Նրան խաբեցին, բայց դա դարձավ նոր կյանքի սկիզբ. ինչպես Լուսինե Եղիազարյանը հաջողակ գործարարից հայտնվեց մատուցողի կարգավիճակում, սակայն հետո դարձավ ԱՄՆ հայ գործարար աշխարհում մարդկանց կապող կամուրջ
Обновлено: 2 часа назад
2019 թվականին Լուսինե Եղիազարյանն Ամերիկայում աշխատանք էր փնտրում։ Այսօր ամերիկահայ գործարարներն են զանգում նրան՝ լսարան, հաճախորդ կամ ճիշտ ծանոթություն գտնելու համար։ Նա ուզում է իր սրահներում մի սեղանի շուրջ նստեցնել նրանց, ովքեր այլ տեղում գուցե երբեք չհանդիպեին։
29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2026, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, YEREVAN ONLINE Mag.-ի ԱՄՆ ԹՂԹԱԿԻՑ

Լուսինե Եղիազարյանի կազմակերպած գործարար հանդիպումներին մարդիկ հաճախ մի խնդրանք ունեն։
- Լուս ջան, միկրոֆոն հանկարծ չտաս։
Նա լսում է։ Հետո միկրոֆոնը տալիս է հենց այդ մարդուն։
- Ինչպե՞ս սկսեցիր։
Հարցը պարզ է։ Մարդը սկզբում կաշկանդվում է, հետո պատմում է՝ որտեղից է սկսել, ով է օգնել, ինչն է ձախողվել։ Լուսինեն չի շտապեցնում։ Լսում է, մինչև մի հիշվող մանրուք է գտնում։
Լուսինեի բիզնես-հանդիպումները Yans-ում
Մի շինարարի ներկայացնելիս ասել էր, որ նա երկվորյակների հայր է՝ տղայի ու աղջկա։ Օրեր անց զանգել էին։
- Լուս ջան, այն շինարարի համարը կտա՞ս, որ երկվորյակներ ուներ։
Անունը չէին հիշել։ Մարդուն հիշել էին։ Գործի համար դա բավական էր։
Լուսինեն մարդուն կոչումով չի ներկայացնում։ Մի փոքր նշան է գտնում՝ երեխա, նախկին աշխատանք, ընդհանուր ծանոթ, մի պատմություն։ Այցեքարտը կարող է կորչել։ Այդ նշանը մնում է։
Նույն սեղանի շուրջ կարող են նստել դեռ միայն գաղափար ունեցող մարդը, փոքր բիզնեսի տերը և արդեն կայացած գործարարը։ Պաշտոնական ակումբ չկա։
2019 թվականի մարտի 21-ին Ամերիկա եկած Լուսինեն շատ չանցած ինքն էր մարդ փնտրում, որ իրեն աշխատանքի ընդունի։ Մնալու ծրագիր չէր ունեցել։ Հայաստանում տուն ուներ, ընտանիք, չորս խանութ և տարիներով հավաքված հաճախորդներ։ Երևանում նրան գիտեին որպես «սպիտակեղենի Լուսո»։ Նրա խանութներից օժիտ էին հավաքում։ Նա գիտեր՝ ինչ ապրանք բերել, ինչպես դասավորել, ում ինչ առաջարկել։
Ամերիկա էր եկել իր ներդրած գումարը հետ ստանալու։
Հայաստանում ներկայացնում էր ամերիկյան մի ընկերության ապրանքանիշ։ Մեծ գումար էր ներդրել՝ այն հանելով իր հիմնական գործից։ Հետո հասկացավ, որ մի ձեռքով երկու ձմերուկ է բռնել։ Երկու գործն էլ տուժել էին։ Հեղափոխության ամիսներին, իր խոսքով, շուկայում փողը պակասել էր։ Երեքից հինգ հազար դոլար արժեցող ապրանքը չէր վաճառվում։
