top of page

Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է հայկական և ռուսական գերեզմանոցը. Yerevan Online Mag.-ի մեծ ռեպորտաժը

14 минут назад
4 мин. чтения

10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2026, ԱՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ, YEREVAN ONLINE Mag.-ի ԹՂԹԱԿԻՑ   



Մայիսի 9-ին քարերը դեռ երևում էին։ Մայիսի 14-ին Շուշիի արևելյան եզրին արդեն բաց հող էր՝ ծանր տեխնիկայի հետքերով։ Հինգ օր։


Ապրիլի 25-ի բարձր լուծաչափով նկարում առանձին գերեզմանաքարերի դիրքերը դեռ կարդացվում էին։ Մայիսի 9-ի կադրը գրեթե նույն պատկերն էր պահել։ Հուլիսի 23-ին այնտեղ արդեն ձևավորված շինհրապարակ կար։


Այդ ամսաթվերը հրապարակվեցին սեպտեմբերի 4-ին։ «Կովկասի ժառանգության դիտարկումը» ներկայացրեց արբանյակային նկարների շարքը և տարածքը համարեց ամբողջությամբ ոչնչացված։ Հայկական հուշարձանների դիտարկման հարթակը գործածեց ավելի զուսպ բառ՝ մասնակի ավերում։ Երկու հրապարակումներում էլ նույն բանն էր երևում՝ գերեզմանոցի տեղում շինարարական աշխատանք։


Արբանյակային նկարը չի ասում՝ քարերը ջարդե՞լ են, հողո՞վ ծածկել, թե՞ տարել։ Պետական հրապարակումներում չկան տեղափոխված քարերի ցանկ, արտաշիրիմման արձանագրություն կամ փրկարար հնագիտական աշխատանքի հաշվետվություն։


«Կովկասի ժառանգության դիտարկումը» հարթեցումը կապեց կեղտաջրերի և անձրևաջրերի մաքրման կայանի շինարարության հետ։ Հայկական հուշարձանների դիտարկման հարթակը ադրբեջանական սոցիալական ցանցերից վերցված տեսանյութում նկատել էր գերեզմանոցի միջով անցկացվող կոյուղաջրերի խողովակաշարը։ Աշխատանքը մտնում էր Շուշիի պետական վերակառուցման ծրագրի մեջ։


Ծրագիրը հաշվված էր մինչև 2040 թվականը քաղաքի ակնկալվող պահանջարկով։ Թվերը մանրամասն էին՝ 24 կիլոմետր մայրուղային ջրատար, 44 կիլոմետր խմելու ջրի ցանց, 42 կիլոմետր կոյուղի, 41 կիլոմետր անձրևաջրերի համակարգ։ Կայանը պետք է օրական մշակեր 8000 խորանարդ մետր կեղտաջուր։ Մաքրված ջուրը նախատեսվում էր բաց թողնել Կարկառ գետ։ Գերեզմանոցի անունը հրապարակված նկարագրության մեջ չկար։


Այդ հողակտորը Շուշիի ամրոցի արևելյան պարսպից մոտ 300–400 մետր հեռու էր՝ հին բանտի և հիվանդանոցի շրջակայքում։ Հեռավորությունը տարբեր ուսումնասիրություններում փոքր-ինչ տարբերվում է։ Տեղը՝ ոչ։


2005 թվականի հուլիսին հնագիտական արշավախումբը մաքրել ու լուսանկարել էր տարածքի մի մասը։ Հողի վրա և հողի միջից բացվել էին տասներկուերորդ-տասներեքերորդ դարերի հինգ խաչքար, կոպտատաշ քարերով միջնադարյան թաղումներ, տասնհինգերորդ-տասնվեցերորդ դարերի հետքեր և տասնիններորդ դարի գերեզմաններ։ Հետագա հաշվառման մեջ նշվել էր առնվազն 35 տապանաքար՝ 1810-ից 1871 թվականների թվագրումներով։ Հյուսիսային մասում գերակշռում էին հայկական թաղումները, հարավայինում՝ ուղղափառները։ Գրությունները հայերեն էին, ռուսերեն և լատիներեն։


