top of page

Արայիկ Հարությունյանը դեմ չէ, որ արցախցիներն անցնեն ադրբեջանական անցակետով

09.07.2023

Ինչո՞ւ է Արցախի իշխանությունը խախտել իր իսկ սահմանած կարմիր գիծը, և որոշում կայացրել, որ արցախցիները պետք է օգտվեն Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետից։ Այս հարցի պատասխանը «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամները նախօրեին կայացած հանդիպման ժամանակ փորձել են պարզել հենց նախագահ Արայիկ Հարությունյանից։


Հանդիպմանը մասնակցած Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով, Արայիկ Հարությունյանը ադրբեջանական անցակետից օգտվելու որոշումը բացատրել է հանրային պահանջով. - «Քննարկել ենք, թե ո՞րն այն դրդապատճառը, երբ որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ դա կարմիր գիծ է և մեր համար անընդունելի, չգիտենք ինչ-ինչ պատճառներով այսօր դա կարմիր գիծ չէ, և արդեն իշխանության կողմից որոշում է ընդունվել, որպեսզի քաղաքացիները անցնեն։ Արայիկ Հարությունյանը փորձեց դա ներկայացնել որպես հանրային պահանջ, փորձել է մեզ բացատարել, որ դա հանրային պահանջ է, շատ մարդիկ տարբեր հարցեր ունեն, խնդիրներ ունեն։ Չնայած մինչև այդ էլ Կարմիր խաչը... մեր համար էն ժամանակ ընդունելի էր, որ Կարմիր խաչի միջոցով մեր հիվանդներին տեղափոխենք։ Սակայն տեսնում ենք, որ արդեն շատ ավելի լայն շրջանակներ են սկսել օգտվել, որը անընդունելի է մեր համար»։


Հանրային շարժման անդամները, որտեղ ընդգրկած են Արցախի խորհրդարանի չորս ուժերը տարբեր հասարակական գործիչներ, նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, չեն համաձայնել Արայիկ Հարությունյանի պնդմանը, թե ադրբեջանական անցակետով անցնելու հանրային պահանջ կա Արցախում։


Դավիթ Գալստյանի փոխանցմամբ, դա են վկայում նաև Արցախում իրականացրած ստորագրահավաքը, որին միացել է 60 հազար արցախցի։ Այլ հարց է, որ իր որոշումը արդարացնելու համար Արայիկ Հարությունյանը փորձում է մեղքը կրկին բարդել հանրության վրա. - «Չհամաձայնվեցինք, բերեցինք այնտեղ շեշտադրումները, որ 60 հազարից ավել քաղաքացիներ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժմանը երբ որ նույն Արայիկ Հարությունյանը միացել է և իր ստորագրությունն է դրել, էնտեղ ևս գրված է որպես կարմիր գիծ այդ անցակետը։ Եվ 60 հազար Արցախում բնակվող մեր հայրենակիցները ստորագրել են, որ այո, դա անընդունելի է, դա կարմիր գիծ է։ Բայց այսօր իշխանությունները դա հանրային պահանջ են ձևակերպում, որը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»։


Դավիթ Գալստյանն ասում է, որ ադրբեջանական անցակետում խնդիրներ են առաջանում արցախցիների համար։ Փակագծեր չբացելով, ընդդիմադիր պատգամավորը միայն ասաց, թե այն վերաբերմունքը, որին արժանանում են Հայաստան գնացող կամ Արցախ վերադրաձող անձինք, անընդունելի է. - «Ինֆորմացիա կա, որ շատ ավելի խնդիրներ են առաջանում էդ շփման պահին, որը որ չեն բարձրաձայնում։ Թե ինչպիսի վերաբերմունք է լինում, դա անընդունելի է։ Գնացողներից շատերը ասում են, որ դա հային վայել չէ։ Կոնկրետ ինչը, ես չեմ կարող ասել, բայց խոսալով մարդկանց հետ, ովքեր որ գալիս են, գնում են, խոսում են, որ շատ անհարգալից վերաբերմունք է լինում, որը որ անընդունելի է, հային վայել չէ այդ ճանապարհով գնալը, մարդիկ փոշմանում են, որ գնացել են, հիմա մտածում են, որ չեն կարողանալու գան»։


Արցախի նախագահի հետ հանդիպման մասնկացած «Արդարություն» խմբակցության ղեկավարն ասաց, թե Արայաիկ Հարությունյանից նաև չեն ստացել այն հարցի պատասխանը, թե արդյոք կան երաշխիքներ, որ ադրբեջանական անցակետով արցախյան պատերազմին մասնակցած անձինք կարող են անվտանգ անցնել. - «Այդ հարցերի պատասխանը մենք չստացանք։ Չկա հայկական կողմից որևէ երաշխիք, որևէ գործողություն չենք տեսնում, որ եթե հանկարծ խնդիր ստեցծեն, ինչպե՞ս ենք մենք վերաբերվելու, ի՞նչ ենք մենք անելու։ Հույսներս ամբողջովին ռուս խաղաղապահների վրա է, հայկական որևէ երաշխիք չկա։ Ռուսական միգուցե կա, ես տեղյակ չեմ»։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page