Լուսինեն առաջարկել էր չվաճառված ապրանքը հետ ուղարկել և ստանալ իր ներդրած գումարը։ Ընկերությունում բացել էին պայմանագիրը, նոր հաշվարկ ներկայացրել ու մերժել։ Նա մինչև հիմա նույն կերպ է ասում՝ բիզնեսի կանոններով գուցե նրանք իրավացի էին, մարդկայնորեն՝ ոչ։
Հետո խոսակցությունը դուրս էր եկել պայմանագրից։
- Դու այստեղ ոչ ոք ես, որ ինձանից փող ուզես։
Լուսինեն պատասխանել էր տեղում։
- Ուզո՞ւմ ես՝ մնամ այստեղ ու ապացուցեմ, թե ով եմ։
Մնաց։
Լուսինեն ասում է՝ կյանքում ամեն ինչ սիրում է նախապես պլանավորել և անակնկալներ չի սիրում։ Ամերիկայում մնալն այդ կանոնի ամենամեծ բացառությունն էր։ Մի նախադասություն էր ու մի պատասխան, որից հետո սկսվեց տարիների աշխատանքը։
Իրեն վիրավորած մարդկանց անունները չի տալիս։ Ասում է՝ վաղուց մոռացել է։ Եթե իրեն չհիշեցնեին, գուցե մտքով էլ չանցնեին։
- Իմ կյանքում մենակ խթանիչ մարդիկ դարձան։
Առևտրի մեջ նա նոր չէր։ Մայրը՝ Ամալյա Մինասյանը, Սևանում խանութի վաճառող էր աշխատել, հետո սկսել էր սեփական գործը։ Ապրանքի հետևից Մոսկվա էր գնում, ավելի ուշ՝ Չինաստան։ Ընտանիքը հող էր գնել ու մեծ խանութ կառուցել։ Այնտեղ սննդամթերք կար, կենցաղային ապրանքներ, հագուստ։ Խանութների մեծ ցանցերը քաղաք դեռ չէին հասել։
Մոր գործարար հոտառությունը Լուսինեն իր բառով է անվանում՝ «քթածակություն»։ Ասում է՝ դա իրեն էլ է փոխանցվել։
Հայրը՝ Նորիկ Եղիազարյանը, Սևանի հացի արտադրամասի վարիչն էր։ Ավելի հանգիստ մարդ էր։ Երբ արտադրամասը փակվել էր, կնոջ հետ աշխատել էր ընտանեկան խանութում՝ մինչև մահը։

Լուսինեն Սևանի թիվ 7 դպրոցն ավարտել էր մեդալով։ Աշակերտական կոմիտեի նախագահն էր։ Փոքրահասակ էր և ամբիոնի հետևում աթոռակ էր դնում, որ իրեն տեսնեն։ Դպրոցի խմբերի պատասխանատուները զեկուցում էին նրան, ինքը՝ տնօրենին։
Մանկավարժական ինստիտուտում պատմություն ու աշխարհագրություն էր սովորել։ Ուսուցիչ չդարձավ։ Որոշեց, որ այդ աշխատավարձով հեռու չի գնա։ Քսաներեք տարեկանից առևտրի մեջ էր։ Ամուսնու հետ տեղ վերցրին «Հրազդան» մարզադաշտի տոնավաճառում։ Սկզբում հագուստ ու կոշիկ էին վաճառում, հետո՝ սպիտակեղեն։ Մի կետը դարձավ երկու տաղավար։ Հետո «Տաշիրում» մեծ խանութ բացվեց։ Մի շրջան արդեն չորս խանութ ուներ։
Ամերիկայում այդ կենսագրությունը ոչ ոք չէր տեսել։
Նրան խանութի դրամարկղում աշխատանք առաջարկեցին։ Օրվա վերջում մոտ հիսուն դոլար էր մնում։ Փորձեց ուրիշ տեղեր էլ։ Անգլերենը թույլ էր, ծանոթները՝ քիչ։ Մեկ ամիսն անցնում էր։ Կամ պիտի վերադառնար, կամ մի գործ գտներ, որով հնարավոր կլիներ ապրել։
