top of page

ՌԴ էժանագին արձագանքը Ֆրանսիայի նախաձեռնությանը

30.08.2023



Ռուսաստանը Բերձորի միջանցքի ռեժիմը 2022-ի օգոստոսին փոխելուց հետո Հայաստանի առջեւ կանգնած է ուղիղ, իր դեմքով։ Անխուսափելիորեն պետք է գար այն պահը, որ Մոսկվան արդեն պիտի դեն նետեր փրկչի դիմակները եւ ուղիղ հայտարարեր Արցախը ցեղասպանելու եւ Հայաստանի պետականությունը վերացնելու իր ծրագրերի մասին։

Դա տեղի ունեցավ հուլիսի 15-ին, ՌԴ ԱԳՆ հայտնի հայտարարության հրապարակմամբ, որից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հրապարակեց իր անունով պլանը։ Մոսկվան երկար ժամանակ պատրվակ էր փնտրում դրա համար, ավելի ճիշտ՝ այն պահել էր իր ծրագրերի վճռորոշ փուլի համար։ Պատրվակը հետեւյալն է՝ «Նիկոլ Փաշինյանը ճանաչել է ազերբայդժանի տարածքային ամբողջականությունը»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր անդրադարձել է Արցախ շարասյուն ուղարկելու Ֆրանսիայի նախաձեռնությանը եւ հայտարարել, թե «մենք բազմիցս ասել ենք այն մասին, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, որոնք չեն կրկնօրինակում և, առավել ևս, չեն խաթարում այդ ջանքերը; ․․․ անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտող կողմերի դիրքորոշումը: Առանց դրա, իրավիճակի կարգավորման հարցում առաջընթացի վրա հույս դնելն իմաստ չունի։ Սա ցանկացած միջնորդության ալֆան և օմեգան է»:

Նա ասել է նաեւ, որ «Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ, անարդարացի»։

Հայաստանի հանդեպ ՌԴ թշնամական ծրագրերն այլեւս հնարավոր չէ քողարկել ողորմելի «փաստարկներով», որոնք որեւէ հիմք չունեն։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը երբեք միջնորդ չի եղել, այլ՝ հակամարտության կողմ՝ ընդդեմ Հայաստանի։ Փաստերը բազմաթիվ են, բավական է միայն նշել, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Մոսկվան որեւէ անգամ Բաքվին չի կշտամբել եռակողմ հայտարարության դրույթները խախտելու համար, քայլեր չի ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ, փոխարենը միշտ լուտանքներ է թափել Հայաստանի հասցեին։ Զախարովայի բոլոր ճեպազրույցները դրա վկայությունն են։ Հաջորդը․ Նիկոլը շատ բան կարող է դուրս տալ, այդ թվում բանավոր ճանաչել «ազերբայդժանի տարածքային ամբողջականությունը»։ Նախ, նա դրա իրավասությունը չունի, երկրորդ՝ կա՞ որեւէ ստորագրված փաստաթուղթ։ Հայաստանի որեւէ պետական մարմին ընդունե՞լ է նման որոշում։

Հաջորդը, անկախ նրանից, թե ինչեր է դուրս տվել Նիկոլը, նոյեմբերի 9-ի թուղթը պաշտոնապես չեղարկված չէ, ըստ այդմ՝ վերացված չէ Բերձորի 10 կմ լայնությամբ միջանցքի արտատարածքային կարգավիճակը, ըստ այդմ՝ այնտեղ չպետք է լինի ազերբայդժանի ռազմական ու ոստիկանական ներկայություն, համաձայն ՌԴ ստանձնած պարտավորության։ Բերձորի միջանցքը կապ չունի «ազերբայդժանի տարածքային ամբողջականության» հետ։

Նիկոլի դերն այլ է՝ Մոսկվա-Բաքու-Երեւան եռակողմ ոճրի, այդ թվում միջանցքը ռուսների երաշխավորությամբ Բաքվի վերահսկողությանը հանձնելու գործընթացի «լեգիտիմացման» փորձ բանավոր պայմանավորվածություններով, ինչի մասին Մոսկվան իհարկե չի խոսի։ Սակայն դա չի փոխում վիճակը։

Հաջորդը՝ Նիկոլը «ազերբայդժանի տարածքային ամբողջականությունը» բանավոր ճանաչել է, ըստ ՌԴ ԱԳՆ՝ 2022-ի հոկտեմբերին, այնինչ Մոսկվան Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացման գործընթացը մեկնարկել է նույն տարվա օգոստոսին, փոխելով միջանցքի ռեժիմը։

Հաջորդը․ Լավրովը ժամանակին տրտնջում էր, թե արեւմտյան գործընկերները հրաժարվում են Ռուսաստանի հետ գործակցությունից եւ հայերի շահերի պաշտպանությունից, իսկ հայաստանյան ռուսապատկան ագենտուրան էլ՝ իր հերթին տրտնջում, թե Ռուսաստանը հիմա տկար է, ուշադրությունը շեղված է Ուկրաինայի վրա, թուրքերի հետ պայմանավորվածություններ ունի եւ այլն։ Եթե այդպես է՝ ինչու է Ռուսաստանը մի քանի անգամ տապալել ՄԱԿ ԱԽ-ում հայկական հարցերով քննարկումները Բաքվի շահերը հաշվի առնելու պատճառաբանությամբ եւ թշնամաբար արձագանքել արեւմտյան նախաձեռնություններին․ չէ՞ որ դրանք ինքնին օգնություն էին Ռուսաստանին, այդ թվում միջանցքը բացելու հարցում, եւ առիթ՝ թուրքերի առաջ արդարանալու, եթե իհարկե հավատանք այդ ագենտուրային դեբիլություններին։

Ստեղծված իրավիճակում «կողմերի շահերը հաշվի առնելու» պատճառաբանությունն ընդամենը վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանը հակամարտության կողմ է եւ Բաքվի շահերի երաշխավոր։

ՄԱԿ ԱԽ-ում Արցախի խնդրով քննարկումներին Ռուսաստանի ներկայացուցչի ելույթից հետո ամեն ինչ տեղն ընկավ։ ՌԴ-ն անցել է Արցախը ցեղասպանելու իր հանձնառության վճռորոշ փուլին՝ զինաթափմանը եւ բնիկ մեծամասնության արտաքսմանը։

Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page