Քարերը մինչ այդ էլ անվնաս չէին։ Հետազոտողները տեսել էին կոտրված խաչեր, շրջված սալեր, քերված տառեր։ Մնացած գրությունները պահում էին անունը, պաշտոնը, ծննդավայրը, երբեմն՝ ընտանիքի կապը։ Մի քանի տող, և մարդու կյանքից ինչ-որ բան մնում էր։


Արցախում աշխատելու տարիներին ես մեկից ավելի անգամ գրել եմ Հրաչիկ Հարությունյանի աշխատանքի մասին։ Նա Շուշիի քարերը կարդում էր տառ առ տառ։ Արտագրում էր գրությունները, համեմատում թվերը, կազմում ցուցակներ։ Իր նպատակը պարզ էր ձևակերպել՝ անցյալի մնացորդները փրկել մոռացումից և ուրիշներին հնարավորություն չտալ կեղծելու քաղաքի պատմությունը։


2008-ին լույս տեսավ Շուշիի տասնութերորդ-տասնիններորդ դարերի տապանագրերի մեծ ժողովածուն։ Հետո՝ «Լուռ քարե վկաները»։ Հիվանդությունը նրա աշխատանքը կանգնեցրեց 2019 թվականի հունվարին։ Շուշիի 2020 թվականի կռիվները նա չտեսավ։ Յոթ տարի անց նրա արտագրած տողերը մնացին մի վայրի հիմնական հաշվառումը, ուր չափագրողն այլևս չի կարող գնալ։


Ցանկը հին քաղաքի հասցեագիրք է հիշեցնում։ Վլադիմիր Իվանովիչ Միխայլովը՝ 42-րդ եգերական գնդի հրամանատար, մահացել էր 1833 թվականի սեպտեմբերի 25-ին։ Գնդի դրոշին գրված էր. «1826 թվականին պարսիկներից Շուշիի պաշտպանության համար»։ Նավագինյան գնդի լեյտենանտ Իվան Պավլովը մահացել էր 1828-ին։ Բժիշկ և կոլեգիական ասեսոր Վասիլի Կարասևսկին՝ 1836-ին։ Ղարաբաղի գավառային դատարանի ծառայող Մոիսեյ Սիմոնովը՝ 1846-ին։ Այնտեղ էին տիտղոսային խորհրդական Լեոնտի Սմոլսկու դուստրերը՝ Մարիան և Օլգան։


Հայկական մասում կարդացվում էին ոսկերիչ Անդրեյ Քահրամանյանի, 1863-ին մահացած Արզումանի որդի ոսկերիչ Միքայելի, 1847-ին մահացած Դանիելի որդի ոսկերիչ Հովհաննեսի, քահանա Դավթի և դերձակ Ասլան Դանիելյանի անունները։ Նույն հողակտորում կողք կողքի թաղված էին ռուս զինվորականը, հայ քահանան, բժիշկը, ոսկերիչը, դերձակը։


Քարերից մեկի գրությունը լատիներեն էր։ Սոֆիա Ռեգինա Ռեանդերը ծնվել էր Մոսկվայում 1807 թվականի հունիսի 29-ին։ Տապանագիրը նրան ներկայացնում էր որպես պրոֆեսոր Ֆրիդրիխ Ռոյսի դուստր և մահվան օր էր նշում 1839 թվականի ապրիլի 30-ը։ Հրաչիկ Հարությունյանի տպագիր ցանկում տարին 1835 էր։


Քարը տեղում լիներ, մեկ այցը կհերիքեր։ Մաքրել մակերեսը, լուսանկարել, նորից կարդալ թվանշանը։ Հիմա մնացել է 2005 թվականի լուսանկարը։ Քարի տեղափոխման մասին գրառում չկա։