Ծանոթներից մեկը խորհուրդ տվեց գնալ «Գինետուն» ռեստորան։ Մատուցողուհի էին փնտրում։ Թեյավճարները լավ էին։
Լուսինեն չուզեց։
Իրեն պատկերացնում էր սև ջինսով, մազերը կապած, սկուտեղը ձեռքին։ Հանկարծ ռեստորանի դուռը բացվեր և ներս մտներ մեկը Հայաստանից։ Մեկը, ով նրան միշտ տեսել էր բարձրակրունկ կոշիկներով ու գիտեր նրա խանութները։
Աշխատանքից չէր վախենում։ «Մատուցողուհի» բառը նրան սկուտեղից ծանր էր թվում։
Երևանում ապրող ընկերուհին՝ Լուսինե Ամիրխանյանը, համոզեց։ Ասաց՝ Ամերիկայում աշխատանքից չեն ամաչում։ Լուսինեն Ֆեյսբուքում գտավ «Գինետուն» ռեստորանի սեփականատեր Արմենին և գրեց․
- Բարև ձեզ։ Նոր եմ եկել Երևանից։ Ազատ հաստիք ունե՞ք։
Պատասխանը արագ եկավ։
- Հաստիքը ի՞նչ է։
Լուսինեն ծիծաղեց, բացատրեց, որ ազատ աշխատատեղ է հարցնում։ Հաջորդ օրը գնաց հանդիպման։
«Գինետուն» ռեստորանում աշխատողներից մեկը նրան մի կողմ տարավ ու ասաց՝ այստեղ հաճախորդ չկա, գործ չկա, փող չկա։ Լուսինեն մտածեց՝ եթե այդպես է, դու ինչո՞ւ ես այստեղ։
Մնաց։
Առաջին օրը երեխայի ծննդյան առիթով հավաքույթ էր։ Երկար ուսուցում չեղավ։ Ափսեն վերցրու, տար սեղանին, դատարկը հետ բեր, հարցրու՝ ամեն ինչ կարգի՞ն է։ Նա արեց։
Իր պատմելով՝ առաջին օրը թեյավճարներից մոտ ութ հարյուր դոլար վաստակեց։ Հաջորդ օրը՝ մոտ հազար երկու հարյուր։
- Լուսո ջան, քարերը փեշիցդ թափ տուր։ Դժվար բան չկա,- ասել էր ինքն իրեն։
Մատուցող աշխատելու տարիներին
Հիսուն դոլարի կողքին այդ երկու թվերը երկար բացատրություն չէին պահանջում։ Կաշկանդվածությունը դեռ մնացել էր։
Գործընկերներից մեկը նկատեց։
- Այս դուռը բացող ամեն մարդուն ընդունիր այնպես, ինչպես քո տուն եկած հյուրին։
Լուսինեն փորձեց։ Ուտելիքը դրեց սեղանին, դատարկ ափսեն վերցրեց, հարցրեց՝ ամեն ինչ լա՞վ է։ Տանը նույնը կաներ։ Այստեղ հյուրն ավարտին հաշիվ էր վճարում և թեյավճար թողնում։
Այդ խոսքից հետո նա գործը սկսեց ուրիշ կերպ տեսնել։ Սկուտեղից այլևս չէր քաշվում։
Շատ չանցած՝ նրան կառավարիչ նշանակեցին։ Սեփականատերը ռեստորանի առօրյա գործերի մեծ մասը թողեց նրա վրա։ Լուսինեն սովորեց խոհանոցը, սրահը, աշխատողների հերթափոխը, հաճախորդի դժգոհությունը, պետական մարմինների պահանջները։ Սխալներ եղան։ Ինքը դրանց «կիքս» է ասում։ Ամեն մեկից հետո մի բան փոխեցին։
Հետո բիզնեսը վաճառքի հանվեց։
Լուսինեն նայեց սրահին, մոտ տասը աշխատակիցներին, հետո՝ իրեն։ Նոր սեփականատիրոջ գալուց հետո ոչ ոք չգիտեր՝ ով կմնար։ Ինքը ռեստորանային գործն արդեն գիտեր սկզբից մինչև վերջ։ Գումարը մեծ էր։ Պայմանավորվեց ժամանակի ընթացքում վճարել և գնեց բիզնեսը։
«Գինետուն» անունը չփոխեց։
