top of page

Արցախը դառնում է ռուսական

30.12.2020

Արցախի ԱԽ քարտուղար, դե ֆակտո ղեկավար Վիտալի Բալասանյանի հայտնի հարցազրույցը Արցախի Հանրային հեռուստաընկերությանը կարելի է համարել Արցախի մասով ռուսական ծրագրի վերաշարադրանք-բացահայտում:

Դրան անդրադարձել են քաղաքագետ Սարո Սարոյանը եւ Հրաչյա Արզումանյանը, նշելով հիմնական բովանդակային թեզերը:


Ըստ Սարո Սարոյանի, «Վիտալի Բլասանյանն իր հարցազրույցում մատնանշեց Արցախի քաղաքական ապագան։ Ըստ այդմ՝ Արցախը դառնում է կրկին Լեռնային Ղարաբաղ, այնտեղ հաստատվում է ռազմական դիկտատուրա՝ հայ-ռուսական համատեղ ղեկավարմամբ, Պաշտպանության բանակը դուրս է բերվում ՀՀ ՊՆ ենթակայությունից, վարչական ինստիտուտները վերակողմնորոշվում են դեպի Ռուսաստան, սոցիալ-տնտեսական կյանքի պատասխանատվությունը ստանձնում է Կրեմլը, հանրությունը շարժվում է կատարյալ ռազմականացման ճանապարհով՝ զինծառայությունը վերածվում է մշտական մասնագիտության եւ դառնում է գրեթե բոլոր տղամարդկանց համար պարտադիր, ամբողջությամբ սահմանափակվում են քաղաքացիների տեղաշարժի, խոսքի, խղճի եւ այլ ազատությունները։ Դեռեւս անհայտ են Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների բնույթը, գործառույթային առնչակցությունը»։


Հրաչյա Արզումանյանն, իր հերթին, նշում է, որ «Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը ստեղծել էին դե-ֆակտո միավորված պետություն` պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի, դատախազության (ուժային բլոկ), ֆինանսների եւ հարկերի, կրթության, սոցիալական, առողջապահության եւ այլ ոլորտների միասնական հաստատություններով: Լեռնային Ղարաբաղի ԱԽ Քարտուղարը խոսում է ուժային բլոկի «վերաենթարկեցման» մասին, ինչը նշանակում է միասնական հրամանատարությամբ եւ կառավարմամբ միացյալ պետության անվտանգության համակարգի դե-ֆակտո կազմաքանդում: … Մեր աչքի առջեւ հայկական պետականության զարգացումը 30 տարով ետ են շպրտում` 1989-90թթ., երբ ԼՂԻՄ-ը լուծարվեց եւ փոխարինվեց Հատուկ կառավարման կոմիտեով` Վոլսկու ղեկավարությամբ, իսկ Հայաստանի Անկախության հռչակագիրը դեռ ընդունված չէր: Եւ, երեւում է, հայկական պետությունում ոչ ոք սա չի տեսնում, որեւէ մեկը դրա հետ գործ չունի»:


Ի մի բերելով այս հստակ հարցադրումներն ու ընդգծումները, կարելի է ամբողջացնել պատկերը: Սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմը Հայաստանի երաշխավորված պարտությամբ ծրագրված սցենար էր, որի հեղինակը Ռուսաստանն է: Արցախը կտրվում է Հայաստանից՝ ռուսական ռազմական ներկայությամբ, կազմաքանդվում է ձեւավորված անվտանգության միասնական համակարգը, խոցելի դարձնելով Հայաստանի սահմանները եւ ոչնչացնելով ինքնիշխանությունը: Հայաստանի տարածքը «մասնատվելու է» այսպես կոչված անվտանգության գոտիներով, որի մասին խոսում են Մոսկվան, Բաքուն ու Անկարան:


Վիտալի Բալասանյանը շարադրել է այդ ծրագրի «ներքին դետալները», իսկ Հադրութի ու մնացած բնակավայրերի վերադարձի մասին նրա խոստումները ոչ այլ ինչ են, քան իր հայտարարությունների, իսկ ավելի լայն՝ ռուս-թուրքական հակահայ ծրագրի ծանր նստվածքը ցրելու փորձ, կամ դրա «գինը»: Արցախի հարավի եւ Հադրութի հանձնումը ռուսական ծրագրի մասն էր՝ ռազմական ներկայությունը հաստատելու, ինչպես նաեւ Սյունիքի ուղղությամբ տարածքը «մաքրելու» նպատակով: Եթե լիներ Հադրութը վերադարձնելու մտադրություն, կպահեին Խծաբերդ-Հին Թաղեր հայկական գիծը, որը հանձնվեց ռուս խաղաղապահների ժամանումից հետո:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page