top of page

Ռուսահայության «սումգայիթյան գիշերը»

24.07.2020

Գիշերը ազերիների ոհմակները Մոսկվայում եւ մերձմոսկովյան շրջանում հարձակումներ են գործել հայերի վրա, կան տուժածներ, վնասվել է հայերին պատկանող գույքը: Ըստ Ռուսաստանի հայերի միության հաղորդագրության, ձերբակալվել են 50 ադրբեջանցիներ:


ՌՀՄ հայտարարության մեջ մի հատկանշական ձեւակերպում կար՝ «Իլհամ Ալիեւն ու Բյուլբյուլ օղլին ամեն ինչ անում են Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար»։ Իսկապես ձեռագիրը նույնն է, եւ մի անգամ սովետական իշխանության ու բանակի հայացքի ներքո սումգայիթ կազմակերպած բարբարոսները չէին կարող չունենալ արդեն Ռուսաստանն այդպիսին դարձնելու գայթակղությունը:


Այս իրադարձությունները հետեւեցին Տավուշի ռազմական գործողություններին (ի դեպ, ռուս «պրոհայկական» փորձագետներից մեկն իր հոդվածներում համառորեն օգտագործում է «Թովուզ» ադրբեջանական ձեւը), որի ժամանակ Բաքուն ռազմական ու հոգեբանական լուրջ հարվածներ կրեց: Թուրքիան բացահայտ աջակցեց իր դաշնակցին՝ Բաքվին, իսկ Ռուսաստանը, ըստ նույն փորձագետի՝ հավասար հեռավորություն պահեց իր դաշնակցից՝ Հայաստանից, ու Ադրբեջանից:

Զուգահեռ Ռուսաստանում սկսեցին խնդիրներ առաջանալ հայկական գյուղմթերքի վաճառքի հետ կապված: Ադրբեջանցիներին պատկանող շուկաներն ու ցանցերը հրաժարվում էին ընդունել հայկական գյուղմթերքը, թեեւ Հայաստանը գտնվում է դաշնակցային մեկ այլ տնտեսական ձեւաչափում՝ ԵՏՄ-ում:


Զուգահեռ էլ հայկական ազգանուններով պրոպագանդիստները սկսեցին փնովել Հայաստանին ու հայ ժողովրդին (իհարկե դա քողարկելով իշխանության քննադատության շղարշի տակ. նույն մեթոդն էր կիրառվում նաեւ նախորդ բոլոր վարչակարգերի օրոք):


Այդ ժամանակ տեղի ունեցավ անսպասելին՝ հայ համայնքը սկսեց գնել հայկական գյուղմթերքը: Այդ ակցիան հիշեցնում էր Ֆինլանդիայում տեղի ունեցած կարագի ակցիան, երբ ֆինները գնեցին Ռուսաստանի պատժամիջոցների տակ հայտնված կարագի ողջ խմբաքանակը, թույլ չտալով ֆիննական գործարանի սնանկացումը:

Ռուսահայ համայնքի այս ակցիան իսկապես տպավորիչ էր, նկատի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքների համեմատ ռուսահայ համայնքն ամենաիրավազուրկն է: Ավելին, համայնքը մի տեսակ պատանդի կարգավիճակում է եւ լուրջ տնտեսական ու հոգեբանական լծակ է Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության համար: Չհաշված արդեն հայկական ազգանուններով պրոպագանդիստներին, որոնք օգտագործվում են ամենակեղտոտ ձեւով:


Իրավիճակը փայլուն է ներկայացրել Հայաստանից Մոսկվա արտահանված բերքի իրացման գլխավոր մոբիլիզացնողը՝ հանդիսավար Էդգար Համբարձումյանը: Կատարվածը, ըստ Էդգարի, ևս մեկ անգամ վկայեց, որ Ռուսաստանում պետք է ունենալ հայկական շուկա, դպրոցներ, հեռուստատեսություն: «Մենք էստեղ կոտրված ենք, համակարգն ամեն ինչ անում է, որ չլինի էդ հայկական ուժը»:


Էդգարը փաստացի ձեւակերպել է հայ-ռուսական հարաբերությունների խորքային, դարերի պատմություն ունեցող «կոդը», ի տարբերություն ներկայում հայաստանյան այսպես ասած քաղաքագիտական շրջանակներում ընդունված ու շրջանառվող պրիմիտիվ ու կենցաղային մակարդակի թեզերի:


Եվ ահա, «ծիրանի բունտին» հետեւեց սումգայիթյան գիշերը: Բաքուն ողջ աշխարհում անցել է այդ մարտավարությանը, մարտի դաշտում չկարողանալով լուծել իր խնդիրները: Դա ավելի հոգեհարազատ մեթոդ է մերձկասպյան արեւմուտքի բարբարոսացված հանրության համար: Մոսկվան կրկի՞ն կպահի «հավասար հեռավորություն», սեփական տարածքը կհանձնի՞ բարբարոսներին, թե վերջ կտա նման փորձերին՝ կերեւա առաջիկա քայլերից:


Անկախ դրանից, սակայն, ռուսահայ համայնքը պետք է մտածի իր որոշակի սուբյեկտության մասին, Էդգարի նշած կետերի շուրջ, որոնք ներառում են տնտեսական ու քաղաքական բաղադրիչները: Իր հերթին, այս իրադարձություններն առիթ են Հայաստանի իշխանության ու քաղաքական դասի համար՝ լրջորեն տեր կանգնել ու աջակցել ռուսահայ համայնքի սուբյեկտության գործընթացին, քաղաքական արատավոր սխեմաները բացառելու համար:


Ադրբեջանցիների գիշերային հարձակումները նախադեպ են, եւ դրանք ըստ ամենայնի շարունակվելու են, եւ դրան դիմակայելու լավագույն ձեւը համայնքի ուժեղացումն է բոլոր առումներով: Այդպիսով, այն Հայաստանի դեմ լծակից կվերածվի լուրջ կամրջող գործոնի, նպաստելով Հայաստանի ու Ռուսաստանի նոր որակի հարաբերություններին: Դրան այլընտրանք չկա թե Հայաստանի եւ թե հատկապես Ռուսաստանի համար, որին թուրքերը խոստացել են պայթեցնել ներսից:


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page