2023 թվականի հուլիսի 21-ին Իլհամ Ալիևը Շուշիի մեդիա համաժողովում խոսեց մշակութային ժառանգության և գերեզմանոցների մասին։ Նա հայերին մեղադրեց ադրբեջանական հուշարձաններ ավերելու մեջ, հետո ասաց. «Մենք չենք դիպչում հայ ժողովրդի պատմական ժառանգությանը»։ Որպես օրինակ բերեց Շուշիի հայկական եկեղեցին և ավելացրեց, որ այնտեղ «ոչ մի քարի չեն դիպչել»։


Երկու ամիս անց՝ սեպտեմբերի 19–20-ի ադրբեջանական ռազմական գործողությունից հետո, Արցախի հայկական բնակչությունը գրեթե ամբողջությամբ հեռացավ։ Մեկ շաբաթում սահմանը հատեց ավելի քան հարյուր հազար մարդ։ Շուշիում կատարվածը տեղում տեսնող հայ բնակիչ այլևս չկար։ Մնացին վերևից արված նկարները։


Հաջորդ նկարներում հայտնվեցին նոր հասցեներ։ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը բուլդոզերային ճանապարհ անցկացվեց Երևանի դարպասների մոտ գտնվող պատմական գերեզմանոցի միջով։ Նոյեմբերին շինարարությունը վնասեց Մեղրեցոց եկեղեցու հնագիտական մնացորդները։ 2023 թվականի դեկտեմբերի 28-ից 2024 թվականի ապրիլի 4-ը անհետացավ 1847-ին կառուցված Կանաչ ժամը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Ապրիլի 4-ի նկարում ավարտված էր նաև Ղազանչեցոց հին գերեզմանոցի ավերումը։ Ամեն դեպքից մնացել էր շինարարական հետք, երկու ամսաթիվ և ուշացած հրապարակում։


Այդ կադրերից երկու տարի առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր իր որոշումը։ Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակում, դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր միջոցներ ձեռնարկել հայկական մշակութային ժառանգության դեմ վանդալիզմն ու պղծումը կանխելու և պատժելու համար։ Թվարկված էին եկեղեցիները, պաշտամունքային վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և մշակութային առարկաները։ «Գերեզմանոցներ» բառը գրված էր ուղիղ։ Որոշումն ընդունվել էր տասներեք ձայնով՝ երկուսի դեմ։


Շուշիի ջրային նախագծի նկարագրության մեջ ուրիշ բառեր էին՝ խողովակաշար, հորատում, ստորգետնյա ջրերի ուսումնասիրություն, աշխարհագրական տեղեկատվական համակարգ, հեռակառավարում։ Նշված էր նաև 687 գծամետր երկրաբանական հորատում։ Հաղորդվել էր շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման մասին։


Հին հայ-ռուսական գերեզմանոցը ամփոփագրում չէր հայտնվել։ Չկա տեղեկություն՝ տարածքը շինարարությունից առաջ զննե՞լ է հնագետ, բացվե՞լ են գերեզմաններ, գտնվե՞լ են մարդկային մնացորդներ, ո՞ւր են տարվել քարերը, պահպանվե՞լ են միջնադարյան հինգ խաչքարերը։



Մայիսի 14-ի նկարում երևում է հողը։ Հուլիսի 23-ի նկարում՝ շարունակվող աշխատանքը։ Հրաչիկ Հարությունյանի գրքում անունները դեռ իրենց տեղում են։ Սոֆիա Ռեգինա Ռեանդերի քարի վերջին լատիներեն բառերն էլ՝ ad Dominum discessit, «գնաց Տիրոջ մոտ»։ Ջրային նախագծում գերեզմանոցի մասին տող չկա։ Այնտեղ մնացել է մեկ հստակ թիվ՝ օրական 8000 խորանարդ մետր։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page