top of page

Պետակա՞ն, թե՞ պաշտոնական լեզու

19.02.2021

Արցախի պետական լեզուն ինչպես եղել, այնպես էլ մնում է հայերենը, իսկ պաշտոնականի դեպքում հայերենին գումարվում է նաև ռուսերենը։ Սա այն դեպքում, եթե ԱՀ պատգամավորների` «Լեզվի մասին օրենքում» փոփոխություններ առաջարկելու նախագիծը հավանության արժանանան խորհրդարանի մեծամասնության կողմից։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ պատգամավոր, նախագծի համահեղինակ Արամ Հարությունյանը։


Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական, մշակութային մի շարք հանգամանքներ, իսկ հետպատերազմյան շրջանում դրանց է գումարվել նաև ռուս խաղաղապահների տեղակայումը։


«Հաշվի ենք առել Արցախի և Ռուսաստանի հետ հարաբերությունների պատմական հիշողությունը, նաև այն, որ արցախցիների բացարձակ մեծամասնությունը շատ լավ տիրապետում է ռուսերենին։ Բացի այդ, Արցախում հիմա խաղաղապահ ուժեր կան, որոնց հետ մեր պետական համակարգն էլ է առնչվում, հասարակական հատվածը, քաղաքացիները»,- ասաց նա։


Նա ևս մեկ անգամ հորդորեց չշփոթել պետականը պաշտոնականի հետ։ Պատգամավորի խոսքով` շփոթմունքը որոշ դեպքերում մանիպուլյացիայի առիթ է դառնում։


«Կան հակառուսական ուժեր կամ գրանտային կազմակերպություններ, որոնք հիմնականում կառավարվում են Արևմուտքից և փորձում են մանիպուլացնել այս հարցը, լրիվ այլ լույսի տակ ներկայացնել, և կա մի հատված, որը պարզապես շփոթության մեջ է»,- նշեց Հարությունյանը։


Շփոթության մեջ չընկնելու և բոլոր հարցերի պատասխաններն ունենալու համար օրենսդիրի ներկայացուցիչն առաջարկում է բոլոր հիմնավոր մտահոգությունները ներկայացնել. պատրաստ են քննարկել։


«Պետք է տարանջատենք իրական քննադատներին և բոլոր նրանց, ովքեր դա անելու շարժառիթներ ունեն։ Այս նախագիծը կարելի է երկար քննարկել և օպտիմալ լուծումներ գտնել»,- հավելեց Հարությունյանը։


Հիշեցնենք`Արցախի Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի և հանձնաժողովի անդամներ Գագիկ Բաղունցի ու Մետաքսե Հակոբյանի հեղինակած նախագծով առաջարկվում է փոփոխել «Լեզվի մասին օրենքը»։ Առաջարկվում է Արցախում պաշտոնական լեզու դարձնել, բացի հայերենից, նաև ռուսերենը։ Փոփոխություններ են նախատեսվում օրենքի ևս մի քանի դրույթներում, ինչը հասարակության շրջանում մտահոգությունների և քննարկումների առիթ է դարձել։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page