top of page

Աղավնո գյուղի բնակիչները դիմել են Բայդենին ու Մակրոնին. «Մտցրեք մեզ նոր միջանցքի գոտու մեջ»

08.08.2022

Ազգային-ժողովրդավարական Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ ստացել է հետևյալ նամակ-դիմումը, որը ներկայացնում ենք ստորեւ.


ԲԱՑ ՆԱՄԱԿ- ԴԻՄՈՒՄ


Աղավնո համայնքի բնակիչներից՝


Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջո Բայդենին,


Ֆրանսիական Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնին,


Նիկոլ Փաշինյանին,


Ստեփանակերտի Արայիկ Հարությունյանին.


Պայմանավորված պատերազմի վերջնարդյունք-հայտարարության կետերի համաձայն՝ մինչ օրս շարունակվող հիբրիդային, զավթողական գործողությունների հետևանքով հայաթափվում է և կամովին թշնամուն է հանձնվում հավերժ Հայաստանի մաս եղած Արցախը: 2020թ. Նոյեմբեր 9-ի եռակողմ փաստաթղթի համաձայն մինչև երեք տարվա ընթացքում պիտի կառուցվեր նոր միջանցք՝ դեպի Սյունիքի մարզ: Աղավնո հայտնի գյուղն այս նոր տխրահռչակ միջանցքից ընդամենը 1200 մետր է հեռու, սակայն Աղավնոյի հայաթափումն ու փոխանցումն Ադրբեջանին՝ այլևս անխուսափելի է դառնում:


Այսօր Երևանի և Ստեփանակերտի վարչախմբերի դավադիր քաղաքականության արդյունքում շարունակաբար հայաթափվում են հազարամյա հայկական գյուղերն ու քաղաքները: Հաջորդը՝ ըստ Երևան-Բաքու գաղտնի պայմանավորվածության՝ համեմատաբար երիտասարդ Աղավնոն է լինելու:


Ձերդ գերազանցություն մեծարգո Նախագահ Ջո Բայդեն.


Ձերդ գերազանցություն մեծարգո Նախագահ Էմանուել Մակրոն.


Աղավնո գյուղի բնակչությունը խնդրում և հայցում է Ձեր գործուն և անհապաղ միջամտությունն ու միջնորդությունը՝ մտցնելու Աղավնո գյուղը նոր միջանցքի գոտու մեջ՝ կանխելու համար հումանիտար այս աղետը, որի արդյունքում մենք զրկվելու ենք մեր տներից, մեր կենսակերպից, մեր հայրենիքի ևս մի հատվածից և գուցե նաև մեր կյանքերից:


Իրականացվող գաղտնի գործարքը Երևանի և Բաքվի միջև՝ հանդիսանում է ոչ այլ ինչ՝ քան ցեղասպանության տարատեսակ և ի դեմս մեզ՝ փախստականների նոր խմբաքանակի առաջացում: Արցախի վարչախումբը՝ մեզ մոտ էմիսարներ է ուղարկել, որոնք բացահայտորեն մեզ կոչ են արել լքել մեր տները, որովհետև գյուղի դավաճանական փոխանցումից հետո անկարող են լինելու ապահովել մեր անվտանգությունը, իսկ տեղի ռուսական զորքը հեռանալու է այս տարածքից:

Մենք չունենք այլևս այլ հույս՝ քան ձեր՝ Մինսկի Խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ երկու պետությունների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների միջամտությունն ու միջնորդությունը՝ վերահաս և անխուսափելի թվացող հումանիտար աղետը կանխելու նպատակով:


Երևանի և Ստեփանակերտի վարչախմբերից մենք պահանջում ենք անհապաղ ձեռք առնել բոլոր միջոցները՝ Աղավնո գյուղը նոր միջանցքի՝ Կոռնիձորի միջանցքի մեջ ներառելու ուղղությամբ: 1200 մետրի հարց Բաքվի ձեր գործընկերոջ հետ դուք հաստատ կարող եք լուծել: Եթե, իհարկե, ցանկանաք: Դուք պետք է դա ցանկանաք: Դուք պարտավոր եք դա ցանկանալ:


Աղավնո համայնքի բնակիչներ


7 օգոստոսի, 2022թ.

Աղավնո, Բերձոր, Հայաստան

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page