Երևանի քաղաքապետարանի ապօրինի վարքը լրջորեն վնասում է Հայաստանի հեղինակությանը՝ ցույց տալով, որ նույնիսկ դատարանի որոշումները կարող են անտեսվել, իսկ ներդրողները՝ մնալ անպաշտպան
- YO
- 6 мая
- 2 мин. чтения
06.05.2025

Երևանի քաղաքապետարանը ամիսներ շարունակ բացահայտորեն հրաժարվում է կատարել ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի օրինական ու վերջնական ուժի մեջ մտած որոշումները։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել «ՌԻԴ» ՍՊԸ-ն՝ Հայաստանում գործող խոշոր ներդրումային կազմակերպություն, որը բարձրաձայնում է դատական ակտերի չկատարման հետևանքով առաջացած համակարգային ճգնաժամի մասին։
Ներկայացնում ենք հայտարարությունը ամբողջությամբ.
«ՌԻԴ» ՍՊԸ-ն խորին մտահոգությամբ տեղեկացնում է, որ չնայած ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի օրինական և ուժի մեջ մտած որոշումներին, Երևանի քաղաքապետարանը մինչ օրս հրաժարվում է կատարել դատարանի կողմից իրեն վերապահված պարտավորությունները։Դեռևս 2025 թ. մարտի 3-ին ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցել է երկու կատարողական վարույթ (թիվ 13285473 և 13285472), որոնց հիմքում դրված են «ՌԻԴ» ՍՊԸ-ի հաղթանակը դատարանում՝ կապված Հ. Բաբայան փողոց 1/1 և Կարապետ Ուլնեցու փողոց 2/01 հասցեներում բնակելի շինարարության նախագծային փաստաթղթերի և շինթույլտվությունների տրամադրման պահանջների հետ։Սակայն Երևանի քաղաքապետարանը, արհամարհելով թե դատարանի, թե հարկադիր մարմնի որոշումները, շարունակում է չկատարել իր պարտականությունները։ Ավելին, արդեն իսկ հարուցվել է քրեական վարույթ՝ դատական ակտերի չկատարման հիմքով, ինչը վկայում է խնդրի լրջության և իրավական միջավայրի անընդունելի խախտման մասին։«ՌԻԴ» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկը, որը տարիներ շարունակ իր գործունեությունն իրականացրել է բացառապես օրենքի շրջանակներում՝ ներդրումներ իրականացնելով երկրի տնտեսության մեջ և ապահովելով հարյուրավոր աշխատատեղեր։ Սակայն այս իրավիճակը փաստում է, որ նույնիսկ իրավական բոլոր միջոցների կիրառմամբ հնարավոր չէ պաշտպանվել պետական մարմնի կամայականությունից։Մենք փաստում ենք՝ այս անգործությունն ու անպատասխանատվությունը վտանգում են ոչ միայն մեր ընկերության տնտեսական շահերը, այլ նաև խաթարում են Հայաստանի՝ որպես իրավական պետության և ներդրումային հուսալի տարածքի հեղինակությունը։ Դատական ակտերի կատարումը պետության կողմից պարտադիր է ոչ միայն օրենքի գերակայության ապահովման, այլև ներդրողների իրավունքների պահպանության համար։«ՌԻԴ» ՍՊԸ-ն հորդորում է Երևանի քաղաքապետարանին անհապաղ կատարել ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի որոշումները՝ օրենքի շրջանակներում և բարեխղճորեն, վերականգնելով գործարար միջավայրի նկատմամբ վստահությունն ու իրավական համակարգի կայունությունը։
Սա միայն մեկ ընկերության խնդիր չէ։ Սա պետության հիմնական մեխանիզմների քայքայման վկայություն է։ Երբ պետական մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը, թույլ է տալիս իրեն անտեսել դատարանի վերջնական որոշումը, մենք արդեն գործ ունենք ոչ թե իրավական պետության, այլ իրավունքի իմիտացիայի հետ։
Ի՞նչ մեսիջ է սա հղում ներդրողին, քաղաքացուն, գործարարին։ Որ նույնիսկ հաղթելը դատարանում քեզ ոչինչ չի տալիս, եթե քաղաքապետարանը որոշել է «չնկատել» դատարանի խոսքը։ Եվ սա այն դեպքում, երբ խնդրին արդեն քրեական գնահատական է տրվել՝ հարուցվել է քրեական գործ։
Այսօր սա «ՌԻԴ»-ի խնդիրն է, վաղը կարող է լինել յուրաքանչյուր օրինապահ ձեռնարկության, յուրաքանչյուր քաղաքացու խնդիր։
Եթե Հայաստանում դատարանի որոշումը չի գործում, նշանակում է՝ Հայաստանը դադարում է լինել պետություն՝ այդ բառի իրավական իմաստով։ Իսկ դրա պատասխանատուներն ունեն անուններ, պաշտոններ և կոնկրետ գործողություններ, որոնց համար վաղ թե ուշ պատասխան պիտի տան։