- Յոթ տարի այնտեղի օդն եմ շնչել։ Ավելի շատ այնտեղ եմ եղել, քան իմ տանը։
Աշխատողներին ասում էր․
- Այս շենքին մի՛ նեղացրեք։ Երբ վատ եք աշխատում, ինքը նեղանում է։
Հիմա նույն դռան բանալին իր մոտ էր։
Համալիրն այժմ կոչվում է «Յանս» և ունի չորս սրահ։ Հին սրահների անուններին ձեռք չի տվել։ Իր անունը տվել է միայն ավելի ուշ ձեռք բերած «Ռուբիկին»՝ այն վերանվանելով «Լուսի»։ Իր անունը շենք մտավ ամենավերջում։
Մի քանի տարի անց այդ սրահներում գործարար հանդիպումներ սկսվեցին։
Մարգարիտա Ավագյանը՝ Մեգին, առաջարկեց իր խմբի գործարար կանանց բերել ռեստորան։ Ամեն մեկին փոքր սեղան կտային, որ ներկայացներ իր ապրանքը կամ ծառայությունը։ Լուսինեն համաձայնեց։ Ավելացրեց՝ յուրաքանչյուրի մասին առանձին կարճ տեսանյութ կնկարեն։
Միջոցառումից առաջ մասնակիցներին կանչեց մի քիչ շուտ։ Թղթի վրա գրեց՝ ում ինչ հարցնել։ Ինչպե՞ս սկսեց։ Ո՞վ օգնեց։ Ընտանիքն ինչպե՞ս ընդունեց նրա գործը։ Մի մանրուք էլ, որից խոսակցությունը կբացվեր։
Լուսինեն սիրում է ինտուիցիայի մասին խոսել։ Ասում է՝ մարդուն զգում է, անգամ երբ նա չի արտահայտվում։ Այդ ինտուիցիան գործնական ձև էլ ունի՝ թղթի վրա գրված հարցերը։
Այստեղ պետք եկավ մանկավարժական կրթությունը։ Ոչ դասարանում։ Սեղանի շուրջ։
Պաշտոնական կենսագրություններ չի սիրում։ Ասում է՝ մարդն առանց այդ էլ միկրոֆոնից կաշկանդվում է։ Եթե անունին, պաշտոնին ու կոչումներին երկար նախադասություն ավելացնես, լրիվ կփակվի։
Լուսինեն ինքը շատ է խոսում և դա գիտի։ Հարցազրույցի ընթացքում մի պահ ջուր է խնդրում ու ծիծաղելով ասում՝ իրեն եթե ոգևորեն, երկար կխոսի։ Հաճոյախոսությունից էլ չի փախչում։ Երբ ասում ես, որ մարդկանց իր շուրջ է հավաքում, չի շտապում հերքել։ Լսում է և ասում՝ հաճելի է։ Կեղծ համեստությունը նրա ուժեղ կողմերից չէ։
Սիրում է առաջինը լինել, ուզում է, որ արածը նկատեն։ Նույնքան բաց է խոսում սխալների մասին։ Իր հաջողությունը հարթ պատմություն չի ներկայացնում։
Հանդիպումները շարունակվեցին։ Սկզբում գործարար կանայք էին գալիս։ Հետո շրջանակը լայնացավ։
Հանդիպման վերջում մարդիկ հեռախոսահամարներ էին փոխանակում։ Հետո մեկը մյուսին հաճախորդ էր ուղարկում։ Ոմանք ընկերանում էին, գնում իրար տուն, մասնակցում ընտանեկան հավաքույթների։ Այդ մասը Լուսինեն պատմում է առանձնակի հաճույքով։ Ամենից շատ ուրախանում է, երբ հանդիպումը ռեստորանի դռան մոտ չի ավարտվում։
Ոմանք դժգոհել են, որ նա փոխել է ռեստորանի ձևաչափը։ Լուսինեն չի զղջում։
- «Յանսը» մի ընտանիք, մի բիզնես տուն դարձրինք։
Գործարար հանդիպումների համար գումար չի վերցնում։
