Ու մի՛ մտածեք, թե Շաքին հեռու է...
3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2026.

Կրթության փորձագետը, ընտանեկան բռնության թեման որպես նոր հոբբի որդեգրածը ասելիք չունի՞ այն մասին, որ հայ կինը ստիպված է իր երեխաներին, իր իսկ տանը պաշտպանել զինված թշնամուց։
Թշնամուց, որի հետ «խաղաղության պարն» ենք պարում։ Իսկ այդ խաղաղության ամենապարզ երաշխիքը՝ սեփական տանն ապահով լինելու իրավունքը, ո՞վ է տալիս մեր երեխաներին։
Շաքիում տեղի ունեցածի մասին տուժածի քրոջ պատմածը շատ ավելի սարսափելի է, քան առաջին հաղորդագրություններից էինք պատկերացնում։
Արփի Ավետիսյանը «Ազատությանը» պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել քրոջ երեխաներին։ Օգնության հասած Անին տեսել է նրանց ուղղված ինքնաձիգը և ձեռքով փորձել փակել այն։ Կրակոցից կորցրել է ձախ ձեռքի երեք մատները։
Քրոջ խոսքով՝ երբ զինծառայողը փորձել է կրկին լիցքավորել զենքը, ձեռքից ու ոտքից վիրավոր մայրը դանակով դիմադրել է։ Հետո զինծառայողի հարվածներից ուշագնաց է եղել։ Մորից հետո դիմադրել է նրա 15-ամյա որդին՝ վնասելով դաստակը։
Կարդացե՞լ եք սա։ Մա՛յրն է իր ձեռքով փակել երեխաներին ուղղված զենքը։ Հետո երեխա՛ն է փորձել պաշտպանել մորը։
Այդ պահին որտե՞ղ էր նրանց պաշտպանելու պարտավորություն ունեցող պետությունը։ Ինչպե՞ս է զինված ադրբեջանցին հասել գյուղ, մտել տուն ու կանգնել երեխաների առաջ։ Ո՞վ է պատասխան տալու։
Պարում ենք հրապարակներում, տուրիստ եկած երգիչների համերգներին, փառատոններին: Իսկ մեր երկրի մի տան մեջ մայրը սեփական մարմնով փակում է երեխաներին ուղղված կրակը։
Կարելի՞ է մեկ տարի պակաս խեղկատակություն անել։ Պակաս ցուցադրական տոնախմբություն, պակաս ինքնագովազդ։ Չինովնիկների աշխատավարձերն ու պարգևավճարներն ավելացնելու փոխարեն այդ գումարներն ուղղել անվտանգությանը։ Ապահովել սահմանը, գյուղը, տունը։ Թե՞ դա «խաղաղության օրակարգից» դուրս է:
«Խաղաղություն» գոռացողնե՛ր, այս ընտանիքին ի՞նչ եք ասելու։ Ի՞նչ բառով եք բացատրելու մոր կորցրած մատներն ու երեխաների ապրած սարսափը։
Ես ուզում եմ խաղաղություն, որի պայմաններում երեխան դպրոցից տուն է գալիս ու ապահով է։ Մայրը նրան գրկում է՝ առանց սեփական ձեռքով ինքնաձիգ փակելու։
Ու մի՛ մտածեք, թե Շաքին հեռու է, իսկ ձեր տունն ապահով է միայն այն պատճառով, որ այս անգամ կրակոցն ուրիշի տանն է հնչել։
Անվտանգությունը պետության պարտականությունն է։ Մոր անձնազոհությունը չի կարող փոխարինել դրան։
ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ









































