերազմի օրերին Ջիվանն իրեն անզոր էր զգում։ Հեռու էր։ Օգնել է գումարով և ապրանքով։ Ասում է՝ դա այն քիչ բանն էր, որ իր ձեռքից գալիս էր։
Ֆրեզնոյում Մոնթե Մելքոնյանի նոր հուշարձանի ծրագրին Ջիվանը գումարով մասնակցեց։ Շինարարական գործն էլ ստանձնեց։ Գաղափարը բժիշկ և հասարակական գործիչ Կարո Խաչիկյանինն է, նրա մասին Yerevan Online Mag.-ը պատմել է այս հոդվածում:
2026 թվականի հուլիսի 21-ին հրապարակվեց Ֆրեզնոյում հուշարձանի հիմնարկեքի մասին լուրը։ Ծրագրի համաձայն՝ Մոնթեի գրանիտե կերպարը կանգնելու է Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հարևանությամբ՝ Մասիս-Արարատ հայկական գերեզմանատանը։ Ժայռանման պատվանդանը պիտի հիշեցնի հայրենիքը, իսկ հայերեն և անգլերեն գրությունները պատմեն Մոնթեի կյանքի մասին։
Մոնթեի ծնողների գերեզմանների մոտ՝ Արարատ հայկական գերեզմանատանը, արդեն կա նրան նվիրված հուշակոթող։ Նոր հուշարձանը առանձին համայնքային ծրագիր է։
Երբ շինարարների նախահաշիվները բարձր էին, Կարոն խնդրեց Ջիվանին նայել գծագրերը։ Ջիվանը հաշվեց և ասաց՝ կանի։ Կարո Խաչիկյանի վկայությամբ՝ նրա առաջարկած գումարը մյուս նախահաշվով նախատեսված գումարի կեսից էլ պակաս էր։ Ջիվանն իր շահույթը հաշվարկի մեջ չի դրել։
— Եթե նյութ չլինի, ես կգնամ, կգտնեմ։ Եթե պետք լինի, մուրճը կտամ Կարոյի ձեռքը, ես մեխը կբռնեմ, ինքը կխփի։ Մինչև վերջ ենք հասցնելու։
Ֆրեզնոյում կառուցվող լավաշի փուռը դեռ պատրաստ չէ։ Ջիվանն ուզում է այնտեղ հաց թխել, մեջը պանիր ու կանաչի դնել՝ ինչպես Լենինականում, պապի տան մոտ։
— Շուտով կվերջացնեմ, — ասում է նա։







