- Երբ մարդը փող է տալիս, հետո ասում է՝ սա արա, նա արա։ Ես ուզում եմ անել այնպես, ինչպես ճիշտ եմ համարում։
Եթե մեկը վճարի, վաղը կուզի առաջինը խոսել, երկար ներկայանալ, իր ուզած մարդուն հրավիրել։ Ծախսն ինքն է անում։
Իր ռեստորանի շահն էլ չի ծածկում։
- Ռեստորանը տեղ է, որտեղ մարդիկ ծախսում են իրենց ազատ գումարը։ Եթե գումար չունեն, ռեստորան չեն գա։
Նրան պետք է, որ իր շուրջը գտնվող գործարարները աշխատեն, հաճախորդ գտնեն, փող վաստակեն։ Իրեն բարեգործի տեղ չի դնում։ Մեկին հաճախորդ է ուղարկում։ Մեկ ուրիշից համայնքային միջոցառման համար սնունդ է խնդրում։ Երրորդի մասին տեսանյութ է հրապարակում։ Երբեմն միայն անհրաժեշտ հեռախոսահամարն է փոխանցում։ Այդ շրջանառության մեջ իր ռեստորանն էլ է ապրում։ Նա դրա համար չի արդարանում։
Ասում է՝ ամերիկահայ շատ գործարարների գործը դանդաղել է։
Վստահության մասին երկար չի խոսում։
- Մարդկանց երբեք չեմ խաբել։
Նրա վստահությունը մեծ հայտարարություններից չի սկսվել։ Սկսվել է զանգին պատասխանելուց, խոստացած համարը ուղարկելուց, մարդուն սխալ տեղ չտանելուց։ Դրա չափը պարզ է՝ երբ ասում է «գնա, քեզ օգուտ կտա», մարդիկ գնում են։
Հանդիպումների ժամանակ մի պահանջ ունի՝ խոսել հայերեն։ Ամեն նախադասության մեջ անգլերեն «so» չխառնել։ Այդ հարցում խիստ է։
Մի արտահայտություն հաճախ է կրկնում․
- Մենք ամբողջ աշխարհը Հայաստան ենք դարձնելու։
Հեռախոսը գրեթե միշտ ձեռքին է։ Ասում է՝ զբաղված լինելը պատճառ չէ երեխաների, մոր, ընկերների ու աշխատողների կյանքից անհետանալու։ «Չեմ ուզում որևէ մեկի կյանքից վերանալ»,- ասում է։
Ռեստորան եկած անծանոթի հետ էլ կարող է երկար նստել, եթե մարդը խոսելու կարիք ունի։ Պատմում է իր անցած ճանապարհից։ Մարդիկ, իր խոսքով, ավելի ոգևորված են հեռանում։ Մի կին Ֆրանսիայից գրել էր, որ ծանր աշխատանքային օրից հետո բացում է Լուսինեի էջը՝ նրա էներգիայից մի քիչ վերցնելու համար։ Այդ խոսքը Լուսինեն հիշում է գրեթե բառ առ բառ։
Հարցազրույցի կեսին այդ հեռախոսը նորից զանգում է։ Տասնհինգ հոգու պատվեր կա։
- Երկու գունդ քյուֆթա։ Հաճարով ու սնկով փլավ։ Տասը հոգու խաշլամա։ Յոթն անց կեսին, ամենաուշը՝ ութին։
Մի զանգն ավարտում է, մյուսն է սկսում։ Քյուֆթան ուրիշ տեղից պիտի բերեն։ Խաշլաման կա։ Հարյուր հիսուն դոլարը փոխանցում է «Zelle»-ով։
- Հենց հիմա ուղարկեցի։ Հարցազրույց եմ տալիս, երկար չեմ կարող խոսել։
Սեղմում է «Send» կոճակը։ Ստուգում է՝ փոխանցումն անցե՞լ է։ Հեռախոսը դնում է սեղանին։
- Աշոտ ջան, ի՞նչ էիր հարցնում, կներես։
Մինչև ժամը ութը ամեն ինչ պիտի սեղանին լինի։









































